«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախը դե-ֆակտո եղել և մնում է ինքնակառավարվող անկախ երկիր, դա նաև միջազգային ընկալում է. ԱՀ ԱԳ նախարար

12/02/2021

Հետպատերազմյան իրողություններով պայմանավորված Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, սպասվող մարտահրավերների և դրանց լուծումների մասին InfoPort.am-ը զրուցել է ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ:      

Պարոն նախարար պատերազմը անշուշտ լիովին փոխեց արցախյան հիմնախնդրի շուրջ տասնամյակներ ի վեր ձևվորված ստատուս-քվոն: Կխնդրեի ներկայացնել հետպատերազմյան զարգացումները արցախյան հիմնախնդրի շուրջ, արդյո՞ք Մինսկյան պրոցեսը պետք է շարունակվի, շարունակվելու դեպքում ի՞նչ ակնկալիքներ մենք կարող ենք ունենալ բանակցություններից ստեղծված իրավիճակում:

Այն, որ արցախյան խնդիրը հանգուցալուծված չէ և դրա լուծման ուղղությամբ պետք է ընթանան բանակցություններ, ասում ենք ոչ միայն մենք, այլև Մինսկի խմբի համանախագահ երկրները:  Բանակցությունների առանցքում անշուշտ պետք է լինի Արցախի կարգավիճակի վերջնական ամրագրումը, որը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և Բաքուն դա պետք է հասկանա մեկընդմիշտ: Ունե ՞նք մենք ակնկալիքներ այս առնչությամբ, անշուշտ ունենք, սակայն  պետք չէ շտապել, մատնանշել հստակ ժամկետներ, պետք է քրտնաջան և հետևողական աշխատել, այդ ակնկալիքների իրագործման ուղղությամբ: Վստա ՞հ ենք մենք, որ խնդիրը կհանգուցալուծվի, այո, վստահ ենք, ե ՞րբ, ոչ մեկը այսօր այդ հարցին չի կարող պատասխանել:   

Սակայն այս ֆոնին պետք է մատնանշել մեկ այլ կարևոր իրողություն ևս` Արցախի սուբյեկտայինության հարցը, որի պահպանումը արտաքին քաղաքականության կարևորագույն գերագայություններից է: Սուբյեկտայինությունը այն առանցքային բաղադրիչն է, որի պահպանումը թույլ է տալիս մեզ լինել աշխարհաքաղաքական գործոն: Այն չպետք է նույնականացվի կարգավիչակի հետ: Նույնիսկ իր այս կարգավիճակում Արցախը, պահպանելով իր սուբյեկտայինությունը, եղել է, կա, և պետք է անենք ամեն ինչ, որ հետայսու էլ լինի աշխարհաքաղաքական գործոն: Սուբյեկտայինության պահպանումը գերնպատակ է` հիմքն է մեր հետագա բոլոր հաջողությունների:  

Հաջորդ կարևոր հարցը, որի ուղղությամբ մենք պետք է աշխատենք, դա Մինսկի խմբի համանախագահության ներկայիս ձևաչափի պահպանումն է: Մենք գիտենք, որ Թուրքիան համանախագահության ֆորմատում ընդգրկվելու նկրտումներ ունի, սակայն մենք դա չպետք է թույլ տանք դա:

Դուք այդպիսի հնարավորություն տեսնու՞մ եք: 

Գործնականում ոչ, որովհետև նման որոշումները պետք է ընդունվեն կողմերի կոնսենսուսով, իսկ մենք դրան երբեք չենք համաձայնի:

Պ-ն նախարար, Դուք ասում եք Արցախի կարգավիճակի վերջնական ամրագրում, բայց ո՞ր սահմաններում: 

Անշուշտ դեօկուպացիայի խնդիրը մեր օրակարգի կարևորագույն հարցերից է, այն միշտ ներառնված կլինի մեր օրակարգում, բայց այս հարցերի շուրջ մենք պետք է դրսևորենք զուսպ և հավասարակշռված գործելավոճ, շատ գործենք և քիչ խոսենք: Այս դեպքում մենք կարող ենք ավելի շատ արդյունքների հասնել, քան անիմաստ կենացներ ասելով, կամ էմոցիաներ դրսևորելով: Դա կարող է շատ վտանգավոր հանգրվանի բերել:   

Անդրադառնանք Ռուսաստանի հետ հարաբերություններին` տարատեսակ վարկածներ են հնչում` ՌԴ կազմի մեջ մտնելուց, մինչև Ստեփանակերտ-Մոսկվա ուղղահայաց հարաբերությունների ձևավորում: Ինչպե՞ս եք տեսնում Ռուսաստանի հետ հետագա փոխհարաբերությունները` հաշվի առնելով հետպատերազմյան նոր իրողությունները և ռուս խաղաղապահների առկայությունը Արցախում:  

Այս առնչությամբ հղում կատարեմ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերին, ով Արցախի Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին կանխատեսումները անվանեց «էկզոտիկ»: Լավրովի հայտարարություններից հստակ երևում է, գոնե հասկացողները կհասկանան, որ Արցախը դե-ֆակտո եղել և մնում է ինքնակառավարվող անկախ երկիր: Իսկ սա նշանակում է, որ ինչպես նախկինում, հիմա էլ մենք քաղաքական սուբյեկտ ենք` տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործոն, և մեզ համար հիմա այդ սուբյեկտայինության պահպանումը արտաքին քաղաքական գերակայություն է: 

Ինչ վերաբերվում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա պետք է ասեմ, որ Սփյուռք ունեցող ժողովուրդները պարտավոր են լավ հարաբերություններ ունենալ այն երկրների հետ, որտեղ ունեն սփուռքյան համայնքներ: Ռուսաստանում մենք ունենք ամենա մեծ հայկական համայնքը, որի մի ստվար զանգվածը ծագումով արցախցի են, և մենք պետք է էլ ավելի խորացնենք փոխգործակցությունը ՌԴ հետ` հատկապես վերջին իրադարձությունների ֆոնին, երբ ՌԴ խաղաղապահները տեղակայված են Արցախում և ապահովում են արցախցիների անվտանգությունը: Ռուսաստանը մեզ համար եղել է, կա և կմնա եղբայրական երկիր:

Խոսակցություններ կան, որ շուտով Արցախի բնակիչները կստանան ՌԴ անձնագրեր…

ՌԴ քաղաքացիություն, կամ որևէ այլ երկրի քաղաքացիություն ստանալու հարցը յուրաքանչյուր մարդու ընտրությունն է, հատկապես հաշվի առնելով այն, որ Ռուսաստանի անձնագրեր ստանալու գործընթացը բավականին ազատականացվել է վերջին շրջանում` նախկին ԽՍՀՄ ժամանակաշրջանում և նրա տարածքում ծնված անձանց համար: Եվ այդ առումով  անձնագրեր ստանալու հարցը որևէ կերպով ածանցյալ չէ ՌԴ խաղաղապահների առկայությամբ Արցախում:       

Ձեր կարծիքով, ՌԴ խաղաղապահների առկայությունը, որքանո՞վ է երաշխավորում Արցախի անվտանգությունը և տարածաշրջանի կայունությունը, որովհետև, ըստ քաղաքագիտական որոշ կանխատեսումների, գլոբալ աշխարհաքաղաքական շահերի բախման դեպքում խաղաղապահները չեն կարողանա զսպող օղակի դեր խաղալ:

Ես համաձայն չեմ այդ կարծիքների հետ, խաղաղապահները անվտանգության երաշխիք են, քանզի Ադրբեջանը չի հանդգնի անտեսելով խաղախապահնմերի առկայությունը, հարձակվել Արցախի վրա: Դա կնշանակի, որ Բաքում մարտահրավեր է նետում Մոսկվային` իսկ նա չի հանդգնի գնալ այդ քայլին: Այս առումով խաղաղապահները առկայությունը գրեթե զրոյի է հավասարեցնում երկկողմանի պատերազմի հնարավորությունը: Այլ հարց, որ չի կարելի բացառել գլոբալ պատերազմի հավանականությունը, որը կարող է ներառել տարածաշրջանի այլ երկրներ և չշրջանցել նաև մեզ, բայց այդ դեպքում իրավիճակի զարգացումները արդեն մեզանից կախված չեն լինի:         

Պարոն Բաբայան, հաճախ հնչող հարցերից մեկը նա է, արդյո՞ք հինգ տարի հետո կերկարաձգվի ռուս խաղաղապահների Արցախում տեղակայման պայմանգիրը:

Տեսեք, ռուս խաղաղապահները ինչի ՞ համար են այստեղ տեղակայված` որպեսզի ապահովեն տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը: Քանի դեռ խնդիրը կարգավորված չէ, տարածաշրջանային կայունության և խաղաղության մասին խոսել չի կարելի, դա տեղի կունենա այն ժամանակ, երբ խնդիրը համապարփակ կլուծվի, իսկ համապարփակ լուծում` նշանակում է կարգավիճակի հարցի վերջնական ամրագրում: Կկարողանանք մենք հինգ տարի հետո հասնել դրան` ես կարծում եմ, ոչ` հաշվի առնելով Ադրբեջանի  մաքսիմալիստական նկրտումները Արցախի կարգավիճակի հարցում, իսկ այդ նկրտումների իրականացմանը Բաքում երբեք չի հասնի` Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում: Հաշվի առնելով այս իրողությունները` ես չեմ կարծում, որ հինգ տարի հետո խաղաղապահների առկայության անհրաժեշտությունը կվերանա: Ուստի հակված եմ մտածել, որ պայմանագիրը կերկարացվի:

Պարոն Բաբայան, Դուք բազմիցս խոսել եք Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հնարավորություն ների մասին, այս առնչությամբ նորություններ կա՞ն:

Օդանավակայանը վերաշահագործվելու է: Սկզբնական շրջանում օդանավակայանից կօգտվեն խաղաղապահ առաքելությանը սպասարկող օդանավերը, ապա, կարծում եմ, նաև քաղաքացիական օդանավերը: Սակայն որևէ հստակություն ժամկետների կամ այլ առումներով դեռևս չկա:

Եվս մի հարց, վերջերս լուրեր էին շրջանառվում, որ օտարերկրացիների մուտքը Արցախ հետայսու կարգավորվելու է Ադրբեջանի իշխանությունների կողմից, այս առնչությամբ ի՞նչ կասեք:

Այդ լուրերը կատարյալ հերյուրանք են և սադրանք, դրանք միայն վնասում են Արցախի ետպատերազմյան փխրուն կայունությանը: Արցախի Հանրապետություն մուտք գործելու ընթացակարգի որևէ արմատական փոփոխություն տեղի չի ունեցել: Մենք շարունակում ենք մուտքի վիզաներ տրամադրել այն երկրների քաղաքացիներին, որոնք պետք է ստանան համապատասխան թույլտվություն: Բացի այդ, կան երկրներ, որոնց քաղաքացիների համար մուտքի վիզա ստանալու պահանջ չկա, սակայն  նրանք պարտադիր պետք է ներկայանան Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչություն և ստանան համապատասխան փաստաթուղթ, որով թույլատրվում է նրանց մուտքն Արցախ: Այդ գործընթացն առավել կանոնակարգելու անհրաժեշտությունը պայմանավորված է ռուս խաղաղապահների Արցախ ահաբեկչական տարրերի հնարավոր ներթափանցման մտավախությամբ: Եթե, Աստված մի արասցե, նման բան լինի, այդ  պատասխանատվությունը նաև ռուս խաղաղապահ առաքելության տիրույթում է: Այս համատեքստում մուտքի գործընթացը պետք է առավել կանոնակարգվի: Ընդամենը պահանջվում է, որպեսզի այցից առաջ օտարերկրյա քաղաքացիները ներկայանան ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն, որից հետո տվյալները կփոխանցվեն մեզ, իսկ մեկ օր առաջ՝  նաև ռուս խաղաղապահներին: Նրանք առավել մեծ հնարավորություններ ունեն պարզելու՝ տվյալ անձը ընդգրկվա՞ծ  է որևէ ահաբեկչական խմբավորման մեջ, թե ոչ: Սակայն առայսօր չի եղել գեթ մեկ դեպք, որ իրենք որևէ անձի մուտքի պահով կասկածներ հայտնեն: Այս կանոնակարգը միայն միտված է բարձրացնելու մեր անվտանգությունը: Նշեմ նաև, որ սփյուռքահայերի մուտքն Արցախ որևէ կերպ չի սահմանափակվելու: Պարզապես պետք է 1 օր սպասել, որպեսզի այդ ցուցակը ներկայացվի, և որևէ խնդիր չլինի:

Պ-ն Բաբայան, խոսակցություններ կան, որ ստեղծված իրավիճակում Արցախի բանակաշինության ոլորտում նույնպես տեղի կունենա արմատական ռեֆորմներ...

Անկախ նրանից ինչ ռեֆորմներ կլինեն, կարևորը այն է, որ մենք ունենալու ենք բանակ, և այն պետք է լինի շատ մարտունակ:    

 Պ-ն նախարար, վերջերս նորից ակտիվացել է արտասահմանյան երկրների տեղական ինքնակառավարման մարմինների, որոշ դեպքերում  նաև օրենսդիր իշխանության կողմից Արցախի ճանաչման գործընթացը, ի՞նչ եք կարծում այդ պրոցեսը որևէ օգուտ կբերի Արցախի միջազգային ճանաչման հարցում: 

Դա անշուշտ բարոյական և իրավական տեսանկյունից կարևոր գործընթաց է: Անշուշտ դա առաջընթաց է: Սակայն մենք պետք է հասկանանք, որ ճանաչումը գլոբալ աշխարհաքաղաքական պրոցես է: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք այդ գործընթացից, ընդհակառակը, որոշ, փոփոխություններ մտցնելով մեր մարտավարության մեջ, պետք է ավելի խթանենք այն: Սա էլ է գրավական մեր սուբյեկտայինության պահպանման համար:  

Պարոն նախարար, որպես վերջաբան ներկայացրեք խնդրեմ արտաքին քաղաքականության հաջողության ձեր բանաձևը: 

Հայրենասիորթւոն, պռոֆեսինալիզմ, սառը դատողություն, եթե այս գաղափարները միաձուլվում են` մենք կարող ենք սարեր շուռ տալ: