«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրված անտառային հատուկ պահպանվող տարածքները հետ կվերադարձվեն պետության տնօրինմանը․ մանրամասներ

17/03/2021

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ՝ Կառավարության որոշմամբ մասնավոր ընկերությանն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրված անտառային հատուկ պահպանվող տարածքները հետ կվերադարձվեն պետության տնօրինմանը։
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով Շրջակա միջավայրի նախարարության իրավաբանական վարչության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 894-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ։
ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 894-Ն որոշմամբ ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող «Եղեգիսի կիրճ» տարածքի պահուստային ֆոնդի արոտներից 339,5 հեկտարը փոխադրվել էր անտառային ֆոնդի հողերի կատեգորիա, նշված հողերը և «Եղեգիսի կիրճ» անտառային ֆոնդի հողերից 2060,5 հեկտարը, Սյունիքի մարզի Գեղիի ու Դարմանաձորի հատվածից 495 հեկտար տարածքներն առանձնացվել և անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել էին «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:Ընկերության և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական փակ բաժնետիրական ընկերության (ներկայումս՝ շրջակա միջավայրի նախարարություն) միջև 2004 թվականի օգոստոսի 16-ին կնքվել էր «Անտառային ֆոնդի տարածքի անժամկետ անհատույց օգտագործման» պայմանագիր։
Շրջակա միջավայրի նախարարությունը 2020 թվականի սեպտեմբերի 22-ին գրությամբ ընկերության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին ծանուցել է ընկերության և բնապահպանության նախարարության միջև 2015 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված «Կենդանական աշխարհի օբյեկտների պահպանության, վերարտադրության և օգտագործման» NԿԱՍ-000003 պայմանագրի գործողության ժամկետի ավարտվելու մասին և առկա է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը։
2021 թվականի փետրվարի 11-ին Կառավարությունը որպես չզեկուցվող հարց էր ներառել Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ «Սաֆարի ինտերնացիոնալ»-ի հետ համապատասխան պայմանագիրը խզելու և Կառավարության համապատասխան որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ որոշման նախագիծը։
Նախագծի ընդունմամբ պետությանը հնարավորություն է ընձեռվում լիարժեք և արդյունավետ ապահովելու բնության հատուկ պահպանվող տարածքների կամ անտառային հողերի կառավարումը և պահպանությունը։