«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Խոհեր Անվտանգության խորհրդի նիստից հետո. Աշոտ Ներսիսյան

22/08/2023

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ին տեղի ունեցած նիստի մասին թե դրանից առաջ և ընթացքում և թե հետո շատ գրվեց ու խոսվեց ու դեռ էլի կգրվի ու կխոսվի: Այդ մասին մեր եզրակացությունները հետևյալներն են.

1. Արցախում տիրող իրավիճակի հարցը Անվտանգության խորհրդի նիստում քննարկելը ամենևին անիմաստ չէր, բայց միանգամայն պարզ էր, որ դատապարտող ելույթներից բացի ոչ մի առարկայական փաստաթուղթ չի ընդունվելու, որի հիմամբ Ադրբեջանին բռնությամբ կպարտադրվի բացելու Լաչինի միջանցքը: Եթե խորհրդի անդամ գլխավոր տերություններն ուզենային, առանց նիստի էլ վաղուց կստիպեին բացել միջանցքը: Այնտեղ խնդիրը քննարկում էին նրանք, ովքեր այս տարածաշրջանի իրադարձությունների ճարտարապետներն են:

2. Նիստում Արցախի իրավիճակը բնութագրվեց որպես հումանիտար աղետ, որից ելքը միջանցքի բացումն է, բայց քաղաքական առումով խնդրին մոտեցում գրեթե չեղավ:

3. Մեկ անգամ ևս ակնհայտ դարձավ, որ Արցախի ճակատագիրը թողնվելու է իր ձեռքը, որովհետև արցախցիների կյանքից առավել կարևոր են այն աշխարհաքաղաքական շահերը, որոնց շուրջ բախվում են Ռուսաստանն ու Արևմուտքը: Արցախը նրանց համար լուրջ գործոն է տարածաշրջանում իրենց դիրքերի ամրապնդման և Ադրբեջանում ազդեցությունը չկորցնելու տեսանկյունից:

4. Ամենևին չպետք է այն տպավորությունն ունենալ, թե բոլորը մեր դեմ են: Աշխարհի մեծերն են իրար դեմ, մենք ով ենք նրանց համար, որ մեր դեմ լինեն: Ավելի շատ մենք ենք մեր դեմ, քանի որ չենք հասկանում,թե ինչ ենք անում:

5. Հիմնականում արվեց այն հորդորը, որ պետք է իրար հետ խոսեն Բաքուն և Ստեփանակերտը: Կարծում ենք, որ սա կլինի ստեղծված իրավիճակից միակ ճիշտ ելքը: Հատկանշական է, որ դրա կողմնակից է հանդես գալիս նաև Ռուսաստանը: Խորհրդի նիստից հետո ավելի ուժեղացավ հակառուսական հիստերիան, որը բնական լինելով, քաղաքականության թյուր ըմբռնման արդյունք է: Մանավանդ նիստին նախորդել էր Լավրովի նոր «ծրագիրը», որով փաստորեն նա տեսնում էր Արցախն Ադրբեջանի մաս` բնակչության ինչ -ինչ իրավունքների պահպանման երաշխիքով: Նիստից առաջ ռուսները և հենց Լավրովը կողմ արտահայտվեցին Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացմանը,որն առաջարկում էր Ադրբեջանը և որը, ըստ Լավրովի, եթե գործեր, 24 ժամից պետք է բացվեր Լաչինի միջանցքը: Բայց Արցախի իշխանությունները մերժեցին,պահանջելով անմիջապես բացել: Դրանով նրանք չշահեցին: Հասկանալ է պետք, որ Ռուսաստանը թեպետ մեր դաշնակիցն է,բայց եթե սկսել է առաջնորդվել կայսերապաշտական շահերով, ապա պետք է իր ազդեցության ոլորտի տակ պահի նաև Ադրբեջանը, որի համար նա կարող է Արցախը զիջել: Բայց կարող է և չզիջել, եթե ճիշտ հասկանանք իրեն: Ամբողջ պայքարը տարածաշրջանի համար է գնում: Իսկ մենք առանց սա հասկանալու` զբաղված ենք իրար դավաճան կոչելով և ներսից պառակտվելով: Զգացմունքայնությամբ առաջնորդվելը կամ գիշեր-ցերեկ մեկը մյուսին հայհոյելը տխուր տեղ կտանի: «Երբեք ծնկի չենք գա թուրքի առաջ» կարգախոսը ենթադրում է կռվել: Եթե գոռում ես և չես կռվում, ուրեմն արա այն, ինչ պահանջում է դիվանագիտության այբուբենը:

Հ.Գ. Ոմանք խորհրդի նիստից հետո այն տեսակետն են արտահայտում, թե դրանով սկսվեց Արցախի հարցի միջազգայնացման գործընթացը և թե ամեն ինչ նոր է սկսվում։ Սա էլ նոր ինքնախաբեություն է։ Արցախի հարցը միջազգայնացված է արդեն երեսուն տարի։ Այդ միջազգայնացումը բառիս բուն իմաստով մեզ ոչինչ չի տվել, մասնավորապես 1998֊ից հետո։ Բեռլինի կոնգրեսից էլ սկսվեց Հայկական հարցի միջազգայնացումը, որը հայտնի է, թե ինչով ավարտվեց։ Այնպես, որ հեռու մնանք նոր միջազգայնացումներից։