«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թույլ տալ, որ Ադրբեջանը վերցնի Տիգրանաշենի ճանապարհը, Հայաստանի համար ինքնասպանություն է. Ռուբեն Գալիչյան

11/03/2024

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է աշխարհագրագետ և քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալիչյանը

– Պարո՛ն Գալիչյան, Բաքուն պահանջում է անհապաղ վերադարձնել իբր իրեն պատկանող Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները։ Հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ էքսկլավային գյուղերից չորսի՝ Բաղանիս-Այրումի, Աշաղը Ասկիփարայի, Խեյրիմլիի և Ղըզըլհաջիլիի «պատկանելությունն Ադրբեջանին անվիճելի է», և այդ գյուղերը «ենթակա են անհապաղ ազատման», իսկ Տավուշի մարզի ևս երեք՝ Յուխարի Ասկիփարա, Սոֆուլու, Բարխուդարլու, ինչպես նաև Նախիջևանին սահմանակից Քյարքի-Տիգրանաշեն գյուղերի «վերադարձի» հարցը պետք է լուծվի դելիմիտացիայի գործընթացի շրջանակում։  Ձեր մեկնաբանությունը խնդրեմ։

– Առաջին չորսը էքսկլավներ են, իսկ Ասկիպարան, Սոֆուլուն, Բարխուդարլուն և Տիգրանաշենը «անկլավների» մեջ մտնող գյուղեր են։ Բուն հայտարարության մասով՝ մինչև դելիմիտացիան Ադրբեջանը պետք է դուրս գա մեր երկիր ներխուժած տարածքներից, հետո նոր խոսի այդ գործընթացի մասին։

– Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարել է, որ Ադրբեջանը չի ընդունում, որ օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքից հատվածներ ու չի պատրաստվում զորքերը հետ քաշել։

– Եթե չեն ընդունում, ուրեմն թող դադարեցնեն բանակցությունները։ 

– Ենթադրենք, որ Ադրբեջանն այս գյուղերը ռազմական կամ խաղաղ ճանապարհով վերցնում է, սա ի՞նչ կնշանակի մեր պետության համար։

– Դա կնշանակի, որ մեր ճանապարհը Իջևանից դեպի Թբիլիսի և Երևանից դեպի Վայոց ձոր, Զանգեզուր ու այդ շրջանն ամբողջովին կհատվի, որովհետև եթե Ադրբեջանը վերցնի Տիգրանաշենի (Քյարքիի) ճանապարհը, մենք ճանապարհ չունենք բեռնատարների, նավթատար մեքենաների ու մեծ ավտոբուսների համար, որ Երևանից հասնեն Գորիս կամ հարավային սահման։ Նման բան թույլ տալն ինքնասպանություն է։ 

– Այն պարագայում, երբ Ադրբեջանը չի ընդունում, որ ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք, կարծում եք, որ Հայաստանի իշխանության ճիշտ քայլը բանակցությունների դադարեցո՞ւմն է, պարո՛ն Գալիչյան։

– Բնականաբար, արդեն դադարեցված են, երբ նման պահանջ է դնում ու հրաժարվում է դուրս գալ մեր տարածքներից, այսինքն՝ ըստ էության, դադարեցնելու բան էլ չկա։ Ադրբեջանն ասում է՝ իմ թելադրանքով պետք է շարժվեք, իմ ուզածով պետք է անեք, վաղն էլ շուռ կգա կասի, քանի որ ձեր Սահմանադրության մեջ գրված է, որ ձեր երկրի պետական կրոնը քրիստոնեությունն է, պետք է դա փոխեք, ավելացնեք նաև իսլամը, դրա՞ն ինչ կասենք։

– Ադրբեջանի նման քաղաքականությունն ինչի՞ հետևանք է։

– Ամեն ինչի հիմքում այն է, որ Ադրբեջանն ասում է՝ ես ուժեղ եմ, ինչ ուզեմ կանեմ, ու եթե Արևմուտքը, նրան սպառնացողները քայլեր չանեն, Ադրբեջանը կանի այն, ինչ ուզում է, կսկսի նոր պատերազմ։

– Իսկ որքանո՞վ եք հավանական համարում, որ նույն Ադրբեջանը կհամաձայնի սահմանազատում ու սահմանագծում անցկացնել Ալմա Աթայի հռչակագրով, ինչպես Հայաստանի իշխանությունն է հայտարարում։

– Ադրբեջանն արդեն ասել է, որ չի ընդունում, այդ դեպքում մենք էլ պետք է 1926 թվականի սահմանները պահանջենք։ Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ տարածքը 29.800 քառակուսի կիլոմետր է, բայց 2021 թվականից հետո Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքից 200 քառակուսի կիլոմետր է գրավել և ուզում է դրանք պահել իրեն, որովհետև դրանք բարձունքներ են, որտեղից նա հսկում է Հայաստանի գյուղացիների դաշտերն ու ճանապարհները։