«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

66 երկրում արգելված քաղցկեղածին ազբեստը Հայաստանում ամենուր է

02/06/2021

66 երկրում ազբեստ օգտագործելն արգելված է քաղցկեղածին լինելու հիմնավորմամբ։ Հայաստանում ազբեստը տարբեր ոլորտներում դեռևս կիրառվում է։ Տասնյակ համայնքներում ջրի և ոռոգման խողովակաշարերի մի մասը ազբեստից է։ Դրանք անցկացվել են խորհրդային տարիներին և մինչ օրս օգտագործվում են: Տանիքները նույնպես գերազանցապես ծածկված են ազբոթիթեղներով։ Հայաստանը ներմուծում է ազբեստ, ունի ազբոթիթեղների արտադրություն։ 
Ինչո՞ւ է վտանգավոր ազբեստը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ազբեստի բոլոր տեսակները, այդ թվում` ամենատարածված քրիզոթիլը, որակել է քաղցկեղածին: Իսկ Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալությունն ազբեստը մտցրել է քաղցկեղածին նյութերի ցանկի առավել վտանգավորների խմբի մեջ։
Ազբեստը մանրաթելային կառուցվածքով հրակայուն և թթվադիմացկուն հանքատեսակ է: Կիրառվում է ամենատարբեր բնագավառներում, առավել հաճախ՝ շինարարության և մեքենաշինության մեջ:
Ազբեստն առաջացնում է թոքի, շնչուղիների, ստամոքսի և ձվարանների քաղցկեղ, ինչպես նաև՝ մեզոթելիոմա, ազբեստոս (թոքերի ֆիբրոզ) և այլ հիվանդություններ: Պարզ ասած՝ ազբեստը ջերմության կամ արևի հետ շփվելիս քայքայվում է՝ ասեղիկներ է արձակում, որոնք ամրանում են շնչուղիներում, «բույն» դնում այնտեղ և քաղցկեղի առաջացման պատճառ դառնում։
ԱՀԿ տվյալներով` 125 մլն մարդ իր աշխատավայրում ենթարկվում է ազբեստի ազդեցությանը: 107 հազար մարդ տարեկան մահանում է ազբեստի հարուցած հիվանդությունների հետևանքով:
Ազբեստով պայմանավորված հիվանդությունների վերաբերյալ հստակ պատկեր Հայաստանում չկա։
«Առողջապահության նախարարության կողմից ազբեստի հնարավոր բացասական ազդեցության և մեզոթելիոմայի հիվանդացության միջև պատճառահետևանքային կապի բացահայտմանն ուղղված ուսումնասիրություններ չեն իրականացվել՝ հաշվի առնելով, որ արձանագրվում են թոքերի և պլևրայի չարորակ մեզոթելիոմայի եզակի դեպքեր, ինչպես նաև Հանրապետության տարածքում հաշվառված չեն ազբեստով պայմանավորված հիվանդացության դեպքեր»,- հայտնել է Առողջապահության նախարարությունը՝ մեր հարցմանն ի պատասխան։
Նախարարությունը որոշակի վիճակագրություն է տրամադրել մարզային կտրվածքով վերջին 10 տարվա ընթացքում բնակչության շրջանում գրանցված առաջին անգամ ախտորոշված թոքերի և պլևրայի չարորակ մեզոթելիոմայի դեպքերի բաշխման վերաբերյալ։ Ըստ այդմ, ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Շիրակի մարզում, Երևանում, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում։ Հենց այս վերջին երկու մարզում են դեռևս ավելի շատ պահպանված և օգտագործվում ազբոցեմենտային ջրի խողովակները։
Ազբեստի արդյունահանումն ու կիրառությունը լայն թափ է ստացել 19-րդ դարի վերջերից, իսկ մեկ դար անց այն սկսվել է արգելվել: 1997թ. հունվարի 1-ից ազբեստի օգտագործումն արգելվել է Ֆրանսիայում, իսկ 2005 թվականից՝ ամբողջ Եվրամիությունում: 66 երկրում այժմ արգելված է ազբեստի կիրառությունը, այդ թվում՝ Կանադայում, որտեղ ժամանակին ազբեստն ամենաշատն էր արդյունահանվում:
Այժմ Ռուսաստանն է ազբեստ արտահանող առաջատար երկրներից մեկը:  Արդյունահանման ծավալների մեծությամբ Ռուսաստանին հաջորդում են Չինաստանը, Բրազիլիան և Ղազախստանը:
Հայաստանն ազբեստ ներմուծում է գերազանցապես Ռուսաստանից: Վերջին 12 տարում տարեկան միջինը 126 տոննա մաքուր ազբեստ է ներմուծվել:
Ներմուծումից բացի, Հայաստանում կա ազբոցեմենտային թիթեղների արտադրություն: «Կավաշեն» ՍՊԸ-ն Արարատ քաղաքում շահագործում է ազբոթիթեղների գործարանը։ Այդ մասին` ներքևում:
Ազբեստե խողովակներով ջրամատակարարումը Հայաստանի համայնքներում շարունակվում է
Հետքը» շուրջ 2 տարի տվյալներ է հավաքագրել և ուսումնասիրել Հայաստանում ազբեստե խողովակների կիրառությունը ջրամատակարարման ոլորտում։ Պարզելու համար, թե որ համայնքներում որքան խմելու և ոռոգման ջրագծեր են դեռևս մնացել և օգտագործվում ազբեստից, տվյալներ ենք հավաքագրել մարզպետարաններից, Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, Ջրային կոմիտեից, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ից և Երևանի քաղաքապետարանից։ Տեղեկություններ ոչ բոլոր մարզպետարաններում են կարողացել հավաքել, իսկ որոշ տվյալներ իրականությանն այնքան էլ չէին համապատասխանում։ Մի քանի համայնքներում, հարցումներից հետո ազբեստե խողովակները մասնակի կամ ամբողջությամբ փոխվել են։
Խմելաջրի ազբեստե ջրագծերը Հայաստանում խորհրդային տարիներից մնացած ժառանգություն են․ կառուցվել են հիմնականում 1950-1970թթ․։
Ըստ ստացված տվյալների վերլուծության՝ Հայաստանի 38 համայնքում խմում և իրենց կենցաղում կիրառում են վատ կամ անմխիթար վիճակում գտնվող ազբոցեմենտե խողովակներից հոսող ջուր: Քաղաքային 4 համայնքում՝ Վարդենիսում, Ստեփանավանում, Արմավիրում և Էջմիածնում ջրամատակարարում իրականացվում է նաև ազբեստե խողովակներով։ 30 համայնքում էլ բերքն են ոռոգում այդ խողովակներով հոսող ջրով։
«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տակ գտնվող որոշ բնակավայրերում դեռևս գոյություն ունեն նախորդ դարի 50-60-ական թվականների, խորհրդային ժամանակաշրջանում կառուցված ազբեստե ջրագծեր։ Վարձակալության պայմանագրով ընկերությունը ստանձնել է Ջրային կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին վարձակալության հանձնված ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը։ Ըստ վարձակալության պայմանագրի՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն պատասխանատու է միայն վարձակալած գույքի շահագործման, պահպանման և նորոգման համար։
«Ազբեստե ջրագծերից որոշների համար կան գոտիավորման ծրագրեր՝ կապված դրանց շահագործումից հանելու հետ, իսկ մյուսների մասով՝ հարկավոր են լուրջ ներդրումներ։ Ջրային համակարգերի խոշոր նորոգումների կապիտալ աշխատանքների ֆինանսավորումը հանդիսանում է վարձատուի՝ ՀՀ կառավարության և համապատասխան մարմինների պարտավորությունը»,- հայտնել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը։
Ամենաշատ և ամենաերկար ազբեստե ջրագծերը Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում են 
Համաձայն «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի տվյալների՝ Վարդենիս քաղաքի ջրամատակարարման ցանցի մոտ 40 %-ը ազբեստից է (17,5 կմ)։
Մանրամասներ