«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այս բլեֆի հիմքը դրվեց 1997-ի պալատական հեղաշրջմամբ. Նիկոլն ու «Իմ քայլը» միայնակ չեն կարող այս ճգնաժամից դուրս գալ

14/12/2020

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գերագույն խորհրդի պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

– Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում առկա քաղաքական իրավիճակը։ Դուք գիտեք, որ մի շարք ուժեր առաջադրել են  Վազգեն Մանուկյանի թեկնածությունը՝ որպես վարչապետ, և պարբերաբար Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքներ են տեղի ունենում։ Ի՞նչ զարգացումներ են հնարավոր։

– Ես դժվարանում եմ ասել՝ ինչ զարգացումներ կարող են լինել, բայց Նիկոլ Փաշինյանը պետք է լայն շրջանակների հետ քննարկումներ կազմակերպի ստեղծված իրավիճակի շուրջ։ Եթե նայում եք հանրահավաքները, ապա հստակ երևում է, որ այս մարդիկ նախկին համակարգի ջատագովներ են։ Մի համակարգ, որը մերժվել է, և հաստատ  հասարակությունը դա վերականգնելու ցանկություն չունի։ Չի կարելի թույլ տալ, որ Հայաստանը նորից վերադառնա կոռումպացված համակարգի։ Ակնհայտ է, որ բոլոր այդ ուժերը առաջին օրվանից նոր իշխանություններին փորձել են վիժեցնել ու վարկաբեկել, որպեսզի իրենք վերադառնան ու իրենց բնորոշ ձևով կառավարեն երկիրը։ Կան լուրջ ու կայացած հասարակական, քաղաքական ուժեր, անհատներ, որոնց հետ Նիկոլ Փաշինյանը պետք է լուրջ ճակատ կազմի՝ ընդդեմ  ռևանշի։

Ես տեսնում եմ իշխանությունների կողմից դատապարտելի անգործություն։ Երկրորդ՝ մենք պետք է վերջնականապես հասկանանք, թե մեր բուն նպատակը հետագայում աշխարհաքաղաքական առումով որն է լինելու՝ նախապատրաստվել պատերազմի՞, թե՞ խաղաղ գոյակցել, մեր սկզբունքները ճշգրտել հարևանների հետ ու անցնել աշխատանքի։ Դա բարդ ու տևական աշխատանք է պահանջելու, բայց նպատակը պետք է վերջնականապես ճշգրտվի։ Կա՛մ մենք ճանաչում ենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը։ Մենք չէ, որ դա պետք է ճանաչենք, ամբողջ աշխարհն է ճանաչում, մնում է  հասկանանք՝ մենք աշխարհին դե՞մ ենք գնում, թե՞ համահունչ ենք քայլում։ Ըստ այդմ՝ պե՞տք է արդյոք կառուցենք քաղաքակիրթ հարաբերություններ։ Դա ամենևին չի նշանակում չունենալ տարաձայնություններ,  խնդիրներ ու նպատակներ։ Բայց մեր հասարակությունը պետք է վերջնականապես որոշի՝ մենք ինչ ճանապարհով ենք գնում։ Այս արկածախնդիր քաղաքականությանը պետք է վերջ դրվի։ Այստեղ է, որ Նիկոլ Փաշինյանն ունի լուրջ բացթողումներ ու թերություններ։ Մենք ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն վիճակը արդեն տեսել ենք։ Դա խայտառակություն է, ու ինչպես տեսնում ենք՝ արհավիրքի է բերում։ Այստեղ էլ պետք է հասկանանք, թե որ քաղաքական ուժերն են, որոնք հստակ  խաղաղ գոյակցության կողմնակից են։ Կարծում եմ՝ հասարակությունը կգնա այդ ուժերի հետևից։ Նիկոլ Փաշինյանը պետք է ընտրություն կատարի՝ ինքն այդ ուժերի ցանկո՞ւմ է,  թե՞ ոչ։

Կա էժանագին, մարդկանց զգացմունքների հետ խաղալու միտում։ Եվ կա նաև մեկ այլ շատ վտանգավոր միտում։ Ասպարեզ է բերվում մի թեզ, թե իբր մեզ պետք է լավ արդյունավետ աշխատող իշխանություն։ Դա էժան շահարկում է և ընդամենը ձև է նախկիններին իշխանության  բերելու համար։ Այսինքն՝ եկեք բերենք փորձված, լավ կառավարիչներ, որոնք իբր պետականությունը շատ լավ են հասկանում, ու նրանք պետք է կառավարեն։

– Այո, երբ խոսում են տեխնոկրատների կառավարության մասին։

– Այո։ Եվ այդպիսի ուժերին իշխանության բերելն ընդամենը կոռումպացված համակարգի վերադարձի քողարկված քաղաքականություն է։ Ըստ էության բոլոր այն ուժերը, որոնք այսօր չեն աջակցում ասպարեզ իջած ընդդիմադիր ռևանշիստներին, իսկ նրանք բոլորը ռևանշիստներ են, մեկ բան  են ասում՝ մենք չենք ուզում վերադարձ դեպի կոռումպացված, կեղտոտ համակարգ։ Իշխող ուժը, որն ահավոր թույլ է, շատ վատ է իրեն դրսևորում, դա պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի վարքագծով։ Կկարողանա՞ն արդյոք նրանք կոալիցիա ստեղծել այն ուժերի հետ, որոնք այսօր խաղաղ գոյակցության  կողմնակիցն են ու դեմ են  կոռումպացված համակարգին։ Եթե դա տեղի ունենա, վիճակը կհանդարտվի։ Պետք է նաև գնալ արտահերթ ընտրությունների։

– Ե՞րբ պետք է լինեն արտահերթ ընտրությունները՝ 6 ամսի՞ց, 2 ամսի՞ց… տարբեր պահանջներ են հնչում։

– «Երբ»-ը շատ բարդ հարց է։ Նախքան արտահերթ ընտրությունների գնալը մի բան պետք է շատ հստակ հասկանանք։ Մեզ այս խորհրդարանական համակարգը անհրաժե՞շտ է, թե՞ ոչ՝ պետք է վերադառնանք կիսանախագահական կամ նախագահական կառավարման համակարգին։ Մասնավորապես, իմ կարծիքով՝ մեզ պետք է պետության ղեկավար, որը կունենա առաջնային մանդատ, այլ ոչ թե ընտրվի խորհրդարանի կողմից։ Մենք չունենք հասունացած այնպիսի քաղաքական ուժեր, որոնք կարող են խորհրդարանական կառավարման սկզբունքներն իրականացնել։ Դժբախտաբար, մեր տնտեսությունն ու հասարակությունը զարգացման այնպիսի աստիճանի չեն հասել, որ ձևավորեն այդպիսի քաղաքական ուժեր։ Մենք, ի դեմս քաղաքական ուժերի, մեծամասամբ ունենք սրան կամ նրան ծառայելու խմբեր։ Կամ ուղղակի ճարպիկ մարդիկ են, որոնք ուզում են իշխանության հասնել իրենց կյանքը դասավորելու համար։ Նրանք հանրային, ազգային շահեր հետապնդող կառույցներ չեն։ Դժբախտաբար, նման ուժերի առկայությունը խորհրդարանում բերում է ընդամենը շուկայի։ Այստեղ պետությունը  կանգնում է ճգնաժամի առաջ ու փլուզվում, ինչի ականատեսը մենք հիմա լինում ենք։ Մենք հիմա տեսնում ենք երկու ընդդիմադիր քաղաքական ուժի, որոնք հետապնդում են սեփական և ոչ հանրային շահեր։ Եվ ունենք մեծամասնություն, որը դիմազրկված մի խումբ է և սպասարկում է Նիկոլ Փաշինյանին։ Այսպիսի խորհրդարանական համակարգ ունենալն անընդունելի է, հետևաբար, կարծում եմ, պետք է քննարկել այս հարցը ու վերջակետ դնել։ Դրանից հետո նոր մտածել՝ ընտրությունները երբ անել։

Հասարակությունը պետք է գիտակցի, որ խորհրդարանական համակարգը մեզ համար ցնցումների, առճակատումների ու  ընդամենը հասարակական բախումների դաշտ է։

– Բայց հասարակությունն էլ հիմա ապատիայի մեջ է։

– Տարօրինակ կլիներ, որ այդպես չլիներ։ Այնպես չէ, որ կարկուտ է եղել կամ փոթորիկ, ու հիմա դրանց հետևանքները պետք է վերացվեն։ Լուրջ պայթյուն է եղել։ Հասարակությանը 20 տարի խաբել են, թե մենք ունենք հզոր բանակ, դաշնակիցներ, ու մենք հիմա հանկարծակիի ենք եկել։ Իհարկե, հիմա կան առաջնային հարցեր՝ գերիների հարցը, անհետ կորածների հարցը, զոհվածների ընտանիքներին ու վիրավորներին օժանդակելու հարցը։ Բայց եթե մենք խորքային հարցերը չենք քննարկում ու լուծում՝ հասարակությունն իհարկե շփոթված կլինի։

Իմ կարծիքով՝ կան անհատներ, հասարակական կառույցներ, քաղաքական ուժեր, որոնք իմ պատկերացրած օրվա հրամայականը գիտակցում են։ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ թերությունն այն է, որ նա այս ուժերին չի տեսնում ու հետները չի աշխատում։ Դա անթույլատրելի է։ Ակնհայտ է, որ Նիկոլն  «Իմ քայլի» հետ մենակ այս ճգնաժամից դուրս եկողը չի։ Ակնհայտ է նաև, որ նախկինները իրենց մեղքի բաժինը թաքցնելու համար փորձում են Նիկոլին քավության նոխազ սարքել՝ իբր ինքը դավաճան է, փողոցային տերմիններով ասած՝ «կզել է»։ Ես կարծում եմ, որ այս պատերազմի հիմքը դրվել է 1997 թվականի պալատական հեղաշրջման ժամանակ։ Խնդիրն այն չէր՝ Տեր-Պետրոսյանը կհեռանա, թե ոչ։ Խնդիրն այն էր, որ Տեր-Պետրոսյանի հեռացումը 1997 թվականին արվեց որպես պալատական հեղաշրջում։ Բլեֆը սկսվեց 1997 թվականից։ Եվ բոլոր նրանք, ովքեր սպասարկել են այս բլեֆը՝ Վազգեն Մանուկյանը, Դաշնակցությունը, նրանց պետք է մի քավության նոխազ՝ ի դեմս Նիկոլի, որ հերոսանան։ Այնինչ նրանք բոլորը պետք է ներողություն խնդրեին ու առժամանակ ասպարեզից հեռանային, չհավակնեին հայրենիքի փրկության գործին, այդ հայրենիքը պետք է իրենց փրկի։ Զարգացումների ընթացքը այսօր կախված է Նիկոլ Փաշինյանից, նա է իշխանության։ Կամ նրանք իրենց կշրջապատեն կարող, հեռանկարային ուժերով, ու հասարակությունը նրանց նորից կվստահի, կամ մենք կունենանք լուրջ խնդիրներ։ Այն ուժերը, որոնք այսօր հավակնում են գալ իշխանության, հասարակությանը կանգնեցնելու են ողբերգության, կոտրած տաշտակի առաջ։ Նրանք իրենց շահերն են հետապնդում, անձնական ամբիցիաները։ Պետք է նաև քննարկել՝ արդյոք Նիկոլ Փաշինյանն ա՞յն ֆիգուրն է, որ կարող է առաջնային մանդատով պետությունն առաջ տանել։ Նա լուրջ բացեր ունի։

Ինչ վերաբերում է ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանին, ինձ հաճելիորեն զարմացրեց նրա հանդարտությունն ու զսպվածությունը։ Բայց նա միշտ այդպիսին չէ։ Այս հարցուպատասխանի ժամանակ նա պետության ղեկավարին հարիր հավասարակշռություն ու զսպվածություն ցուցաբերեց։ Բայց նա դա պետք է անի ամեն օր, ոչ թե պահից պահ։