«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պուտինի ատամնացավը եւ Բուշի ստվերը

08/08/2020

2020 թվականի հուլիսին լույս տեսավ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի «Փոթորիկների ժամանակը» (Le Temps des Tempêtes) հուշերի գիրքը, որում նա, մասնավորապես, պատմել է 2008 թվականի օգոստոսի 8-ին Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ սկսված զինված հակամարտության կարգավորման գործում իր միջնորդական դերի մասին: «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը հրապարակել է գրքի այդ մասը, որից որոշ հատվածներ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Ֆրանսիայի նախագահը գրում է, որ պատերազմի մասին իմացել էր 2008 թվականի օգոստոսի 8-ին՝ Պեկինի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ:

«Ես նոր էի տեղավորվել մարզադաշտում, երբ ինձ մոտեցավ գունատ ու նյարդայնացած Ժան-Դավիդ Լեւիթը՝ իմ գլխավոր դիվանագիտական խորհրդականը.

«Ես հենց նոր շատ վատ լուր իմացա: Ռուսական բանակը հատում է վրացական սահմանը: Կարծես թե նրանք պատրաստվում են երկիր ներխուժել»: Վլադիմիր Պուտինը նստած էր ինձանից քսան մետր այն կողմ: Ես իսկույն մոտեցա նրան, հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվում: Խնդրեցի գոնե 48 ժամ տալ, որպեսզի իրավիճակը հանգստանա, սակայն սառը մերժում ստացա. «Ո՛չ, ո՛չ եւ ո՛չ»: Վայրը, որտեղ մենք գտնվում էինք, բոլորովին հարմար չէր նման զրույցի համար: Բացի այդ, չէի ցանկանում հրապարակային սկանդալ սարքել»:

Սարկոզին գրում է, որ Չինաստանից Ֆրանսիա վերադառնալուց հետո նա իմացավ, որ վիճակն «ավելի ու ավելի է վատանում»:

«Ռուսական բանակը գտնվում էր Վրաստանի տարածքում, իսկ որ ամենավատն է՝ շարժվում էր Թբիլիսիի ուղղությամբ: Բոլորը շոկի մեջ էին: Ես որոշեցի զանգահարել նախագահ Դմիտրի Մեդվեդեւին»:

Այդ որոշումը տարաձայնություններ առաջացրեց Սարկոզիի խորհրդականների մոտ:

«Նրանց մի մասը գտնում էր, որ ես պետք է խոսեմ վարչապետ Պուտինի հետ, մարդու, ով իրական որոշում կայացնողն է, մյուսները համարում էին, որ պետք է պահպանել արարողակարգը եւ զանգահարել նախագահին: Ես նույնպես կարծում էի, որ Մեդվեդեւին անտեսելը ծիծաղելի վիճակի մեջ կդնի նրան: Գիտեի նաեւ, որ եթե Պուտինը ցանկանա, նա միշտ կարող է միանալ բանակցություններին:

Մինչեւ Մեդվեդեւի հետ խոսելը, մշակեցի 3 կետից բաղկացած ծրագիր, որն ուղղված էր մինչեւ օգոստոսի 8-ը տիրող ստատուս-քվոյի վերականգնմանը: Մեդվեդեւն իրեն բնորոշ ջերմությամբ լսեց ինձ, թեեւ որեւէ պարտավորություն չստանձնեց: Այդ ժամանակ ռուսական զորքերը շարունակում էին իրենց առաջխաղացումը Վրաստանի տարածքով: Օգոստոսի 11-ին նրանք արդեն Թբիլիսիից 25 կմ հեռավորության վրա էին: Ես արդեն պատկերացնում էի ամենասարսափելի սցենարը. Սաակաշվիլիի տապալումը եւ նրա փոխարինումը Կրեմլի կողմից նշանակված ռուսամետ կառավարությամբ: Ինձ զանգահարեց Ջորջ Բուշը եւ ասաց, որ սատարում է իմ պլանին, սակայն պահանջում է նաեւ, որ ռուսները պատժվեն: Այդ պատիժը (բարեբախտաբար) ռազմական ինտերվենցիա չէր ենթադրում: Ես հայտնվեցի երկու քարի արանքում. ռուսները համարում էին, որ ես բռնել եմ վրացիների կողմը, իսկ ամերիկացիները եւ որոշ եվրոպացիներ կարծում էին, որ ես չափազանց հանդուրժողական եմ տրամադրված ռուսների հանդեպ: Իրականում, ես հավասարակշռված դիրքորոշում ունեի»:

Դրանից հետո Սարկոզին եւս երկու անգամ խոսեց Դմիտրի Մեդվեդեւի հետ:

«Ես գիտեի, որ նա այն մարդը չէ, ով որոշումներ է կայացնում Կրեմլում: Սակայն նաեւ գիտեի, որ նա վստահում է Պուտինին: Կարճ ասած, որոշեցի օգտվել նրա տատանումներից եւ գնացի վա-բանկ. ասացի, որ պատրաստ եմ գալ Մոսկվա՝ ավելի խորը բանակցությունների համար: Մեկնելուց առաջ մեկ պայման դրեցի. «Ես կգամ, բայց երբ իմ ինքնաթիռը վայրէջք կկատարի Մոսկվայում, ես սպասելու եմ պաշտոնական հաղորդագրության այն մասին, որ ռուսական զորքերը կանգ են առել: Հակառակ դեպքում ես կվերադառնամ, եւ ոչ մի քայլ չեմ անի Մոսկվայում»: Ինձ պետք էր այդ երաշխիքը, որովհետեւ իմ թիմի մի մասը մտավախություն ուներ, որ մենք կարող ենք հայտնվել Մոսկվայի պատրաստած ծուղակում»:

Պեկինից վերադառնալուց 3 օր անց Սարկոզին մեկնեց Մոսկվա:

«Վայրէջքից տասը րոպե առաջ ես պաշտոնական հաղորդագրություն ստացա, որ Մոսկվան կարգադրել է իր տանկերին կանգ առնել: Ես հանգիստ շունչ քաշեցի. այցը լավ էր սկսվում: Սակայն տանկերը կանգնեցնելը բավական չէր. հիմա պետք էր այնպես անել, որպեսզի նրանք ետ քաշվեն: Նախագահ Մեդվեդեւը եւ արտաքին գործերի «հավերժ» նախարար Լավրովը սպասում էին մեզ»:

Հանդիպումից անմիջապես հետո Մեդվեդեւը մի կողմ տարավ Սարկոզիին եւ հարցրեց. արդյո՞ք նա դեմ կլինի, եթե ընթրիքին իրենց միանա Պուտինը:

«Հակառակը, ես ուրախ կլինեմ, եթե տեսնեմ նրան հենց սկզբից»: Ես նույնիսկ մտածեցի, որ Պուտինի մասնակցությունը կհեշտացնի գործը. ես որեւէ հույս չունեի, որ ռուս գեներալները կենթարկվեն նախագահ Մեդվեդեւի հրամաններին, ինչը չես ասի Ռուսաստանի վարչապետի մասին:

Եվ ահա հայտնվեց Վլադիմիր Պուտինը՝ մի փոքր այտուցված այտով: «Ատամս անտանելի ցավում է, նոր եմ գալիս ատամնաբուժից: Ես շատ վատ տրամադրություն ունեմ», - ասաց նա: Լսելով այդ խոսքերը, հասկացա, որ լավ բանի սպասել պետք չէ: Մենք նստեցինք փոքրիկ սեղանի շուրջ: Չորս հոգով էինք՝ Ժան-Դավիդ Լեւիթը, ես եւ ռուսաստանցի երկու առաջնորդները:

Կողքի սենյակում ընթրում էին Սերգեյ Լավրովը, Բերնար Կուշները (2007-2010թթ. Ֆրանսիայի արտգործնախարարը), Մեդվեդեւի աջ ձեռքը՝ Սերգեյ Պրիխոդկոն եւ իմ խորհրդական Դեմիեն Լորասը:

Ընթրիքը աներեւակայելի վատ մեկնարկեց: Պուտինը երկար մենախոսություն սկսեց: Առնվազն 15 րոպե նա ոչ մեկին չթողեց մի բառ ասել: Դա մեղադրական ճառ էր Սաակաշվիլիի քաղաքականության, նրա մեթոդների, նրա անձի հասցեին: Նա այնքան զայրացած էր, որ մի քանի անգամ խաչակնքվեց, երբ հիշատակում էր Վրաստանի նախագահի անունը»:

Այդ մենախոսությունը եւ Պուտինի ժեստերը մեծ տպավորություն գործեցին Սարկոզիի վրա:

«Վերջում նա, ոչ ավել, ոչ պակաս, ինձ ասաց. «Սաակաշվիլիի հանցագործությունն այնքան մեծ է, որ նա չի կարող շարունակել մնալ այն տեղում, որտեղ հիմա է»:

Ես առանց այդ էլ հանգիստ բնավորություն չունեմ, բայց այս ամենի հետեւանքով կորցրեցի համբերությունս: Ես դժվարությամբ ընդհատեցի նրան եւ հունից դուրս գալով, ասացի. «Ես չեմ եկել Ֆրանսիայից, որ լսեմ քո հայհոյանքները ՄԱԿ-ի անդամ հանդիսացող երկրի ղեկավարի հասցեին: Այստեղ ինձ բերել է իմ բարի կամքը, որ օգնեմ ձեզ, որ ելք գտնենք այս դժվար իրավիճակից: Իրավիճակից, որից բոլորը պարտված դուրս կգան, եւ առաջին հերթին՝ դու: Չե՞ս ուզում դա հասկանալ: Շատ լավ, ուրեմն ես վերադառնում եմ»: 

Սարկոզին հիշում է, որ տաքանալով, վեր թռավ տեղից, վերցրեց աթոռից կախված բաճկոնը, եւ շարժվեց դեպի դուռը:

«Բայց ու՞ր ես դու գնում», - լսեցի Պուտինի մտահոգված ձայնը: «Ես այստեղ անելիք չունեմ: Ես չեմ կարող մի բառ ասել, դու չես ուզում ոչինչ լսել: Այնպես որ ես կհայտնեմ մամուլին, որ իմ առաքելությունն ամբողջովին ձախողվեց», - պատասխանեցի ես: Պուտինը վեր կացավ եւ այս անգամ ավելի քաղաքավարի տոնով խնդրեց ինձ մնալ բանակցությունները շարունակելու համար, ես էլ նկատեցի, որ բանակցությունները չեն էլ սկսվել: Սակայն այդ ամենն արդեն հուսադրող էր:

Պուտինը շարունակեց.

«Ես մեկ հարց ունեմ քեզ. երբ քո ընկեր Բուշը կախաղան հանեց Սադամ Հուսեյնին, դու մատը մատիդ չխփեցիր: Իսկ երբ ես քեզ ասում եմ, որ Սաակաշվիլիին պետք է հեռացնել, դու պատրաստ ես վեր կենալ ու գնալ: Ինչո՞վ է պայմանավորված այդ երկակի ստանդարտը»: «Ահա, պարզվում է, որ դու երազում ես ավարտել ինչպես Բուշը, որին ատում է աշխարհի երկու երրորդը», - պատասխանեցի ես: «Չգիտեի, որ դա է քո կյանքի նպատակը»:

Այդ բառերի վրա, գրում է Սարկոզին, Պուտինը ծիծաղեց եւ բացականչեց. «Ընդունեցի»: Դրանից հետո սկսվեց հանգիստ խոսակցությունը:

«Նրա ատամնացավը գրեթե անցել էր, համենայնդեպս, այն այլեւս նրան չէր անհանգստացնում: Վերջապես տեսա հանգիստ եւ գործնական մարդու: Ես փորձեցի նրան բացատրել, որ այս կոնֆլիկտը միայն աղետ կբերի իր հետ: Ի՞նչ հեղինակություն ձեռք կբերի Ռուսաստանը, ավիրելով չորսմիլիոնանոց երկիրը: Մեր զրույցը տեւեց չորս ժամ՝ շատ հանգիստ մթնոլորտում: Սակայն, մենք որեւէ ելք չգտանք»:

Այնուհետեւ Սարկոզին առանձնացավ իր թիմի հետ եւ կազմեց խաղաղ համաձայնության ծրագիր`բաղկացած վեց կետից:

«Այդ ծրագրի համաձայն, ռուսաստանյան զինված ուժերը պետք է լքեին Վրաստանի տարածքը: Ռուսական բանակը մնում էր միայն Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տարածքում: Դա իդեալական ելք չէր, սակայն շատ ավելի լավ էր, քան ամբողջ երկրի օկուպացիան: Պուտինը նաեւ համաձայնեց, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ապագա կարգավիճակը պետք է որոշվի ռուս-վրացական բանակցությունների ձեւաչափով`Ժնեւում: Այսպիսով, մենք կարողացանք խուսափել աղետալի սցենարից»:

Հիմա Ֆրանսիայի նախագահին պետք էր արդեն համոզել վրացիներին: Սարկոզիի ինքնաթիռը Թբիլիսի ժամանեց երեկոյան ժամը 10-ին: Նրա խոսքերով, Վրաստանի մայրաքաղաքը ամբողջությամբ մթության մեջ էր:

«Երկրում պատերազմ էր, զավթիչների տանկերը կանգնած էին օդանավակայանից 25 կմ հեռավորության վրա: Մինչ այդ ես երբեք այդքան մոտ չէի եղել ռազմաճակատի առաջնագծին: Քաղաքում կյանքի որեւէ նշույլ չկար, ամենուրեք քար լռություն էր: Բացառություն էին կազմում միայն խորհրդարանի շենքն ու նախագահական պալատը: Պալատը կանգնած է բարձունքի վրա եւ շատ ագրեսիվորեն լուսավորված էր՝ տարօրինակ հակադրություն մեջ մտնելով մթության մեջ կորած քաղաքի մյուս մասերի հետ»:

Նախագահ Սարկոզին եւ նրա պատվիրակությունը մտնում են Վրաստանի նախագահի աշխատասենյակը:

«Այնտեղ ինձ շատ անկեղծ եւ զգացմունքային ընդունելություն էր սպասում: Այնտեղ էին նաեւ Լիտվայի, Լեհաստանի եւ Ուկրաինայի նախագահները, որոնք իրենց ներկայությամբ աջակցություն էին հայտնում Վրաստանին: Անկյունում առանձին կանգնած երկու մարդ նկատեցի: Երեւում էր, որ նրանք վրացի չեն: Ես հարցրեցի, ո՞վ են նրանք եւ ի՞նչ են այստեղ անում: Ինձ բացատրեցին, որն դրանք Սաակաշվիլիի ամերիկացի խորհրդականներն են: Ես պահանջեցի, որ նրանք անմիջապես լքեն սենյակը: Ես ուզում էի խոսել վրացի առաջնորդների հետ դեմ առ դեմ, առանց կողմնակի վկաների»:

Սարկոզին նշում է, որ Թբիլիսիում իր խոսակցությունները, հնարավոր է, գաղտնալսվում էին:

«Ես մեկ րոպե անգամ չէի կասկածում, որ ռուսներն ունեն բավարար տեխնոլոգիական կամ մարդկային ռեսուրս, որպեսզի հստակ իմանան, թե ինչ է կատարվում Թբիլիսիում: Արդեն կեսգիշեր էր, երբ մենք սկսեցինք առարկայական զրույցը: Ես փորձեցի բացատրել. կամ Վրաստանը կընդունի իմ պլանը, կամ Թբիլիսին կհայտնվի ռուսների ձեռքում, ինչը կնշանակի անկախ Վրաստանի վախճանը»:

Սարկոզին հիշում է, որ Սաակաշվիլիի համար անընդունելի էր համաձայնության այն կետը, որի համաձայն Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ապագա կարգավիճակը պետք է քննարկման առարկա դառնար բանակցությունների ժամանակ:

«Գիշերը ժամը մեկին ես զանգահարեցի Մեդվեդեւին եւ խնդրեցի նրան հանել այդ կետը: Նրանց համար դա ավելի հեշտ էր, առավել եւս, որ ռուսական բանակը մնում էր այդ տարածքում: Ի պատասխան, Մեդվեդեւը շնորհակալություն հայտնեց ինձ կատարված աշխատանքի համար: Ակնհայտորեն նա ամեն ինչից տեղյակ էր: Վրացական համակարգը շատ ավելի թափանցիկ էր Կրեմլի ականջների համար, քան դա պատկերացնում էին Թբիլիսիում ինձ ընդունող մարդիկ»: