«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տարին «փակվում» է հայ-ադրբեջանական ռեկորդային թվով շփումներով

30/12/2021

2021 թվականի դեկտեմբեր ամիսը հավակնում է դառնալ հայ-ադրբեջանական բարձրաստիճան և բազմաստիճան շփումների առումով ռեկորդային ամիս:

44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ այս ամիս տեղի ունեցավ ոչ միայն Փաշինյան-Ալիև հանդիպում Բրյուսելում, որին նախորդել էր նոյեմբերի վերջին, մասնավորապես՝ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը, այլև փոխվարչապետների եռակողմ, հայ-ադրբեջանական մշակութային գործիչների, ինչպես նաև տարածաշրջանային 3+2 խորհրդատվական ձևաչափով հանդիպում:

Այստեղ հարկ է հիշեցնել, որ տապալվեց ամսվա սկզբին ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակներում ​ Ստոկհոլմում նախատեսվող Միրզոյան-Բայրամով հանդիպումը, ինչպես նաև որևէ տեղեկություն չտարածվեց օրերս Սանկտ Պետերբուրգում անցկացված ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Փաշինյան-Ալիև շփումների վերաբերյալ: Այս մասին իր վերջին ասուլիսի ընթացքում խոսել էր Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դեկտեմբերի 28-ին է նախատեսված այդ գագաթնաժողովը, պաշտոնական երկկողմ հանդիպման առաջարկ չկա, բայց Ադրբեջանի նախագահի հետ շփում կլինի։

«Պաշտոնական բանակցության առաջարկ այս պահին չենք ստացել։ Գագաթնաժողովը ոչ ֆորմալ է, հետևաբար՝ շփումները նույնպես ոչ ֆորմալ են»,- ասել էր նա:

Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի էր ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ բանակցություններ։ Եռակողմ հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման մեխանիզմներ ստեղծել։

Պայմանավորվածությունների համաձայն՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստան էր մեկնել դեկտեմբերի 1-3-ը, որի շրջանակում տեղի էր ունեցել եռակողմ հանդիպում փոխվարչապետների մակարդակով:

Մոսկվայում դեկտեմբերի 10-ին տեղի էր ունեցել տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափի՝ «3+2» խորհրդատվական հարթակի առաջին նիստը, որին մասնակից երկրները ներկայացել էին փոխարտգործնախարարների մակարդակով։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ընդունել և հանդիպել է Փաշինյանի և Ալիևի հետ։

Դեկտեմբերի 23-24-ին չորս հայ և չորս ադրբեջանցի գործիչներ հանդիպել են Ռուսաստանի նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի միջնորդությամբ։

Դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովը Փաշինյանի ու Ալիևի մասնակցությամբ:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ շփումների նման ինտենսիվությունը բնականոն երևույթ է՝ հաշվի առնելով, թե տարածաշրջանում քանի ճակատով են զարգանում գործընթացները, և ինչ իրավիճակ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև:

Ըստ նրա, հայ-ադրբեջանական շփումները Մոսկվան փորձելու է ինտենսիվացնել, և զարգացնել ժողովրդական դիվանագիտությունը, որը մինչպատերազմյան շրջանում փորձում էին անել առավելապես արևմտյան երկրները կամ ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ մտածելով, որ այդ մակարդակում շփումները կնպաստեն կարգավորմանը և ավելի բարձր մակարդակում շփումներին, ժողովուրդների միջև կապերի հաստատմանը, թշնամության վերացմանը:

Դա, նրա կարծիքով, վատ գործիք չէ, եթե տեղին ու ժամանակին է կիրառվում:

«Ըստ էության, կողմերին տանում են դեպի Խաղաղության համաձայնագրի կնքման, սա այդ ճանապարհն է: Ռուսաստանն իր հետպատերազմյան դերը խորացնում է, շարունակում է, բայց Բրյուսելը երկար անորոշության փուլից հետո ևս ունի հաջողություններ և կարողացավ Բրյուսելում մաս ստանալ սահմանազատման հարցում՝ փորձագիտական խումբ ուղարկելու շուրջ պայմանավորվածությամբ: Միևնույն ժամանակ ինտենսիվ շփումները չեն նշանակում, թե կա առաջընթաց, կարող են շատ շփվել և տարբեր ձևաչափերի շրջանակում, սակայն չգալ կոնսենսուսի:

Սակայն հակամարտության այս շրջափուլում, կարծում եմ, իրավիճակն այլ է: Որքան էլ պատերազմից հետո խնդիրները շատ են թվում, որոշ հարցերում առաջընթաց կլինի: Այն, որ տարածաշրջանային հարցերի քննարկման համար ներդրվում է լայն ձևաչափ՝ դա ևս առաջընթաց է որոշ հարցերում: Խնդրահարույց քննարկումներ, իհարկե, ծավալվելու են և՛ ճանապարհների, և՛ Ղարաբաղի կարգավիճակի հարցի շուրջ, որքան էլ այս կամ այն ղեկավարն այդ հարցը չկարևորի:

Այս զարգացումների ֆոնին հայ-թուրքական երկխոսությունն է հետաքրքիր փաստ»,- ասաց Սկակովը:

Նա նշեց, որ մյուս տարի թևակոխում ենք նման ակտիվ փուլում, որը շարունակվելու է:

«Բայց չափազանց բարդ է ասել, թե այս զարգացումները դեպի ուր են տանելու, և տարբեր ուղղություններով համաձայնություններ երբ են լինելու: Միանշանակ կարող ենք ասել, որ ակտիվ զարգացումներ լինելու են, փորձելու են սայլը տեղից շարժել կամ տանել այլ ուղղություններով: Այս ամենում մեծ դերակատարություն է ստանձնել Թուրքիան՝ Արևմուտքի, Ռուսաստանի և տարածաշրջանային երկրների հանդեպ իր հետաքրքիր դիրքավորմամբ: Թե ինչի կհանգեցնի և ինչ արդյունքներ կլինեն տարածաշրջանում՝ միայն ժամանակը ցույց կտա»,- ասաց նա:

Նյութը վերցված է ՝ 168.am-ից https://168.am/2021/12/30/1632170.html