«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՀԵՐ. ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

25/05/2021

Հայաստանի ներքաղաքական կյանքը եռուն շրջան է ապրում, թերևս Երրորդ Հանրապետության ամենաեռուն շրջաններից մեկը։ Առաջին անգամ արտահերթ ընտրությունների ենք գնում պատերազմում և արտաքին դիվանագիտական հարաբերություններում  պարտվածի կարգավիճակով։ Սահմանագծման և սահմանազատման խնդիրը, որը կյանքի է կոչվում ադրբեջանական զորքերի ՀՀ տարածքներ ներխուժմամբ և այդպես էլ  կարծես թե հետ չգնալով, տարբեր ենթադրությունների տեղիք են տալիս։ Դժվար է վերջնականապես պնդել՝ վարչապետի պաշտոնակատարը տեղյակ է դրանից, պարզապես սեթևեթում է, թե՞ ադրբեջանական կողմը խախտում է պայմանավորվածությունները։ ՀԱՊԿ – ին դիմելը, որը հենց սկզբից համարել ենք անհեռանկար, փաստորեն ոչ մի օգուտ չտվեց և չի տալու, տարբեր քարտեզների առկայությունն իսկ կարող է հիմք հանդիսանալ, որ այդ միջամտությւոնները առհասարակ չլինեն, քանի որ ցանկության դեպքում կարող են հիմք ընդունել ցանկացած քարտեզ․ չէ՞ որ քաղաքականությունը ճշմարտությունը որոշում է  համաձայն պահի թելադրանքի։ Շրջանառվող փաստաթուղթը, որը տարածեց Միքայել Միանսյանը,և որը  լայն քննարկման առարկա  է դարձել, սահմանզատման մասին ռեալ ոչին չի ասում։ Ենթադրություններ են հնչում, որ Փաշինյանը տալու է Արցախի պահպանված մասը ևս, ինչպես նաև միջանցքը Զանգեզուրով։ Ինքը դա ժխտում է, բայց հրապարակավ հայտարարում է, որ ստորագրելու է փաստաթուղթ, որը միայն ու միայն բխում է ՀՀ անվտանգության շահերից։ Դժվար է միաժամանակ պնդել այս իրավիճակում մի այնպիսի փաստաթղթի մասին, որը կբխի ՀՀ  անվտանգության շահերից։ ԱՀ 75 տոկոսը կորցրել ենք, Հայաստանի սահամներից ադրբեջանցիներ են ներս մտնում, որոնք չեն հանդիպում ոչ մի դիմադրության, ներքաղաքական դաշտում պայքարը շիկանում է, սնկի պես աճում են քաղաքական կուսակցությունները և դաշինքները, որոնց մեծամասնության տեսությունները ազգային անվտանգության ապահովության տեսանկյունից մեզ ոչ մի նոր բան չեն ասում։ Այս ամենի հետնախորքի վրա ավելանում է Փաշինյանի քաղաքական կապիտալը, որովհետև,
ա
ոչ մի ուժ չի շեշտում, որ եթե գա իշխանության, ինչպես է վերադարձնում կորցրած տարածքները, բ Եթե այն ամենը ինչ որ տեղի է ունենում  Սյունիքի և Գեղարքունիքի սահմանում, պլանավորված էր և ֆիքսված նոյեմբերի համաձայնության մեջ, ո՞ր ուժը հաղթանակ տանելու դեպքում կարող է չեղարկել։
Դժվար թե որևէ մեկը կարողանա գնալ դրան, մանավանդ, որ հաղթանակի շանսեր ունեցող մյուս ուժերը՝ ԲՀԿ –ն, ՀՀԿ – ն կամ Քոչարյանը, երբեք Ռուսաստանին ընդդեմ չեն գնա։ Տարածքներ հետ բերել զենքով, դա անհնար է և նշանակում է կռվել ռուս խաղապահների հետ, որը խելագարություն է, դիվանագիտորեն նույնպես անհնար է, քանի որ աշխարհը կողմ է եղել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, որը նշանակում  է հրաժարում նույնիսկ Արցախի անկախության ճանչումից։ Արդյունքում մնում է՝ տնտեսական առումով ՀՀ զարգացման հնարավորությունը, որին կնպաստի հարևանների հետ տնտեսական կապուղիների ստեղծումը, բայց, անշուշտ, մեր ինքնիշխանությանը մեծ հարված կհասցվի Զանգեզուրի միջանցքի տրամադրմամբ։ Այս ամենին չի կարող դեմ գնալ որևէ քաղաքական ուժ, եթե այն ծրագրված է ռուսական համաձայնությամբ։ Կարելի է համաձայնվել, որ Ն
Փաշինյանի թույլ քաղաքական գործիչ և մենեջեր լինելու հանգամանքը ստիպում է Ադրբեջանին՝ նրան նոր զիջումներ պարտադրել։Մի բան, որը չի կարող թույլ տալ մեկ ուրիշ ուժ։ Ուրեմն, խոսք կարող է գնալ միայն  մարտավարական խնդիրների մասին և ոչ թե ռազմավարական, որոնք արդեն ընթացքի մեջ են և վաղօրոք ծրագրված։ Մի խոսքով ՀՀ – ում ընթանում են հետպատերազմյան գործընթացներ, որոնք սահմանզատումից հետո նախատեսելու են խաղաղության դաշնագրի ստորագրում։ Այդ դաշնագրի ստորագրումը դյուրին խնդիր չէ, որովհետև Արևմուտքը ցանկանում է այն ձգձգել և կրկին մեջտեղ բերել Մինսկի խումբը, որը  նախկինում որևէ խնդիր լուծելու անընդունակ էր, ուր մնաց հիմա, երբ Ալիևն հայտարարում է, թե Արցախի հացը լուծված է։ Արևմտամետները չեն կարող հասնել իրենց նախասիրած երկրների ռեալ միջամտության, որովհետև չնայած հայտարարություններին, Արևմուտքի համար այս տարածաշրջանի հիմնական կարգավորման լծակը ռուսների ձեռքում է։ Այս ամենից եզրակացություններն հետևյալներն են

1 Խորհրդարանական արտահերթ ընտրություններն ունեն մեկ շարժառիթ՝ նպաստել Փաշինյանի իշխանության պահպանմանը, որը փորձեցին սասանել ընդդիմադիրները նոյեմբերի 9 – ից հետո, բայց չհաջողեցին։ Առանց ռուսական համաձայնության դա անհնար էր, ինչպես այս ընտրությունների կազմակերպումը, որը ցանկանում է կրկին հասնել Փաշինյանի լեգիտիմությանը։
2 Նախընտրական շրջանում նոր ծրագրերի անորոշությունները և հեղհեղուկությունը մղում են մտածելու, որ առայժմ կարևորվում է իշխանության հասնելու հարցը, որի ճանապարհին օգտագործվում են Փաշինյանի թույլ կողմերը և պատերազմում կրած պարտությունը։
3 Հնից ձերբազատվելու և հինը բացառելու նրա կարգախոսները լայն լսարանի համար են, որովհետև արդեն ակնհայտորեն պարզ է, որ ԲՀԿ –ն և ՀՀԿ –ն, դաշինքներն ու կուսակցությունները, անկախ այն հանգամանքից, կգնան խորհրդարան, թե ոչ և ի՞նչ տոկոսային հարաբերակցությամբ, անուղղակիորեն նպաստելու են Փաշինյանի իշխանության պահպանմանը։
4 Չի բացառվում Փաշինյանի՝ ԲՀԿ –ի և նույնիսկ ՀՀԿ –ի  հետ կոալիցիա կազմելը, քանի որ Քոչարյանը երկրորդ կամ երրորդ տեղը բռնելու դեպքում, բարոյական չի համարի կոալիցիայի գնալը։
5 ՀԱԿ –ի խորհրդարան մտնելը կնշնակի միակ իրական ընդիմություն այնտեղ, բայց եթե մտնի էլ՝ փոքր տոկոս կարող է կազմել։
Կարելի է եզրակացնել, որ թե՛ ՀՀԿ –ն և թե՛ ԲՀԿ –ն հակված են խորհրդարանում Քոչարյանի առկայությունը  չտեսնելուն կամ ավելի քիչ տոկոսային հարաբերությամբ տեսնելուն, որը նշանակում է, որ իրենք թաքուն կերպով կցանկանան առաջին տեղում տեսնելու Փաշինյանին։ Ենթադրում ենք, որ այս տարբերակով կընթանան գործընթացները։ Իսկ թե ի՞նչ նոր բան կանի խորհրդարանը նոր կազմով ԱՀ  և ՀՀ սահմանների հետ կապված, դժվարնում ենք շեշտել, որովհետև, ցավոք, ցայսօր չենք հանդիպել որևէ նոր հայեցակարգ դրանց անվտանգության ապահովման առումներով։ Մի բան ակնհայտ է, որ հին ու նոր ուժերն արդեն հաշտվել են, թեպետ դժվար է պնդել, թե խորքային առումով նրանք երբ էին լրջորեն ընդհարվել։ Արդեն պարզ է, թե սեղանի  տակից ով ում ձեռքն է թաքուն սեղմել։ Հին ու նորը միֆ է, ցնորք։ Միասին եղել են, միասին էլ կմնան։ Տարաբաժանումն արհեստական է։