«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արաբական երկրները Ռուսաստանի համար որպես տնտեսական համագործակցության այլընտրանք

10/04/2022

Ուկրաինայում շարունակվող ռուսական ռազմական գործողության համատեքստում արևմտյան պատժամիջոցների կտրուկ խստացումը, որի նպատակն է Ռուսաստանին առաջադեմ տեխնոլոգիաներից հեռացնելը, նրա տնտեսությունը թուլացնելը, և համաշխարհային տնտեսական համակարգից կտրելը, Ռուսաստանին ստիպում է արտաքին ոլորտում համարժեք պատասխաններ գտնելու՝ պահպանելու համար կայուն տնտեսություն, նոր գործընկերներ գտնելու միջոցով: 
Այս պարագայում Ռուսաստանը հնարավորություն ունի մի քանի ուղղություններով վարել տնտեսական քաղաքականություն, որոնցից խոստումնալից ուղղություն է արաբական աշխարհի հետ երկխոսության դինամիկ զարգացումը։
Դեռևս ուկրաինական իրադարձություններից առաջ Ռուսաստանը տնտեսական սերտ կապեր ուներ Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հետ, որոնք գտնվում են արտակարգ իրավիճակում։ Ոմանք պատժամիջոցների տակ են, ինչպես Իրանը, Սուդանը, մյուսներում շարունակվում են զինված հակամարտություններ (Եմեն, Լիբիա, Սիրիա), կամ ճգնաժամի մեջ են, ինչպես Լիբանանը և Իրաքը։
Թվում է, թե Միացյալ Նահանգները և տարածաշրջանում նրա բարեկամները հասել են մի կետի, որտեղ նրանց շահերն այլևս չեն համընկնում: Վաշինգտոնի և մերձավորարևելյան պաշտոնյաները կարող են վերակազմավորել հարաբերությունները՝ հիմնվելով նոր նպատակների վրա, բայց Միացյալ Նահանգները դժվար թե կարողանան նրանց օգտագործել հակազդելու համար Չինաստանին և Ռուսաստանին։
Մոսկվան այս իրավիճակում կարող է նոր հնարավորություններ առաջարկել իր արաբ գործընկերներին՝ տարբերակելով իր մոտեցումները՝ հաշվի առնելով նրանց սոցիալ-տնտեսական և տեխնոլոգիական զարգացման մակարդակը, հավակնություններն ու վճարունակությունը։

Ավանդաբար Մերձավոր Արևելքում  նշանավոր տեղ է հատկացվում ռուսական ռազմական արտադրանքին։ Ըստ 2016-2020 ներկայացված ցուցանիշների ռուսական ապրանքաշրջանառությունը ռազմական ոլորտում Մերձավոր Արևելքի հետ ավելացել է 64 տոկոսով՝ այս տարածաշրջանում ռուսական արտադրության մասնաբաժինը հասցնելով 21 տոկոսի։ Մեկ այլ նոր ուղղություն կարող է դառնալ տիեզերական - գիտական ոլորտը։ Ռուսաստանի համար Սաուդյան Արաբիան դիտվում է որպես հիմնական գործընկեր այստեղ, որի իշխանությունները 2018 թվականին ստեղծեցին Տիեզերական հանձնաժողովը՝ հայտարարելով այս նպատակով 2,1 միլիարդ դոլլար հատկացնելու մասին: Հաշվի առնելով վերը նշվածը, Ռուսաստանը, ունենալով տիեզերագնացության, տիեզերանավերի արտադրության ոլորտում եզակի փորձ, կարող է զգալի օգնություն ցուցաբերել արաբական պետություններին այս ոլորտում զարգացման գործում՝ ներառելով համատեղ հետազոտություններ, արբանյակների արտադրություն։ Գործնական քայլ կարող է լինել Ռուսաստանի մասնակցության ակտիվացումը 2022 թվականի սեպտեմբերի 21-22-ը Ռիադում կայանալիք Գլոբալ տիեզերական ֆորումին և SpaceOps 2023 տիեզերական գործողությունների 17 -րդ միջազգային համաժողովին, որը նախատեսված է 2023 թվականի մարտի 5-9-ը Դուբայում :
Այնուամենայնիվ ինչպես ռազմական արտադրանքի արտահանման դեպքում,  այնպես էլ տիեզերական ծառայությունների շուկայում Ռուսաստանը մրցակցում է այլ խաղացողների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան և Եվրոպան: 

Բացի այդ կարևոր է Ռուսաստանի առևտրատնտեսական, գյուղատնտեսական դերի բարձրացման եղանակների հարցը, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք պետությունների պարենային անվտանգության ապահովմամբ։
Այժմ արդեն նկատվում է Ռուսաստանի՝ դեպի արաբական աշխարհ հետաքրքրությունը։ Նախորդ շաբաթ Լավրովը նշել է արաբական երկրներից մեկի՝ Բահրեյնի հետ հարաբերությունների կարևորությունը։
Ռուս-Ուկրաինական կոնֆլիկտի ընթացքում աննախադեպ էր նաև Արաբական երկրների պատրաստակամությունը միջնորդել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների անցկացմանը։
Երկուշաբթի օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մասնակցեց արտասովոր իրադարձության։ Ռուսաստանը վաղուց միջնորդի դեր է ստանձնել մերձավորարևելյան հակամարտությունների կարգավորման գործում։ Բայց այս անգամ դերերը փոխվել են՝ միջնորդի դերում հանդես եկավ Արաբական պետությունների լիգան։ Այդ նպատակով Արաբական լիգայի գլխավոր քարտուղարը և արաբական հինգ երկրների արտգործնախարարները Մոսկվայում հանդիպեցին պարոն Լավրովի հետ, որտեղից նրանք ուղևորվելու էին Վարշավա՝ հանդիպելու Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։
Դա պայմանավորված է նրանով, որ ձևավորվող ճգնաժամը սպառնում է արաբական աշխարհին տնտեսական լուրջ հետևանքներով՝ առաջին հերթին պարենային անվտանգության տեսանկյունից։
Նշենք որ, ոչ մի արաբական երկիր բացահայտորեն չի դատապարտել Մոսկվայի գործողությունները։ Բոլոր հայտարարությունները ողղված են եղել խաղաղության և բանակցությունների ընդհանուր կոչերի։
Այսպիսով նրանց շահերից է բխում, Ուկրաինայում հակամարտության հնարավորինս շուտ ավարտը և Ռուսաստանի ձայնի պահպանումը միջազգային հարթակներում, որպեսզի ԱՄՆ գերիշխանությունը չմեծանա, ինչը կհանգեցնի այս երկրների ինքնուրույնության թուլացման։ Իսկ մյուս կողմից Ռուսաստանի համար տարածաշրջանը մնում է կայուն գործընկերության հիմնական ուղղություններից, որից կարող են օգուտ քաղել նաև արաբական երկրները։

Հեղինակ՝ Աննա Ղազարյան                                                                                                                                                                           

Generalnews.am