«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանն այսպիսի խորհրդարան չի ունեցել, որտեղ բացառապես Ռուսաստանի շահը սպասարկող ուժեր են

24/06/2021

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը

Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցած ընտռրությունների արդյունքները: Այն ուժերը, որոնք անցել են խորհրդարան, արդյոք հիմք են տալիս մտածելու, որ մենք այլ որակի խորհրդարան կունենանք և այնտեղ լուրջ բանավեճերի ականատես կլինենք:

Անկախ ամեն ինչից, ընտրությունների արդյունքների հետ պետք է հաշտվեն բոլորը, որովհետև սա ՀՀ քաղաքացիների ընտրությունն է մեծ հաշվով, և ժողովրդավարությունը հաղթեց: Ինչ վերաբերում է խորհրդարանի որակյալ լինել-չլինելուն, ապա կարող ենք ասել, որ այս խորհրդարանը առնվազն մի քանի գլուխ զիջում է նախկին խորհրդարանին, որտեղ կար «Լուսավոր Հայաստան», քիչ թե շատ քննարկում էր ծավալվում: Հիմա նախկին-ներկա մեկ մեկու ուղղված այս փողոցային բախումները, վիրավորանքները տեղափոխվում են խորհրդարանական հարթակ: Ուզում եմ այստեղ նաև արտաքին քաղաքականության մասով ընդգծել, որ պատմության մեջ Հայաստանն այսպիսի խորհրդարան չի ունեցել, որտեղ բացառապես Ռուսաստանի շահը սպասարկող ուժեր են: Թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը իրենց տարիների աշխատանքով ապացուցել են, որ իրենք Ռուսաստանի ծառաներն են: Արտախորհրդարանական ուժերը պետք է ամեն ինչ անեն այս ընթացքում քաղաքական իշխանությանը դրսից օրակարգ թելադրելու համար:

Իշխանությունը խոստանում է պողպատյա հեղափոխություն: Ըստ ձեզ իշխանությունը դասեր քաղե՞լ է այս 3 տարիների ընթացքում:

Վաղ է այդ մասին խոսելը: Ես ողջունում եմ քաղաքական առողջ ուժերի հետ վարչապետի հանդիպումները և գտնում եմ, որ այո, պետականաշինության մեջ պետք է ներգրավվեն մարդիկ, որոնք 2,5-3 տարի շարունակ անընդհատ խոսել են, խորհուրդներ են տվել, բայց նրանք դուրս են մնացել պրոցեսից: Վարչապետը սկսել է այդպիսի քայլեր իրականացնել, սպասենք տեսնենք, ժամանակը ցույց կտա, թե ինչ արդյունք կունենանք: Բայց որ այս ընտրություններով Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության համար վերջին շանսն է տրված ժողովրդի կողմից , դա կարող ենք հստակ ասել: Թե ինչպես կվարվի այդ տրված շանսի հետ Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանությունը, ժամանակը ցույց կտա: Նրանք երեք տարի, այո, տապալել են արդարադատության մթնոլորտ հաստատելու գործը, տապալել են գողերին ու հանցագործներին իրենց տեղը ցույց տալու գործը: Այստեղ ուզում եմ ընդգծել, որ ընտրություններում ոչ թե հաղթեց Նիկոլ Փաշինյանը կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իրենց խմբակային ծրագրերի համար, այլ հաղթեց ՀՀ քաղաքացին նախկին գողերին ու հանցագործներին:

ԳՇ պետը հայտարարում է, որ Գեղարքունիքում ռուս խաղաղապահներ են տեղակայվելու, դրա շուրջ բանակցություններ են ընթանում: Ի՞նչ սպասենք առաջիկայում:

Իրականում ներհայաստանյան այս ամբողջ պրոցեսների ընթացքում, առնվազն վերջին 2 շաբաթներին հասարակությունն իր ուշադրությունը սևեռել էր բացառապես ընտրությունների վրա և սահմանային լարվածության մասին խոսք չկար: Այդ ընթացքում տեղի ունեցան դեպքեր, երբ Արևմտյան շատ երկրներ հայտարարություններ են արել Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության վերաբերյալ, ԱՄՆ-ն է հայտարարություն արել: Բազմաթիվ պետություններ այդպիսի հայտարարություններ են արել: Այստեղ Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները պետք է կառուցվեն բացառապես այդ հիմքի վրա: ՀՀ սուվերեն տարածք ներխուժած զորքը պետք է րոպե առաջ լքի Հայաստանի տարածքը: Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներ տեղակայելուն, սա քաղաքական դաշտի ուղիղ արտացոլանքն է սահմանի վրա: Մենք քաղաքական դաշտում գործ ունենք բացառապես Ռուսաստանի շահերը սպասարկող ուժերի հետ: Հիմնականում այդ ուժերն են, որ առաջ են գնում, այդ ուժերն են, որ հնարավորություն ունեն մեդիա բլոկադայի պայմաններում արտահայտվել և ժողովրդին իրենց տեսակետները հայտնել: Մենք պետք է կարողանանք քաղաքական դաշտը ևս դիվերսիֆիկացնել, որ բացառապես Ռուսաստանի շահերը սպասարկող ուժեր չլինեն թե մեր խորհրդարանում, թե քաղաքական դաշտում: Մենք նաև քարոզարշավի ժամանակ տեսանք, որ ուժերը մրցակցում էին իրար հետ, թե ով ավելի լավ կհաճոյախոսի ռուսներին: Սա իրականում սպառնալիք է պետությանը:

Վտանգավոր չի՞, որ խորհրդարանում բոլորը ռուսական գծի մեջ են:

Այո, իրականում ռուսամետ ուժերն են խորհրդարանում և մեկը մյուսի հետ խորհրդարանական մակարդակում առնվազն պետք է մրցակցեն, թե ով ավելի շատը կհաճոյանա կկամ կհաճոյախոսի Ռուսաստանին: Այ էստեղ է մեր բուն խնդիրը: Ես անգամ այդ դաշինքների և կուսակցությունների մեջ չեմ տեսնում անհատականությունների, որոնք կարող են իրենց անհատական ջանքի միջոցով  հասնել ինչ-որ փոփոխությունների: Իրականում ունենք խիստ ռուսամետ թե իշխանություն, թե խորհրդարանական ընդդիմություն: Ես նրանց ընդդիմություն չեմ էլ համարում: Այո, սա ժողովրդի ընտրությունն էր, բայց ես որպես քաղաքագետ, որպես ՀՀ քաղաքացի չեմ կարող նրանց համարել ընդդիմություն: Ռոբերտ Քոչարյանին համարել առողջ ընդդիմություն անհնարին է: Իրականում, այո, Ռոբերտ Քոչարյանի տեղը պետք է լիներ բանտը, բայց Նիկոլ Փաշինյանի ակտիվ ջանքերի, 2,5 տարվա անգործության արդյունքում նա դարձավ քաղաքական գործոն: Ինչևէ, Հայաստանի քաղաքացիներն այդպիսի արգելքներ չեն հաղթահարել և Ռոբերտ Քոչարյանին ես առհասարակ արգելք չեմ համարում, ուղղակի ժամանակի խնդիր է, և ես համոզված եմ, որ ՀՀ քաղաքացին վերջնականապես նրան դուրս կշպրտի  քաղաքական ասպարեզից:

Շատերն շտապում են ասել, որ մենք նորից ոչ թե հերթական, այլ արտահերթ ընտրությունների հետ ենք գործ ունենալու: Դուք ևս ունեք համոզմունք, որ արտահերթ ընտրություններ են լինելու:

Ես այս պահին այդպիսի հայտարարություններ անելու հիմքեր չեմ տեսնում: Իրականում, Հայաստանին որևէ արտահերթ ընտրություն առնվազն այս պահին պետք չէ: Հայաստանին հանդարտություն է պետք, Հայաստանը պետք է թոթափի ներքաղաքական այս գերլարված մթնոլորտը և բնականոն կյանքի վերադառնա: Բացարձակ հիմքեր չկան ներքաղաքական լարումներ, ցնցումներ զարգացնելու համար: