«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանագետ. «Կարելի է փաստել, որ Զարիֆի կողմից Հայաստանին արվել է համագործակցելու առաջարկ»

07/02/2021

Հարցազրույց իրանագետ Գարիկ Միսակյանի հետ

-Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն հունվարին տարածաշրջանային այց կատարեց ՝ այն սկսելով Բաքվից: Ի՞նչ խնդիր է փորձում լուծել Իրանն՝ ըստ Ձեզ: Որո՞նք էին Իրանի գլխավոր դիվանագետի այցերի առաջնային նպատակները:

-Պետք է փաստել, որ Արցախյան վերջին պատերազմից հետո Հարավային Կովկասում հաստատվել է նոր աշխարհաքաղաքական իրավիճակ, եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը որոշակիորեն զիջել է իր աշխարհաքաղաքական դիրքերը տարածաշրջանում։ Այս իրավիճակում ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի տարածաշրջան այցի օրակարգի առանցքային թեման Արցախյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված իրավիճակի շուրջ քննարկումներն են, տարածաշրջանում տնտեսական համագործակցության հեռանկարը, կոմունիկացիոն հարցերը եւ, իհարկե, աշխարհաքաղաքական նոր իրավիճակում ԻԻՀ հետագա անելիքները։

Պատերազմի օրերին Իրանը փորձեց միջնորդական դերակատարություն ստանձնել եւ ավելի գործուն կերպով ներգրավվել տարածաշրջանային քաղաքական գործընթացներում, սակայն փոխարտգործնախարար Սեյեդ Աբաս Արաղչիի այցը հաջողություն չունեցավ այդ առումով եւ, կարելի է ասել, ժամանակավրեպ էր։ Սակայն հետպատերազմական իրավիճակում Իրանը հատկապես Ադրբեջանի Հանրապետության տարածքում զիջել է իր դիրքերը Թուրքիային նաեւ փափուկ ուժի առումով, իսկ ընդհանուր Հարավային Կովկասում ներկա պահին իր ազդեցությամբ զիջում է տարածաշրջանային մյուս պետություններին՝ ՌԴ-ին ու ԹՀ-ին։ Այս փաստերը հաշվի առնելով՝ ներկայում Իրանի ԱԳՆ ղեկավարությունը փորձում է կոմպենսացնել այդ բացը՝ մեծացնելով թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ներգրավվածությունը։ Նախքան Ջ․ Զարիֆի տարաշրջանային այցը Իրան էր մեկնել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը, որի այցի շրջանակներում ստորագրվել էին տնտեսական համագործակցության շուրջ պայմանագրեր։ Ապա Իրանում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը, որի այցելության հիմնական նպատակը տնտեսական համագործակցության զարգացումն էր։

-Ջավադ Զարիֆը Բաքվում իր ուրախությունը հայտնեց Ադրբեջանի կողմից տարածքները «ազատագրելու» համար, Երեւանում էլ հայտարարեց, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է Իրանի համար: Արդյոք Իրանի համար ԼՂ հակամարտությունը լուծելի է բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում:

-Մինչ Իրանի պաշտոնական շրջանակների կողմից հնեցված հայտարարություններին անդրադառնալը պետք է նշել, որ պատերազմից հետո հատկապես կապիտուլացիոն փաստաթղթի ստորագրության եւ հայ պաշտոնյանների որոշ ակնհայտ պարտվողական հայտարարությունների պայմաններում Իրանի ղեկավարության մոտ տեղի է ունեցել հռետորաբանության ակնհայտ փոփոխություն։

Իրանը, կորցնելով իր աշխարհաքաղաքական ազդեցությունը Ադրբեջանի եւ Նախիջեւանի Ինքանավար Հանրապետության վրա, փորձում է այս փուլում ապահովել տնտեսական լուրջ ներկայություն Ադրբեջանում՝ նաեւ ներգրավվելով Բաքվի կողմից օկուպացված մերձարաքսյան տարածքներում նախատեսվող շինարարական աշխատանքներին։ Այսինքն՝ իրանական կողմը եւ հատկապես Հասան Ռուհանիի կառավարությունը, որի արտաքին քաղաքական հիմնական կարգախոսն է «զրո խնդիր հարեւանների հետ», աշխարհաքաղաքական շահը կառավարման վերջին փուլում ստորադասում է տնտեսականին՝ նաեւ հռետորական մակարդակում Բաքվի համար ակնհաճո հայտարարություններ անելով։ Միեւնույն ժամանակ պետք է փաստել, որ իրանական կողմը գրեթե միշտ հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մասին՝ ունենալով նաեւ սեփական ներքաղաքական խնդիրները ազգերի ինքնորոշման իրավունքի հետ կապված։

Իսկ Երեւան կատարած այցելության ընթացքում իրանական կողմից եղան մի քանի հետաքրքիր հայտարարություններ։ Նախ նշվեց, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները Իրանի համար կարմիր գիծ են համարվում։ Այս հայտարարությունը նախ կապված է այն հանգամանքի հետ, որ Մեղրիի միջանցքի ստեղծման պայմաններում փաստացիորեն կտրվելու է հայ-իրանական ցամաքային սահմանը, ինչը ռիսկային է նաեւ Իրանի համար։

Իրանական փարձագիտական եւ ազգայնական շրջանակներում նախքան Զարիֆի այցն էլ եղել են բազմաթիվ հայտարարություններ, որ այս միջանցքը կարող է ծառայել թուրանական եւ պանթյուրքիստական շրջանակների քաղաքական նպատակների համար։ Եթե համեմատենք նախապատերազմական շրջանի հայտարարությունների հետ, ապա պետք է նշել, որ Իրանը, անգամ հայտարարելով, որ սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, երբեք չի նշել, որ դա Իրանի համար կարմիր գիծ է հանդիսանում՝ փաստացի չառարկելով այդ տարածքների վրա Հայաստանի վերահսկողությանը։

Արցախյան հակամարտության լուծման հետ կապված ներկա իրավիճակը հաշվի առնելով՝ իրանական փորձագիտական եւ վերլուծական շրջանակներում հիմնականում քննարկվում է այն, որ ներկա պահին բանակցային օրակարգի հիմնական թեման կարող է լինել Արցախի իրավական կարգավիճակի որոշումը։

-Ագրեսիայով եւ պատերազմում անմիջական մասնակցությամբ Հարավային Կովկաս վերադարձած Թուրքիան, կարծես, փորձում է իր վերադարձն ամրապնդել քաղաքական ակտիվ նախաձեռնողականությամբ: Վերջերս Անկարան տարածաշրջանային երկրներին առաջարկեց 3+3 ձեւաչափը՝ ԼՂ հարցի կարգավորմանը փորձելով ներքաշել իրեն, Իրանին ու Վրաստանին: Թեհրանը ողջունել է գաղափարը, բայց ինչպիսի՞ն է Իրանի ընկալումն այս առաջարկի վերաբերյալ ընդհանրապես՝ հաշվի առնելով նաեւ այն, որ կա միջազգայնորեն ընդունված միայն մեկ ձեւաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը:

-Իրանը վերջին տարիների ընթացքում բազմիցս հայտարարել է տարածաշրջանային ձեւաչափով բանակացային գործընթաց սկսելու իր ցանկությունների մասին, իսկ Արցախյան վերջին պատերազմի արդյունքում, երբ պատերազմական գործողությունները դադարեցվեցին բացառապես ՌԴ ջանքերով եւ, կարելի է ասել, առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների ներգրավման, տարածաշրջանային ձեւաչափով բանակցային գործընթաց սկսելու օրակարգն ավելի ակտուալ դարձավ։

Իրանը, հաշվի առնելով, որ Թուրքիան փաստացի արդեն ներգրավված է Հարավային Կովկասի քաղաքական գործընթացներում, ցանկանում է տարածաշրջանային ցանկացած ձեւաչափով բանակցային գործընթացներում ապահովել իր ներգրավվածությունը։ Իրանի ԱԳ նախարարի կողմից եղել են հայտարարություններ, որ Իրանը ցանկություն ունի եւ՛ 3+3 ձեւաչափով, եւ՛ առանձին երկկողմ ու եռակողմ ձեւաչափերով ներգրավվածություն ունենալ Հարավային Կովկասի քաղաքական եւ տնտեսական գործընթացներում։

-Պատերազմից հետո էլ Իրանը խոսում է Հարավային Կովկաս ներմուծված ահաբեկիչների մասին, սակայն խուսափում է բացահայտ ասել, թե ովքեր են նրանց բերել իր սահմանների մոտ: Ըստ Ձեզ՝ ո՞րն է սրա պատճառը, եւ ընդհանրապես ինչպիսի՞ մտահոգություններ կան Իրանում այս խնդրի վերաբերյալ: Ի վերջո, ծայրահեղականների ու ահաբեկիչների գործընկերները նրանց այստեղից չեն հեռացնի՝ ընդամենը հայտարարություններ ու մտահոգություններ լսելով:

-Երեւանում Իրանի ԱԳ նախարարի՝ ահաբեկիչների վերաբերյալ հայտարարությունը կարելի է համարել այս տարածաշրջանային այցի կարեւոր հայտարարություններից, քանի որ Իրանը, նորից այս թեման միջազգային ասպարեզում բարձրաձայնելով, փորձում է նաեւ հակաահաբեկչական պայքարի անվան տակ մուտք գործել Հարավային Կովկաս։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ այդ հայտարարությունը կատարվել է Երեւանում, եւ նշվել, որ ահաբեկիչների ներկայության փաստը հայ-իրանական ընդհանուր մտահոգության առարկա է հանդիսանում։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ կարելի է փաստել, որ Զարիֆի կողմից Հայաստանին արվել է այս ոլորտում համագործակցելու առաջարկ։

Չնայած Իրանի կողմից բացահայտ չի հայտարարվում, որ ահաբեկիչները տարածաշրջան են ներմուծվել թուրք-ադրբեջանական ուժերի կողմից, սակայն հայտարարությունների ձեւաչափը եւ այն, որ ահաբեկիչների ներկայության անթուլատրելի լինելու հանգամանքը ԻԻՀ տարբեր պաշտոնյաններ փոխանցել են թե՛ թուրքական կողմին եւ թե՛ ադրբեջանական կողմին, ցույց են տալիս Թեհրանի կողմից արված ուղերձների հստակ հասցեատիրոջը։

Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ներգրավվածություն ապահովելու Իրանի լուրջ ջանքերը պետք է դիտարկել նաեւ ահաբեկիչների՝ տարածաշրջանում ներկայություն տեսանկյունից։ Այսինքն՝ Թեհրանը, ներգրավվելով մերձարաքսյան տարածքների վարականգնողական աշխատանքներին, հնարավորություն է ստանալու վերահսկելու նաեւ այդ ահաբեկիչների տեղաշարժը սեփական երկրի հյուսիսային սահմանների երկայնքով:
hetq.am