«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՄԻ՛ ՓՆՏՐԵՔ ՈՂՋԵՐԻՆ ՄԵՌՅԱԼՆԵՐԻ ՄԵՋ. ՏԻԳՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. քաղաքագետ, լրագրող, միջազգայնագետ, վերլուծաբան.

06/02/2021

Տիգրան Հայրապետյանը մահացավ 1999-ի մարտի 9-ին, ավտոմեքենայի վրաերթից, երբ ընդամենը 34 տարեկան էր:

Մահացավ, երբ իր կանխատեսած «տեռորին» մի քանի ամիս էր մնացել: Իսկ այսօր արդեն ականատեսը դարձանք «ռազմաճակատում անդառնալի կորուստներին»:

ՄԻ՛ ՓՆՏՐԵՔ ՈՂՋԵՐԻՆ ՄԵՌՅԱԼՆԵՐԻ ՄԵՋ

(հարցազրույց)

- Ձեր կանխատեսումներն ու վերլուծություններն առավելագույնս ճիշտ էին 1996-ին, քայլ առ քայլ իրականություն են դառնում նաև այսօր: Եթե կարող եք, անկեղծ և կարճ ՝ ի՞նչ եք տեսնում այս իրադարձությունների խորքում:

- Կարճ և անկեղծ՝ դավադրություն ընդդեմ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի: Դավադրություն, որ անշուշտ ծրագրավորվել է օտար մայրաքաղաքներում, իսկ մերոնք ընդամենը կույր գործիք են, ինչն իհարկե չի ազատում նրանց պատասխանատվությունից: Հիրավի, կույրերի կույր առաջնորդներ:

- Կարո՞ղ եք ավելի հստակեցնել, թե ո՛ր մայրաքաղաքների մասին է խոսքը և ինչ նպատակների է ուղղված դավադրությունը:

- Խոսենք այսբերգի երևացող հատվածի մասին, կամ այլ կերպ ասած՝ օգտվենք բաց տեղեկատվությունից: Հայաստանում հունվարյան հեղաշրջման օրհնանքը ստացվեց Փարիզում ՝ Միջազգային Արժութային Հիմնադրամի և Համաշխարհային Բանկի ղեկավարությունների հետ վարչապետ Քոչարյանի հանդիպումների ժամանակ: Ռոբերտ Քոչարյանն անձամբ արտահայտվեց այդ մասին Փարիզում, երբ լրագրողներին ասաց, որ նշված կազմակերպություններն իրեն վստահեցրել են, թե «Լեռնային Ղարաբաղի հարցի նկատմամբ» Հայաստանի դիրքորոշման կարծրացումը չի խոչընդոտելու հանրապետություն օտարերկրյա դրամական հոսքին»: Սա առավել քան դուրս է անգամ դիվանագիտական ձևակերպման սահմաններից: Թեև նախընտրական մրցավազքում պարոն Քոչարյանի քաղաքական կեցվածքն ու հայտարարությունները վկայում են, որ նրա խորհրդատուներն այնքան էլ մտահոգ չեն իրենց շեֆի ապագայով: Իսկ խոսքը, ինչպես գիտեք, բումերանգի ուժ ունի, և վաղ թե ուշ հատուցում է պահանջվելու:

Ես մասնագիտության բերումով քաջ ծանոթ եմ ՄԱՀ-ի ու Համաշխարհային Բանկի գործունեության պատմությանը, քաջատեղյակ եմ, թե աշխարհի քանի կետերում են նրանք ֆինանսավորել ժողովուրդների ողբերգությունը: Եթե մի կողմ դնենք առատ բառախաղերը, ապա հստակ կդառնա, որ Հայաստանի նախագահական ընտրություններում զանգվածներին պարտադրվել է «ձեր և ձեր զավակների կյանքը՝ մեր փողերի դիմաց» թալմուդյան գիտակցությունը: Նախազգուշացրել եմ նախօրոք և կկրկնեմ այսօր, որ հայ ժողովուրդը չափազանց թանկ գին է վճարելու անօրինականության այս խրախճանքի դիմաց: Հազարավորները զոհ կդառնան ներքաղաքական տեռորին, իսկ տասնյակ հազարավորները ռազմաճակատներում ՝ անդառնալիորեն կորցնելով ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Զանգեզուրն ու Սևանի ավազանին հարող տարածքների մի մասը: Բայց սա գործընթացի վերջում, իսկ առայժմ, ժողովրդական լեզվով ասած՝ մենք աշխարհի նկատմամբ «գողական ենք գնում»:

- Բայց դուք միշտ շեշտում եք, որ իրավիճակը կարելի է շտկել...

- Այո, կարելի է շտկել: Բայց դրա համար լիազորությունները պետք է տրամադրվեն պրոֆեսիոնալներին, իսկ առայժմ ապաշնորհությունների անվերջանալի շարան է՝ ապաշնորհ հեղաշրջում, ապաշնորհ մեկնաբանություններ ու քարոզարշավ: Արաբ մտածող Բուտրոս ալ-Բուստանին շատ դիպուկ է բնութագրել նման իրավիճակը. «երկիրը կործանվում է ժողովրդի անկրթության ու նրա առաջնորդների ապաշնորհության պատճառով»: Չգիտեն՝ թող հարցնեն, չեն հասկանում ՝ թող հեռանան եւ չխանգարեն:

Ինձ շատ են զանգահարում դրսից և հարցնում. մի՞թե ես չեմ հասկանում և չեմ մտահոգվում իրադարձությունների զարգացման հեռանկարով: Երկու օր առաջ զանգահարեց նաեւ «Դանիական ռադիոյի» մոսկովյան թղթակից Յոն Կալդան եւ հարցրեց, թե տեղյա՞կ եմ արդյոք Եվրոպայում սկսված հայաստանցիների դեպորտացիայի մասին և Հայաստանի դեմ նախապատրաստվող միջազգային սանկցիաներին: Եղբա՛յր, տեղյակ եմ ՝ հետո ի՞նչ: Տեղյակ եմ անգամ, թե ինչ հակաղարաբաղյան փաստաթղթեր են պատրաստվում ԵԱՀԿ և ՄԱԿ-ի շրջանակներում: Փաստաթղթեր, որ առանց բարդությունների կպարտադրվեն Հայաստանի ապագա անօրինական իշխանություններին: Բայց եթե պետական բոլոր ինստիտուտները, ներառյալ Սահմանադրական և Գերագույն դատարանները, քաղաքական բոլոր ուժերը, մամուլն ու հեռուստատեսությունն ընդգրկված են գործընթացի մեջ եւ «հեղաշրջում – հեղաշրջում» են խաղում ՝ ինչպե՞ս դիմագրավել դրան: Ինչպես կասեր Շևչուկը՝ " Боже, сколько правды в глазах государственных шлюх,

Боже сколько веры в руках отставных палачей."

Գոնե միայն Սահմանադրությունը ոտնահարեին. Աստծո ուսմունքն են ոտնահարում: Դասականը կասեր՝ խիղճը գրպանները դրած ու հոգին սնդուկներին հանձնած՝ ազգային ջոջերը հերթական անգամ նոր գինին հին տիկերի մեջ են լցնում: Թափվելու է, սիրելիներս, թափվելու է, և ո՛չ գինին կունենաք, ո՛չ տիկերը: Բաղրամյան փողոցի վրա մարմնավաճառությամբ զբաղվող աղջիկներն ավելի բարոյական են, քան առանձին պաշտոնյաները, լրագրողներն ու խմբագիրները: Աղջիկները գոնե ազգային անվտանգությունը չեն վտանգում: Մեծարգո լրագրողաևխմբագիրներ՝ հեռուստաեթերը րոպեով եք ծախում, թերթի էջերը՝ քառակուսի սանտիմետրով, իսկ վաճառքի ի՞նչ չափման միավոր եք նախատեսել ձեր հոգիների համար:

- Եթե անկեղծ, չե՞ք պատրաստվում հեռանալ Հայաստանից:

- Չգիտեմ, դուք արդյոք ուշադրություն դարձրե՞լ եք, որ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի շուրջ անցուդարձի մեջ և ո՛չ մի անգամ չի հիշատակվել, որ 2000 թվականը նաև մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան տարեդարձն է: Մինչև այսօրինակ նենգափոխությունները չհաղթահարենք, ո՛չ երկիր կունենանք և ո՛չ էլ իր Հայրենիքում ապրելու արժանի ժողովուրդ: Հայրենիքն աստվածային շնորհ է, և լքել Հայրենիքը նույնն է, թե հեռանալ Աստծուց: Եթե միայն նախագահի 12 թեկնածուներից մինչև վերջին ԺԷԿ-ի պետ կարողանային հասկանալ, որ իրենց գիտակից կյանքում ամենակարևոր իրադարձությունը, որ կարող էր տեղի ունենալ, արդեն կատարվել է՝ Հիսուս Խաչ է բարձրացել ի քավություն բոլորիս մեղքերի:

Հայրենիքի սահմաններն առևտրի առարկա լինել չեն կարող, եւ Ազատն, Անկախն ու Միացյալը առասպել չէ, այլ առարկայական հնարավորություն, որը կյանքի կոչելու մեթոդաբանությանը մենք տիրապետում ենք: Ցավոք, առ այսօր մեր կամքն ու հնարավորությունները խեղդամահ են արվում զգացմունքային հայրենասիրության կապանքներով: Իսկ իրական հաղթանակի համար անհրաժեշտ է մեկընդմիշտ արձանագրել. սիրում են Աստծուն, Հայրենիքին՝ ծառայում են: Մինչեւ կռապաշտ ֆիդայա-հերոսապաշտությունը չփոխարինվի Հերոս Պետության գաղափարով, ուր բոլորս նրա արժանապատիվ ծառաներն ենք՝ կշարունակենք մնալ գոյատևման հերոսամարտերի դատապարտված շրջանակում:

- Եթե Ձեր առաջադրած թեկնածուն չլիներ, ո՞ւմ կտայիք Ձեր ձայնն առաջիկա ընտրություններում:

- Նախ, անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ այս ընտրությունները ո՛չ միայն կանխորոշված են իրենց ելքով, այսինքն՝ կարմրաևդարչնագույն Հայաստանի արձանագրման առումով, այլեւ անկախ արդյունքներից, Հայաստանը դուրս չի գալու ցուգցվանգային իրավիճակից, երբ ցանկացած գործողություն քո դեմ է: Մեր թեկնածուի առաջադրումը նպատակ ուներ մի վերջին հնարավորություն տալ ժողովրդին՝ պատռելու շարունակական ցուգցվանգի շղթան: Այս առումով մարտի 16-ն իսկապես համազգային գիտակցականության քննություն է, որ վախենում եմ ՝ չհանձնենք:

- Եթե ուզում եք՝ կարող եք չպատասխանել. չե՞ք վախենում, որ գործող համակարգը պարզապես կոչնչացնի Ձեզ:

- Չեն վախենում միայն հիմարները: Բայց ո՛չ ես, ո՛չ հայ հասարակությունն ընդհանրապես իրավունք չունենք ստրկանալու վախի զգացումին: Յուրաքանչյուրս պարտավոր է կատարել իր պարտքը Աստծո և Հայրենիքի առջև: Ի վերջո ասված է, որ մինչև հատիկը չմեռնի՝ հասկը չի ծնվի:

- Ի՞նչ կուզեիք ավելացնել առանց հարցադրման:

- Կուզեի, որ հայ հասարակությունը հաղթահարեր կուտակված բարդույթները և արձանագրեր, որ ո՛չ տարաբնույթ կոմունիստները, ո՛չ տարաբնույթ ավանդականները՝ ՀՅԴ, ՌԱԿ, Հնչակներ, ո՛չ ՀՀՇ - «Ղարաբաղա» - կոմիտեականներն այլեւս ընդունակ չեն առաջնորդելու մեզ: Նրանք կարող են և պետք է լինեն քաղաքական ներկապնակի բաղկացուցիչները, բայց երկիրը 21-րդ դար պետք է առաջնորդի նոր ուժ, որ չի կրում պատմության մեղքի ծանրությունը: Ի վերջո, այդպես էլ լինելու է: Խնդիրն այն է, թե որքան շուտ և որչափ նվազագույն կորուստներով: Մի փնտրեք ողջերին մեռելների մեջ և թողեք, որ մեռյալները թաղեն իրենց մեռածներին: