«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանը վախի մթնոլորտ է ստեղծում, որպեսզի սողացող պատերազմի տեսքով նոր տարածքներ գրավի. Դավիթ Կարապետյան

08/04/2024

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը

 Պարո՛ն Կարապետյան, ադրբեջանական կողմը սահմանին կրակելով ի՞նչ նպատակ է հետապնդում, հնարավո՞ր է, որ այդ կրակոցներն ինչ-որ պահի վերածվեն ռազմական լայնածավալ էսկալացիայի։

– Լայնածավալ պատերազմի հավանականությունը միշտ առկա է ու չի բացառվում, որ եղանակային պայմաններից ելնելով էլ, քանի որ նպաստավոր են, պատերազմական գործողությունների ականատեսը դառնանք՝ առայժմ լոկալ, հետո՝ լայնածավալ։ Ու քանի որ արդեն իսկ խոսակցությունները լրջանում են այն մասով, որ Ադրբեջանը զորք և զինամթերք է կուտակում ողջ սահմանի երկայնքով, դա փաստ է։ 

Բացի այդ՝ Ադրբեջանի ՊՆ-ն վստահեցնում է, որ իրենք ամեն րոպե պատրաստ են «համար 1» տալ, իրենց զինված ուժերը մարտական վիճակի են բերված, հետևաբար նրանք պատրաստ են ռազմական գործողությունների։ Առանց գերագնահատելու, բայց և չթերագնահատելով՝կարևորում եմ ԵՄ դիտորդական առաքելությունը, ամեն դեպքում դա ողջունելի է այնքանով, որ գոնե մասամբ երևում է, թե սադրանք իրականացնող կողմը ո՛վ է, ու առաջնահերթ կրակոցները որտեղից են գալիս։ 

Միաժամանակ, մի փոքր տարակուսած ու զայրացած եմ այն մասով, որ մեր արտգործնախարարը, բազմաթիվ ԶԼՄ-ներ, իշխանական պատգամավորներից ոմանք սահմանային այդ կրակոցները բնութագրում են՝ որպես «անկանոն, ուղղակի կրակոցներ», «հիստերիկ դրսևորումներ»։ «Անկանոն կրակում են» հասկացություն չկա, երբ թշնամին կրակում է՝առավելևս խոցելով քաղաքացիական նշանակության օբյեկտներ, ուրեմն դա կոնկրետ նպատակով է արվում, հստակ կրակում են վախի մթնոլորտ առաջացնելու համար, բնականաբար,պետք է նաև պատասխան կրակոցներ լինեն, որովհետև զսպելու այլ տարբերակ չկա։

 Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է պետական մակարդակով նման խոսույթ շրջանառվում։

– Չեմ կարող ասել, համենայնդեպս, նորամուծություն է՝ որպես այդպիսին, որովհետև նույնիսկ ռազմական փորձագետների համար դա տարակուսանք առաջացնող է, որովհետև ի՞նչ է նշանակում «անկանոն կրակոցներ, հիստերիկ դրսևորում»։ Անկանոն չի կրակում, որովհետև եթե մենք արձանագրում ենք, որ վնասվում են նաև քաղաքացիական օբյեկտներ, ուրեմն դականոնավոր կրակահերթ է, այսինքն՝ իրենք հստակ գիտեն՝ ո՛ւր են կրակում, ինչի՛ համար։ 

Տվյալ դեպքում, եթե տավուշյան գյուղերից սկսած մինչև Սոթք-Խոզնավար հատվածը հնչում են կրակոցներ, ապա դա արվում է տեղաբնակների մեջառայժմ վախի մթնոլորտ ստեղծելու համար, որովհետև թշնամու համար հեշտ կլինի լքված գյուղերի պարագայում ռազմական գործողություններ սկսել։ Ադրբեջանը հիմա այդ է անում, որպեսզի նույն բնակավայրերում կամ հարակից շրջաններում՝ սողացող պատերազմի տեսքով նոր տարածքներ գրավի։ Նրանք նկատել են, որ սողացող պատերազմի տարբերակը շատ լավ է աշխատում։

 Պարո՛ն Կարապետյան, Թուրքիայի նախկին արտգործնախարարը, ըստ էության նկատի ունենալով ապրիլի 5-ին տեղի ունեցած բրյուսելյան հանդիպումը, ասել է հետևյալը. «Եթե Արևմուտքը հրահրում է Հայաստանին պատերազմի, ապա մենք Ադրբեջանի կողքին ենք»։ Այս հայտարարությունն ինչի՞ մասին է։

– Դա շատ կոնկրետ հայտարարություն է ու հստակ մեսիջ՝ ուղղված Հայաստանին, որ Ադրբեջանը երբեք մենակ չի եղել ու չի էլ մնա, Թուրքիան նրա կողքին է, ու ես ուզում եմ հիշեցնել նաև «Շուշիի դեկլարացիայի» մասին, որը նաև ռազմական համագործակցության ու դաշնակցային հարաբերությունների մասին է, առ այն, որ Թուրքիան Ադրբեջանի հանդեպ սահմանային ցանկացած ոտնձգության կամ սահմանային միջադեպի պարագայում անմիջապես մասնակից կդառնա ռազմական գործողությունների: Հետևաբար, սա հստակ մեսիջ է և՛ հավաքական Արևմուտքին, և՛ հատկապես մեզ առ այն, որ այս համատեքստում Թուրքիան ունի հստակ դիրքորոշում՝ պաշտպանելու Ադրբեջանին։ Ու բնավ կապ չունի, որ սա ասում է նախկին արտգործնախարարը, դա Թուրքիայի պաշտոնական կարծիքն է, որը նա արտահայտում է, ժամեր անց մենք կարող ենք ականատես լինել Թուրքիայի գործող ավելի բարձրաստիճան պաշտոնյայի նույն արտահայտությանը։ 

 Իսկ հնարավո՞ր է, որ Թուրքիան այսկերպ հող է նախապատրաստում ադրբեջանականհնարավոր էսկալացիայի համար՝ ստեղծելով կեղծ ֆոն, թե Հայաստանն է դրդել Ադրբեջանին ռազմական գործողությունների գնալ՝ ինքնապաշտպանական նպատակով։

– Չի բացառվում, ավելին  ասեմ՝ Թուրքիան շատ լավ հասկանում է, որ երբ հավաքական Արևմուտքն ասում է՝ տարածաշրջանային հարցերը լուծեք տարածաշրջանում, ու հավաքական Արևմուտքի կողմից բանակցողը Թուրքիային են պատկերացնում, այդ համատեքստում, ես կարծում եմ, որ նրանք սպասում են, թե ինչպիսի զարգացումներ կլինեն հայ-ռուսական հարաբերություններում, քանի որ գաղտնիք չէ, որ դրանք այսօր խոր ճգնաժամի մեջ են, ու չի բացառվում, որ կարող է պահանջ առաջանալ, որ գործող իշխանությունները հստակ դիրքորոշում հայտնեն ռուսական ռազմաբազայի մասով, այսինքն՝ Թուրքիան այս պահին շտապելու առիթ չունի, հետևելու կարիք ունի, ինչն էլ անում է։ 

Եթե մենք ականատեսը լինենք ռուսական զորքի դուրսբերմանը, ապա Թուրքիայի համար խնդիր չէ, որովհետև նրանց Ռազմական դոկտրինով 20 րոպեի խնդիր է Երևանի գրավումը։ Ես չեմ բացառում, որ Թուրքիան, որովհետև մենք ականատես ենք եղել, թե ինչպես է մուտք գործել Սիրիայի սուվերեն տարածք, հետագայում գրավի Հայաստանի տարածքը, ոչինչ չի բացառվում, ռուսական հանգամանքով է պայմանավորված ամենը։ Եթե մենք վերջնականապես խզենք հարաբերությունները ու բերենք հասցնենք այն հանգրվանին, որ ռուսական զորամիավորումները դուրս գան Հայաստանից, ապա շատ հավանական է, որ մենք կանաչ լույս ենք տալիս Թուրքիային՝ Հայաստանն ամբողջությամբ օկուպացնելու։