«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀԱՀ-ում հայտարարել են «օմիկրոնի» դեմ Pfizer պատվաստանյութի ոչ բարձր արդյունավետության մասին

12/12/2021

Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեմ Pfizer պատվաստանյութի երկու չափաբաժինների արդյունավետությունը կազմում է 22,5 տոկոս, ասված է Հարավաֆրիկյան Հանրապետության գիտնականների հետազոտության մեջ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Pfizer ընկերությունը հայտնել էր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երեք դեղաչափերը չեզոքացնում են «օմիկրոն» շտամը, իսկ պատվաստանյութի երկու դեղաչափերը կարող են բավարար չլինել դրանից պաշտպանվելու համար:

«Ըստ գնահատականների՝ այն («օմիկրոնի» չեզոքացման մակարդակը) համապատասխանում է ախտանշաններով վարակի դեմ պատվաստանյութի 22,5 տոկոս արդյունավետության մակարդակին, ինչի պատճառով … հարցականի տակ է դրվում պատվաստանյութի՝ վարակից պաշտպանելու ունակությունը», – նշվում է բժշկության բնագավառում գիտական հոդվածների նախահրապարակման MedRxiv պորտալում հրապարակված տեքստում։

Սակայն, հետազոտողների կարծիքով, պատվաստանյութը կարող է պաշտպանել հիվանդության ծանր ընթացքից։

Հետազոտությանը մասնակցել են Հարավաֆրիկյան Հանրապետության Առողջապահության աֆրիկյան հետազոտական ինստիտուտի և երկրի այլ հաստատությունների գիտնականները: Նրանք ուսումնասիրել են 12 մարդու արյան պլազմայի նմուշները։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արտահերթ նիստի արդյունքներով որոշում է կայացրել ՀԱՀ-ում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տարբերակը դասակարգել որպես անհանգստություն առաջացնող: Նոր B. 1. 1. 529 շտամն ԱՀԿ-ն հունական «օմիկրոն» տառով է անվանել։