«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եթե Սեւանա լճում մաքրման աշխատանքներ չկատարվեն, լճի փոխարեն ճահիճ կունենանք․ Կարինե Դանիելյան

27/01/2022

Սեւանա լճի աղտոտման գլխավոր պատճառը կոյուղաջրերն են, դրանից հետո՝ լճին հարակից գործող սննդի կետերը, հանգստավայրերը, լիճը թափվող թափոնները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը։

«Սեւանա լիճ կոյուղաջրերի հոսքի խնդիրը միշտ է եղել։ Մի կողմից, եթե ջրերի քանակը շատանում է, լավ է, որովհետեւ բարձրանում է ջրի մակարդակը, բայց մյուս կողմից, եթե աղտոտված ջուր է, խիստ վնաս է լճի համար։ Եվ, իհարկե, բացի ջրի աղտոտվածություններից նաեւ ձկնատեսակներին է վնաս հասցնում։ Եթե այսպես շարունակվի, մենք ուղղակի կարող ենք թունավոր ձուկ ուտել։ Սեւանա լճի ուժերը չեն բավարարում, որ այն ինքնամաքրվի այդ ամբողջ աղտոտվածությունից։ Մենք պետք է գնահատենք Սեւանա լճի կարեւորությունը մեզ համար, ինչը չենք անում»,- նշեց Դանիելյանը։

Բնապահպանը նկատում է՝ լիճն ամբողջովին մաքրելու համար, ամենայն հավանականությամբ, տասնամյակներ կպահանջվեն։

«Սեւանի հանդեպ խնամքը ուշադրություն եւ գումար է պահանջում։ Ի վերջո, եթե մաքրման աշխատանքներ չարվեն, լճի փոխարեն կարող ենք ունենալ ճահիճ, ինչն ուղղակի Հայաստանի վերջն է։ Պետք է վերանայվի ամբողջ ափամերձ տարածքը, վերափոխվի։ Այդ կոյուղաջրերը պետք է մաքրվեն, հետո նոր լցվեն Սեւան։ Դա հեշտ բան չէ, բայց անպայման պետք է արվի»,- ընդգծեց Կարինե Դանիելյանը։