«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումն ու Եվրոպայի խորհրդի կոչերը չեն իրագործվում Ադրբեջանի կողմից. Արշակյան

20/06/2023

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 20-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:

Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Գասպարյանը:

«Ողջունելի է ձեր այցը Հայաստան` հատկապես հաշվի առնելով մեր երկրի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանը», -ընդգծել է Հակոբ Արշակյանը` ներկայացնելով Լաչինի միջանցքում առկա իրավիճակը: «Միջանցքը շարունակում է մնալ արգելափակված եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումն ու Եվրոպայի խորհրդի կոչերը չեն իրագործվում Ադրբեջանի կողմից»,-նշել է ԱԺ փոխնախագահը:

Հակոբ Արշակյանը բարձրաձայնել է նաեւ Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց հարցը: ԱԺ փոխնախագահի խոսքով Ադրբեջանը չի դադարեցնում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունները, ագրեսիվ հռետորաբանությունը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի համար կենսական կարեւորություն ունեցող մի շարք հարցերի շուրջ բանաձեւերի, զեկույցների, հայտարարությունների ընդունման գործում ձեր ունեցած դերակատարության համար»,- նշել է Հակոբ Արշակյանը:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին` ԱԺ նախագահի տեղակալը փաստել է.

«Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունները բազմաշերտ են, համագործակցության շրջանակը տպավորիչ է: Այն ներառում է ակտիվ քաղաքական երկխոսությունը, տնտեսական եւ ներդրումային ծրագրերից բխող նախաձեռնությունների կյանքի կոչումը: ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին աջակցող առաջնային գործընկերը»:

«Չնայած վերջին տարիներին բոլորիս առջեւ ծառացած մարտահրավերներին` մեզ հաջողվել է ապահովել ՀՀ-ԵՄ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դրական դինամիկան, ընդլայնել իրավապայմանագրային դաշտը` ստորագրելով մի շարք համաձայնագրեր ավիացիայի, միգրացիայի եւ այլ ոլորտներում»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը եւ հավելել` դրանք պետք է կյանքի կոչվեն: