«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ և ՌԴ փոխհարաբերությունները ԽՍՀՄ-ի փլուզումից հետո

05/04/2022

ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնություններից մեկը Անկախ պետությունների համագործակցությունն էր (ԱՊՀ): Այն Հայաստանի Հանրապետության համար նախ և առաջ ուներ ռազմաքաղաքական և ազգային անվտանգության ապահովման նշանակություն:

Հայաստանի միջազգային դրության մեջ կարևոր տեղ էին գրավում ուղղակի հարաբերությունները ԱՊՀ անդամ Ռուսաստանի Դաշնության հետ: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը չշեղվեց Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում պատմականորեն ձևավորված մոտեցումներից: Երկու երկրների միջև թե´ երկկողմ, թե´ բազմակողմ հարաբերություններում գրեթե չեղան խնդիրներ, որոնց շուրջը փոխհամաձայնություն չկայացվեր: Հայաստանն Հարավային Կովկասում հանդի­սանում է Ռուսաստանի համար հուսալի երկարատև դաշնակից: Երկկողմ համագործակցությունն իրականացվում է ռազմաքաղաքական, տնտեսական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում:

Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության բանակցային գործընթացն սկսվել է 1991 թ.: Դեռևս Ալմա-Աթայում, ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը սկսում է բանակցություններ վարել Բ.Ելցինի հետ` երկու երկրների միջև անմիջական փոխհարաբերությունների կարգավորման վերաբերյալ: 1991 թ. դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը համաձայնագիր է նախապատրաստվում <<ՌՍՖՍՀ և ՀՀ միջև բարեկամական, համագործակցության և փոխօգնության>> մասին: Այս համաձայնագիրն ուներ հսկայական աշխարհա-քաղաքական նշանակություն հետխորհրդային շրջանում: Նկատենք, որ ԽՍՀՄ փլուզումից հետո, Հայաստանը հայտնվել էր դժվարին իրավիճակում, ուստի այս պայմանագիրը երկրի համար ուներ ռազմավարական նշանակություն: Դրանով, ըստ էության, դրվում էր հայ-ռուսական  միջպետական պաշտոնական հարաբերությունների սկիզբը:

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դիվա­նագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլի 3-ին: Այդ պահից սկսած երկու երկրների միջև սկիզբ է դրվել տարբեր ոլորտներում զարգացող և արդյունավետ համագործակցությանը: Ազգային անվտանգության լրացուցիչ երաշխիքներ ձեռք բերելու նկատա­ռումով ՀՀ-ն անդամակցեց նաև Տաշքենդի 1992թ. մայիսի 15-ի կոլեկտիվ անվտանգության պայմանագրին, որին բացի ՌԴ-ից մասնակցում էին նաև Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկսւոանը և Տաջիկստանը:

1993-1994 թթ. ընթացան Հայաստանի տարածքում ռազմակայան հիմնելու մասին պայմանագրի նախապատրաստական աշխատանքների մթնոլորտում: Ինչպես գիտենք, հայ-ադրբեջանական հարաբերություններում դեռևս 1920-ական թվականներից ծխացող արցախյան խնդիրը նոր թափով վերսկսվեց 1988 թ., ապա վերաճեց հայ-ադրբեջանական ազգամիջյան պատերազմի, որի թեժ տարիները 1992-1994 թթ. էին: Փաստորեն, այդ տարիներին Ռուսաստանի հետ հարաբերությունների առանցքն էր կազմում նաև հակամարտության գոտում վերջինիս ակտիվ միջնորդության հանգամանքը: Դժվար է թերագնահատել ՌԴ-ի ունեցած դերակատարումը հայ-ադրբեջանական հրադադարի հաստատման գործում, որի մասին համաձայնագիրը կնքվել է 1994 թ. մայիսի 12-ին Բիշկեքում:

     Ռուսաստանի հետ հարաբերությունների բովանդակությունը ուղղակիորեն բխում է հայաստանյան բարեփոխումների, տնտեսական և էներգետիկ ճգնաժամի հաղթահարման հեռանկարներից, հանրապետության ու հայ ժողովրդի գոյատևման խնդիրներից: 1993 թվականը նոր երանգներ է հաղորդում հայ-ռուսական հարաբերություններին: Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանում տեղի ունեցող իրադրության յուրաքանչյուր շրջադարձ անմիջապես անդրադառնում էր Հայաստանի ներքին ու արտաքին դրության վրա, այնուամենայնիվ նախորդ տարիների համեմատությամբ շոշափելի էր դարձել երկու պետությունների հարաբերությունների կայունացման մթնոլորտը: Կանգնած լինելով տնտեսական կործանման եզրին, չորս հարևաններից երկուսի` Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունենալով փակ սահմաններ` բնականաբար ՀՀ-ն փրկօղակի կարիք ուներ, որպիսին այդ պահին հանդիսանում էր ՌԴ-ն: Միաժամանակ, ընդգծենք, որ Ռուսաստանն էլ իր հերթին փորձում էր ամեն գնով պահպանել իր դիրքերը հարավ-կովկասյան տարածաշրջանում` հենվելով հայկական կողմի վրա:

Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող քաղաքական, ռազմական, առևտրատնտեսական, սոցիալական և հումանիտար ոլորտներում 1993-1994 թթ. Ռուսաստանյան Դաշնության հետ ստորագրվել են շուրջ 30 համաձայնագրեր, որոնցից առանձնացնենք ռազմական ոլորտին առչնվող հետևյալ մի քանիսը.

  • ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի ֆինանսավորման կարգի մասին միջպետական արձանագրությունը,
  • ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերում ՀՀ քաղաքացիների համալրման և զինվորական ծառայության անցնելու կարգի մասին միջպետական համաձայնագիրը,
  • ՀՀ տարածքում տեղաբաշխված ՌԴ զինվորական կազմավորումների Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրով և վստահության ու անվտանգության միջոցառումների` 1992թ. Վիեննայի փաստաթղթով տեսչական ստուգումներ կատարելիս փոխգործողության կազմակերպման մասին միջկառավարական համաձայնագիրը,
  • ՀՀ ռազմական ուժերի և ՌԴ ռազմական ուժերի ավիացիաների օդանավերի` ռազմական օդակայաններում ընդունման, օդակայանային տեխնիկայով ապահովման և պահպանման կազմակերպման մասին ՀՀ պաշտպանության և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև միջգերատսչական համաձայնագիրը,
  • Հակաօդային պաշտպանության բնագավառում համագործակցության մասին ՀՀ պաշտպանության ու ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև միջգերատեսչական համաձայնագիրը։

Ռազմական պայմանագրերի այս խոշոր փաթեթը նպատակ էր հետապնդում ամրապնդել Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմական համագոր­ծակցությունը:

Ռազմական ոլորտի թերևս ամենակարևոր և հասարակական շրջանում լայն քննարկումների առիթ դարձած փաստաթղթերից մեկը 1995 թ. մարտի 16–ին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված <<Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին>> պայմանագիրն էր: Այս պայմանագրով իրավական հիմքի վրա էր դրվում ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում: Ըստ պայմանագրի` ՀՀ տարածքում գտնվող ՌԴ զինված ուժերի կազմավորումները վերածվում էին ՀՀ տարածքում գտնվող ռուսաստանյան ռազմակայանի: Ռազմական համագործակցության ամրապնդման գործում որոշակի դեր ունի նաև ռուսական սահմանապահ <<Արմենիա>> զորախումբը, որն ապահովում է Թուրքիայի և Իրանի հետ ՀՀ սահմանների անվտանգությունը:

ՀՀ և ՌԴ ռազմավարական համագործակցության դրական արդյունքներն ակնհայտ են. մոտ 300 միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրեր ու համաձայնագրեր կնքվել են վերջին 10-ից ավել տարիների ընթացքում:

2008 թ. օգոստոսին ռուս-վրացական 5-օրյա պատերազմի հետևանքով Հարավային Կովկասում ձևավորվեցին ևս երկու ինքնիշխան, սուվերեն հանրապետություններ` ի դեմս Աբխազիայի և Հարավային Օսիայի: Դրանով ՌԴ համար ստեղծվեց նոր իրավիճակ: Չնայած ռուս-վրացական 5-օրյա պատերազմը լիովին փոխեց իրերի դասավորությունը Հարավային Կովկասում, սակայն հայ-ռուսական հարաբերությւնների ընդհանուր ուղեգիծը փոփոխության չենթարկվեց:

Հայ-ռուսական հարաբերությւնները շարունակվեցին վերընթաց ուղիով զարգանալ նաև հետագայում:

Հայ-ռուսական ռազմաքաղաքական շփումների թերևս հաջորդ կարևոր կետը վերաբերում է հակաօդային պաշտպանության համակարգին: Հայտնի է, որ 2015 թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Այն ենթադրում է, որ Կովկասյան տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության հակաօդային պաշտպանության կատարելագործման համար պետք է ստեղծվի հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ (այստեղ հարկ ենք համարում ընդգծել, որ սա համատեղ, այլ ոչ թե միասնական համակարգ էր ենթադրում, այսինքն ՀՀ ՀՕՊ ԶՈՒ-ն պահպանում էր իր ինքնուրույնությունը-Մ.Գ.):

Խաղաղ ժամանակ ՀՕՊ Կովկասյան տարածաշրջանային համակարգը պետք է.

  • կազմակերպի և իրականացնի հակաօդային պաշտպանության ռազմական հերթապահություն,
  • ռազմական տեխնիկայի լիակատար պատրաստվածության ապահովում,
  • ինչպես նաև պետք է համագործակցի ՀՕՊ տարածաշրջանային համակարգում ներառված այլ ուժերի հետ:

Հասարակական շրջաններում այս համակարգի հետ կապված քննարկումներն ու հակադարձումները ստիպում են խորությամբ ուսումնասիրել դրա էությունը, ինչի արդյունքում գալիս ենք այն եզրակացության, որ հայ-ռուսական ՀՕՊ համակարգը ամենևին էլ նորություն չէ, քանի որ հակաօդային պաշտպանության ոլորտում ՀՀ և ՌԴ միջև համագործակցության հիմքերը դրվել են դեռևս 1992 թ.: Պարզապես, վերոհիշյալ պայմանագրի ստորագրումից հետո այդ համակարգը տեղափոխվեց նաև ՀԱՊԿ շրջանակ: Կարծում ենք, որ այդ համակարգի դեպքում մենք գործ ունենք երկու առանձին բաղադրիչների հետ. առաջին` զուտ հայկական հակաօդային պաշտպանական համակարգ, և երկրորդ` ռուսական հակաօդային պաշտպանական համակարգ, որը կարող է դիտարկվել որպես արդեն գործող համակարգի ուժեղացուցչի դերում: Այս ամենի ֆոնին, երբ պետք է կովկասյան տարածաշրջանում նվազեցնել Թուրքիայի բացասական դերը, ինչն, անխոս, բխում է ՀՀ ռազմավարական շահերից, համոզված ենք, որ հենց ռուսական ռազմական ներկայությամբ հնարավոր կլինի մոտենալ այդպիսի երաշխիքների:

Ինչ խոսք, հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները զերծ չեն նաև կնճիռներից ու թերություններից: Այսպես օրինակ, հարկ ենք համարում ընդգծել, որ թեև ռուսական կողմը համագործակցության հենց սկզբից ամեն կերպ փորձում էր Հայաստանին ապահովել իրավահավասար գործընկերոջ կարգավիճակ, սակայն, համոզված ենք, որ որքան էլ տվյալ պահին համընկնում էին ՀՀ և ՌԴ ռազմաքաղաքական շահերը, այնուամենայնիվ խոսել իսկական իրավահա­վասարությունից, առնվազն անլուրջ է: Այո, թե՛ ՀՀ-ն և թե՛ ՌԴ-ն հանդիսանում են սուվերեն, անկախ պետություններ, որոնց իրավահա­րաբերություններն էլ պետք է կառուցվեին իսկապես հավասարության սկզբունքների հիման վրա, սակայն գոնե այս պահին ոչ իր տնտեսական, ոչ էլ ռազմական հզորության մակարդակով ՀՀ-ն չի կարող իրավահավասար դաշնակից դիտվել ՌԴ համար: Եթե դրան ավելացենք 2020 թ․ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը Արցախի տարածքում, ապա ստացվում է, որ ներկա պահին Արցախի այն մասի համար, որը դեռ մնում է հայկական, պետք է երախտապարտ լինել հենց ռուսական կողմին։

Հեղինակ ՝ «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյան       

Generalnews.am