«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պետք է վերջ տալ իմաստազուրկ գործունեությանն Արցախում. Աշոտ Ներսիսյան

04/08/2023

Արցախի շուրջ սեղմված օղակը դեռ չի թուլանում։ Հայաստանից առաքված օգնությունը դեռ սպասում  է  անորոշության մեջ, միջազգային հանրությանը անպտուղ բողոքները նույն ընթացքով շարունակվում են, Ադրբեջանի նկատմամբ դատապարտող խոսքերը նույնպես։  Արցախում ոչինչ  չի ձեռնարկվում։ Նախագահ Արայիկ  Հարությունյանն անընդհատ մի բան է հորինում, ըստ երևույթին ժամանակ շահելու համար, բայց չի հասկանում, որ  դրանով ադրբեջանցիներն են ժամանակ շահում, օրէցօր թուլանում է ժողովրդի ոգին, սովը կարող է հանգեցնել  քաոսի, կարող են ձևավորվել տարբերն խմբեր կամ ուժեր, որոնք կգործեն իշխանությունից անկախ։ Սա այն դեպքում, երբ կարելի է իրատեսական ծրագիր մշակել  և տիրող իրավիճակից գտնել  ամենատրամաբանական ելքը։ Մեր խորին համոզմամբ անհրաժեշտ են հետևյալ  քայլերը․

Առաջին․ Վերջնականապես  համոզված լինելով, որ դիմումներն ու աղերսագրերը ոչնչի չեն հանգեցնելու, ավարտել  դրանք և ապավինել սեփական, թեկուզ և փոքր հնարավորություններին։ Միթե՞ էլի ժամանակ է պետք  համոզվելու համար, որ աղերսագրերը ոչինչ  չեն տալու։ Աղերսում ենք  օգնություն  այնպիսի ուժերից, որոնք հենց իրենք են  տեղի ունեցածի ճարտարապետը։ Դա նրանց համար ծիծաղելի է։  Այդ ուժերը չհայտարարված պատերազմի մեջ են Ռուսաստանի հետ, զինատեսակ չմնաց, որ չմատակարարեն Ուկրաինային, իբրև թե նրա անկախությունը կամ ժողովրդավարությունը պահելով շահագրգիռ, իրականում Ռուսաստանին դուրս մղելու ձգտումով պայմանավորված, բայց արի ու տես, որ ոչինչ  չեն տալիս տառապյալ արցախցիներին՝ Ադրբեջանին դիմակայելու համար, ավելին՝ նույնիսկ պարեն չեն տալիս, այն դեպքում, երբ նրանց համար Կոռնիձորում սպասող սնունդով բեռնված մեքենաների մուտքն Արցախ ընդամենը մի զանգի խնդիր է։ Իսկ ինչու՞ չեն անում։ Մի պարզ պատճառով՝ նրանք Ադրբեջանով կռվում են ռուսների դեմ։ Նրանք ցանկանում են հասնել  նրան, որ հայոց մեջ ընդհանրության հասցնեն հակառուսականությունը, հանեն այստեղից ռուսական զորքերին, իրենց հսկողության տակ վերցնեն տարածաշրջանը։ Իրենց իսկ ցանկությամբ  կայացած դատարանների վճիռները, պետական կամ օրենսդիր մարմինների որոշումները, պետական այրերի ամենօրյա հայտարարությունները երևույթները փրկելու համար են։ Իրականում  նրանք չեն ուզում Արցախը  փրկվի, որովհետև արցախցիների Ադրբեջանին ինտեգրվելու դեպքում  այլևս այնտեղ  ի՞նչ են անելու ռուսները։ Իսկ նրանց դա է պետք, բայց ըստ մեզ, ի սկզբանե  ձախողման դատապարտված ցանկություն է։

Երկրորդ․ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի  կողմերը վերադառնան նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով հաստատված ստատուս քվոյի վերականգնմանը։ Ի վերջո, ո՞վ  խախտեց այդ ստստուս քվոն։ Բնականաբար՝ Ադրբեջանը։ Բայց ո՞վ էր Ալիևը, եթե այս ամենը  չդրդեր Արևմուտքը, որը փորձեց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրը խլել Ռուսաստանից, խախտել  ստատուս քվոն, թքած ունենալով, որ  ոտքի հետ կգնա Արցախը։ Եվ նոյեմբերյան համաձայնագրի  <<Լեռնային Ղարաբաղ>>  եզրույթը դուրս մնաց  նրանց քաղաքական խոսույթից, Ղարաբաղը կամ  նախկին  ԼՂԻՄ-ը համարվեց Ադրբեջանի մաս, որն ընդունեց հայտարարությամբ  նաև մեր կողմը, իսկ հիմա էլ՝ դարձրեց հումանիտար կամ մարդասիրական հարց, որը կարող է իր ավարտը գտնել ողբերգությամբ, եթե սթափ չդատեն արցախցիները։ Շեշտում ենք՝ արցախցիները, որովհետև ՀՀ-ն հայտարարել է, որ Արցախի խնդիրը պետք է լուծվի Բաքու- Ստեփանակերտ երկխոսությամբ։  Իսկ Ռուսաստանն այս պարագայում, չուզենալով այստեղ այնպիսի քայլերի գնալ, որը կհանգեցնի նոր ճակատի բացելուն, իր չեզոք գործունեությունը բացատրում է նրանով, որ ՀՀ –ն է ճանաչել  Արցախը Ադրբեջանի մաս, ուրեմն իրենից ինչու են պահանջում միջամտություն։  Տվյալ  իրավիճակում դա է թելադրում  նրա քաղաքական շահը, բայց ցայսօր ոչ մեկը չի լսել և չի լսի, որ ռուսները հայտարարեն, որ  այստեղից հեռանում են։ Արցախի խնդրի յուրահատկությունը, ի տարբերություն վրացական կամ ուկրաինական խնդիրների, կայանում է նրանում, որ այն վեճի առարկա է եղել Ադրբեջանի և Հայաստանի միջև, որն իր ազդեցության տակ է միշտ պահել Ռուսաստանը, իսկ հիմա նրա համար բարդ է որևէ մեկի օգտին կատարել  վերջնական որոշումը։ Դա կանի, երբ լուծի  ուկրաինական թնջուկը։  Այդ իսկ պատճառով  մենք շատ նուրբ և զգույշ  քաղաքականություն պետք է վարենք Ռուսաստանի նկատմամբ։ Համենայն դեպս, ինչպես այլ  առիթներով էլ ենք նշել, Ռուսատանը կձգձգի հայ-ադրբեջանական պայմանգիրը մինչև այդ թնջուկի  լուծումը։ Նրան ձեռք էլ չի տա Արցախի Ադրբեջանին ինտեգրումը, որովհետև իրեն բավական կթուլացնի Հարավային Կովկասում։ Այս իրավիճակում  նա  չի էլ կարող և չի ուզենա կտրուկ գործողությունների գնալ՝ նույնիսկ հումանիտար բեռների ներմուծման առումով։

Երրորդ․ Այս իրավիճակում, մանավանդ, որ Ալիևը ձգձգում է պայմանագիրը՝ ամեն անգամ մի բան հնարելով, պետք է ամեն ինչ արվի Արցախի ինտեգրման հարցն էլ ի ձգձգելու համար։ Որպես կոնկրետ քայլ կմատնանշեինք հետևյալները․

ա/  Վերջ տալ կլանային շահերին, անձնական հիմքով թշնամական հարաբերություններին և  համատեղ  ծրագիր մշակել, որը կօգնի ժամանակ շահել, մինյչև կփոխվի միջազգաին իրավիճակը։

բ/  Ամեն ինչ անել վերադառնալու համար նոյեմբերի 9 – ով  հաստատված ստատուս քվոյին։ Անշուշտ դա բարդ խնդիր է, բայց  ՀՀ վարչապետին դիմելը միայն այդ համաձայնագրով առջնորդվելու խնդրով , բրյուսելյան սուտ պայմանավորվածություններից հրաժարվելու  խնդրանքով, կարող է նպաստել  ռուսների կողմից հարցի հօգուտ իրեն շահարկմանը, լուծման ձգջգմանը,, թեպետ վստահ չենք, թե դրան որքանով դրական կվերաբերվի  ՀՀ վարչապետը։ Նոյեմբերի 9 – ի համաձայնությամբ առաջնորդվելը Արցախի մնացածը պահելու միակ ռեալ  շանսն է։ Անշուշտ, սա շատ դժվար հարց է, բայց պետք է փորձել։

գ/ Եթե չկա հումանիտար բեռները Արցախ հասցնելու այլ ճանապարհ, թեկուզ և փորձնական համաձայնություն տալ  Ադրբեջանին՝ Ակնայից հումանիտար բեռներ  ընդունելու համար։ Բավական է մեզ  խաբենք։ Եկեք ընդունենք  այն պարզ ճշմարտությունը, որ եթե մարդը կորցնում է ընտանիքը, երեխային, հարազատին, նրա համար հայրենիք հասկացողությունը խեղում է իր իմաստը։ Այս քայլը ժամանակ շահելու հնարավորություն կտա, բացի այդ՝ հազիվ թե  Ադրբեջանը շարունակական դա անի, որի դեպքում մեր լեզուն կերկարի։ Հընթացս դրա հարթակ ձևավորել բանակցելու համար՝ կարգավիճակը ճշտելու առումով։ Ադրբեջանը, մեր համոզմամբ, կբանակցի։

Հակառակ դեպքում  կմնա բարոյական հաղթանակը, որով առաջնորդվելով դարեր շարունակ մաշել ենք մեր հայրենիքը։ Իսկ եթե կա մի ուրիշ բան, կա Արցախը զոհելու որոշում, ապա տեղյակ պահեք խեղճ ժողովրդին, որ իր ճարը տեսնի։ Թե ՞ ընտրում եք  նրա  մեռնելու ճանապարհը, թեկուզ և այդ մահը լինի իմաստազուրկ, բայց դուք անեք այն, ինչ միգուցե խոստացել եք ձեր տերերին։
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի  ղեկավար, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյան: