«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման նախաձեռնողները պետք է վաղուց չեզոքացված լինեին. Սարո Սարոյան

08/02/2021

ArmDaily.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Սարո Սարոյանը։

-«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժումը մեկնարկեց Հայաստանում։ Ակնկալիքներ ունե՞ք շարժումից։

-Ես ակնկալիք չեմ կարող ունենալ ու անգամ ինչ-որ առումով ինձ համար վիրավորական էլ է, եթե ես ՝ որպես քաղաքացի, նման նախաձեռնությունից ինչ-որ ակնկալիք ունենամ։ Տվյալ մարդիկ, տվյալ գործիչներն ըստ էության սպասարկում են օտար երկրի շահերը։ Եվ դա նորություն էլ չի՝ այդ նույն մարդիկ վաղուց ապացուցել են իրենց հավատարմությունը Կրեմլին և Հայաստանում վաղուց սպասարկել են Կրեմլի շահերը՝ սկզբում միգուցե ոչ բացահայտ, բայց գոնե վերջին մի քանի տարիներին բացահայտ են սպասարկել, որովհետև հանրությունը, ըստ էության, պարզել է իր համար, որ այդ մարդկանց ողջ կենսափիլիսոփայությունը՝ կապված Հայաստանի ապագայի հետ, վերաբերում է ռուսական պետության մեջ կամ Ռուսաստանի հետ Հայաստանի ներգրավման ապագային։ Դա ուղղակիորեն կապված է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետ, դա Հայաստանի պետական անվտանգության մարտահրավեր է։ Այդ մարդիկ ըստ էության Հայաստանի պետականության թշնամի անձինք են, գործում են Հայաստանի պետականության դեմ և այդ տեսանկյունից ես ինչպե՞ս կարող եմ ինչ-որ ակնկալիքներ ունենալ այդ մարդկանցից։ Հակառակը՝ այդ մարդիկ սպառնալիք են և այդ մարդիկ վաղուց պիտի չեզոքացված լինեին՝ քաղաքական առումով չեզոքացված, քաղաքական դաշտում ընդհանրապես տեղ պիտի չունենային, էլ ուր մնաց մի հատ էլ Հայաստանի ամենամեծ դահլիճներից մեկը՝ Երևանի սրտում գտնվող, վերցնեին և իրենց միջոցառման համար հարթակ դարձնեին։

-Եվ ո՞րն է այս շարժման նպատակը։

-Այդ մարդիկ ինքնուրույն չեն գործում և այդ նախաձեռնությունը բոլորվին այլ շարժիչ ունի՝ դա Կրեմլն է, և Կրեմլը, ըստ էության, գործարկել է մի գործընթաց։ Եվ այդ մարդկանց կողմից ներկայիս գործունեությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը այստեղ արդեն բացահայտ իրագործում է նման կարգի մի ծրագիր, որը խնդիր ունի հայ հանրության մեջ հերթական մի աստիճանի բարձրացնել Հայաստանը Ռուսաստանի կազմ ընդգրկելու այդ ծրագիրը։

-Կարո՞ղ ենք ասել, որ այս շարժման միջոցով հանրության տրամադրություններն են շոշափում։

-Իհարկե, նախկինում տրամադրությունների շոշափման այլ մեխանիզմներ եղել են և նախկինում եղել են տարբեր թեմաներ, որ մենք այդ մասին խոսել ենք, հիմա ոչ միայն տրամադրությունների շոշափում է, այլ գործնական դրսևորում։ Սա չի կարելի ասել միայն տրամադրությունների շոշափում, սա ուղղակիորեն գործունեություն է ընդդեմ Հայաստանի Հանրապետության։

-Ինչ եք կարծում՝ հաջողություն կունենա՞ այս շարժումը՝ հաշվի առնելով պատերամզից հետո ստեղծված իրավիճակը։

-Խնդիրը այնտեղ է, որ ըստ էության այդ նախաձեռնությունն ունի արտաքին հովանավոր՝ հսկա մի երկիր, որն ունի անսահմանափակ ռեսուրսներ, և միաժամանակ Հայաստանը այժմ գտնվում է շատ թույլ աշխարհաքաղաքական իրավիճակում։ Մեր ներուժը շատ-շատ թուլացել է և այդ տեսանկյունից ժամանակը ճիշտ է ընտրված նախաձեռնողների ու ծրագրավորողների կողմից։ Բայց ամեն դեպքում պետք է բոլորս նաև ընդունենք, որ անկախ ամեն ինչից, դիմադրությունն այս ամենի նկատմամբ նույնպես շատ մեծ է լինելու և հուսով եմ, որ մեր ազգը կկարողանա այս մարտահրավերին արժանիորեն պատասխանել և պաշտպանել մեր երկրի ինքնիշխանությունը։