«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանի նշանակությունը ՀՀ համար. Վարդան Ոսկանյան

23/09/2023

Generalnews.am-ի հյուրն է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, բգթ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը.

Մեր հարևան և բարեկամ Իրանի տեղն ու դերը ժամանակակից միջազգային հարաբերություններում օրեցօր ավելի ծանրակշիռ է դառնում։ 2020 թ հետո տարածաշրջանում բավական լուրջ ձևախեղումներ եղան ինչպիսի՞ն է Իրանի դերակատարումն այդ փոփոխություններում, կարո՞ղ է արդյոք ՀՀ-ն պահպանել հայ-իրանական բարեկամական հարաբերությունները,  Իրան-Արևմուտք և Իրան-ՌԴ հարաբերությունների տարատեսակ ելքերի դեպքում ի՞նչ հնարավորություններ կամ ի՞նչ մարտահրավերներ են սպասվում ՀՀ-ին այս և նմանատիպ հարցերի շուրջ էլ խոսել ենք իրանագետ պրոֆեսոր Վարդան Ոսկանյանի հետ 

- Պարոն Ոսկանյան, շնորհակալություն զրույցի հրավերն ընդունելու համար։ Միանգամից խոսենք 2020 թ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ՀՀ-ին պարտադրված պատերազմում իրանական դիվանագիտության շուրջ՝ կապված հետևյալ դրվագի հետ այս պատերազմի ընթացքում Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարեց, որ Ղարաբաղի պատերազմը պետք է ավարտվի, ինչի համար գլխավոր պայմաններից մեկը համարում էր Հայաստանի կողմից «գրավված տարածքների վերադարձը, իսկ Ադրբեջանի կողմից էլ այնտեղ ապրող հայերի անվտանգության երաշխավոր լինելը»։ Սակայն, մյուս կողմից, ակնհայտորեն թույլ էր տրվում ՀՀ հասցնել բոլոր այն զինատեսակները ԻԻՀ ցամաքային կամ օդային սահմանով, ինչի կարիքը հայկական զինված ուժերն ունեին ինչպե՞ս հասկանալ այս հակասությունը

- Բարև Ձեզ, ես եմ շնորհակալ հարցազրույցի հրավերի համար։ Ինչ վերաբերում է 44 օրյա պատերազմում իրանական դիրքորոշումներին և հատկապես դրա վերջնական փուլում Իրանի հոգևոր առաջնորդի հայտնի հայտարարություններին, ապա ակնհայտ է, որ այդ համատեքստում պետք է արձանագրել, որ դրանք կատարվել են պատերազմի հենց վերջնափուլում։ Դա այն ժամանակահատվածն էր, երբ արդեն Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին հաջողվել էր Արցախի Հանրապետությունից կտրվել մերձարաքսյան գոտին և հայտնվել Իրանի սահմանների անմիջական մերձակայքում, հետևաբար երբ Իրանի հոգևոր առաջնորդն այդ ժամանակ խոսում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, ապա արդեն փաստացիորեն գետնի վրա Բաքվի վարչախումբը կարողացել էր Արցախից օկուպացնել զգալի տարածքներ։ Այդ հայտարարության մեջ չափազանց կարևոր էր հայության անվտանգության ապահովման երաշխիքներին անդրադարձը, որն, ըստ էության, արծարծվում է նաև միջազգային այլ հարթակներում։ Ինչ վերաբերում է Հայաստանին իրանական աջակցությանը, ապա դա, ցավոք, որոշ դեպքերում եղել է պասիվ, Իրանի տարածքով Հայաստանը ստացել է անհրաժեշտ օգնություն, սակայն այժմ իրանցի փորձագետները, որոնք որպես կանոն, արտահայտում են Իրանի պետական պատկան մարմինների ոչ պաշտոնական դիրքորոշումները /քանի որ Իրանի պաշտոնական դիվանագիտությունը շատ ավելի հավասարակշռված է/, հստակորեն հայտարարում են, որ այդ օրերին իրենց կողմից համեմատաբար պասիվ վարքագիծը չի բխել Իրանի շահերից, և այս իմաստով, Իրանում այժմ լուրջ քննարկումներ կան նշվածի և հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներում իրանական պետության հետագա քայլերի վերաբերյալ։

- Կխնդրեի անդրադառնալ 2020 թ հետո ձևավորված ԻԻՀ—ՌԴ հարաբերությունների տրամաբանությանը և այդ համատեքստում ՀՀ համար առկա մարտահրավերներին։

- Խոսելով Իրան-Ռուսաստան հարաբերությունների մասին՝ նշեմ, որ այդ հարաբերությունները, հատկապես ուկրաինական պատերազմի ֆոնին, ստացել են գրեթե դաշնակցային բնույթ։ Անշուշտ, կողմերի հարաբերություններում կան որոշակի խնդիրներ, որոնք, սակայն, չեն խանգարում, որպեսզի երկու պետությունները համագործակցեն մի շարք տարածաշրջանների զանազան հարցերի լուծման համատեքստում։ Բնականաբար ասվածն առաջին հերթին վերաբերում է Սիրիային, և արդեն նաև հարավկովկասյան խնդիրներին։ Իրանական կողմը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ էրդողանական վարչախումբը 44 օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո հայտնվել և ամրապնդվել է Հարավային Կովկասում, խոսում է <<3+3>> ձևաչափի մասին ձևաչափ, որը կընդգրկի Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը, Իրանը, Ռուսասատանը և Թուրքիան։ Դա Իրանը համարում է կարևոր հարթակ՝ տարածաշրջանային խնդիրների լուծմանն իր մշտական մասնակցությունն ապահովելու համար։ Այս համատեքստում էլ զարգանում է Իրան-ՌԴ համագործակցությունը, սակայն կա նաև մեկ այլ կարևոր հանգամանք երկու երկրներն էլ այս պահին փաստացիորեն գնում են ռազմաքաղաքական դաշինքի ձևավորման ճանապարհով։ Այդ դաշինքը միգուցե թղթային ձևակերպում չունենա, բայց լինի փաստացի, ուստի կարծում եմ, որ Հայաստանի անվտանգային շահերից  է բխում, որպեսզի մենք ևս կարողանանք որոշակի հարթակ հանդիսանալ ՌԴ-Իրան հարաբերություններում։ Ասեմ նաև, որ այդ դաշինքի համատեքստում աշխարհաքաղաքական իմաստով (թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային իմաստներով էլ) մեզ համար չափազանց կարևոր է հյուսիս-հարավ առանցքը։

- Ադրբեջանական զինված ուժերի կողմից Սյունիքի մի հատվածի գրավման հնարավոր փորձի դեպքում ինչպիսի՞ն կլինի Իրանի արձագանքը չէ՞ որ դա կնշանակի Իրանին դուրս թողնել կովկասյան գործընթացներից։

- Իրանական դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության հարցում չափազանց հստակ է, և Իրանը ուրվագծել է իր կարմիր գծերը բոլոր մակարդակներում։ Դրանցից ամենակարևորը հոգևոր առաջնորդի հայտարարությունն է, որի համաձայն ՀՀ-Իրան հազարամյակների սահմանը որևէ փոփոխության չի կարող ենթարկվել։ Ասեմ, որ Իրանի հոգևոր առաջնորդի յուրաքանչյուր հայտարարություն փաստացի ուղեցույց է այս պետության բոլոր մարմինների համար։ Ոչ պաշտոնական մակարդակում իրանցի փորձագետները հայտարարում են, որ, ըստ էության, Իրանը պատրաստ է ռազմական գործողությունների գնալու, եթե հանկարծ թուրք-ադրբեջանական դաշինքը փորձի ռազմական ճանապարհով ստանալ իր պատրանքների <<թուրանական միջանցքը>>, որը իրենք անվանում են <<զանգեզուրյան միջանցք>>, ուստի այս համատեքստում իրանական գործողությունները շատ կտրուկ և հստակ են լինելու, եթե իհարկե հայկական կողմից էլ դրսևորվի անհրաժեշտ վճռականություն՝ թույլ չտալու, որ թշնամական այդ երկու պետությունները՝ Թուրքիան և արհեստածին Ադրբեջանը, նկրտումներ ունենան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, հատկապես Սյունիքում։

- Ինչպե՞ս եք տեսնում Իրան-Թել-Ավիվ-Բաքու առանցքում ձևավորվող իրողությունները և դրա հնարավոր հետևանքները ՀՀ համար /վերջին շրջանում Իրանում անընդհատ խոսում են <<սիոնիստական վտանգի ակտիվացման մասին>>/։

- Իսրայելի դերակատարումը մեր տարածաշրջանում միտված է առաջին հերթին Իրանին տարբեր հարվածներ հասցնելուն դա վերաբերում է թե՛ ռազմատեխնիկական ոլորտում Բաքու-Թել-Ավիվ համագործակցությանը, թե՛ քարոզչական ոլորտում, թե՛ Ադրբեջանի պետական համակարգը Թել-Ավիվից կառավարելի պահելու հարթությանը, և ակնհայտ է, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցությունը Բաքվի բռնապետական վարչախումբն ուղղում է առաջին հերթին ոչ միայն Իրանի, այլ նաև Արցախի և ՀՀ դեմ, հետևաբար, այստեղ ի հայտ են եկել լուրջ վտանգներ, որոնք ընդհանուր են ՀՀ, Արցախի և Իրանի համար։ Եթե սրան ավելացնենք նաև թուրքական ներկայությունն, ապա Իրանի սահմանների այն հյուսիսային հատվածներում, որոնք ներկայումս վերահսկվում են Բաքվի բարբարոսական վարչակարգի կողմից, այդ սամանների երկայնքով ձևավորվել է հակաիրանական պլացդարմ։ Այն իր մեջ ներառում է նաև օդանավակայաններ, հատկապես Վարանդայի օդանավակայանը, որը կառուցվել է հստակորեն մեկ նպատակով՝ հակաիրանական գործողությունների համար օգտագործելու նպատակով, ուստի այստեղ ևս իրանական կողմը որևէ պատրանք չունի առ այն, որ Ադրբեջանը և Իսրայելը գնում են հարաբերությունների խորացման և դա չի բխելու Իրանի շահերից։ Գնահատականների առումով նշեմ, որ Իսրայելի կառավարության գործողությունները որակվում են որպես անբարո գործողություններ, որովհետև Իսրայելի տրամադրած ռազմատեխնիկական աջակցությունը Բաքվին օգտագործվում են խաղաղ բնակչությանը թիրախավորելու, արցախահայությանը ցեղասպանելու ուղղությամբ, հետևաբար այս համատեքստում, կարծում եմ, որ իսրայելական հանրությունը և հրեա ժողովուրդը պետք է որոշակի ճնշում բանեցնի իր կառավարության վրա, որպեսզի տրամադրվող ռազմաքաղաքական օգնությունը չօգտագործվի ՀՀ և Արցախի խաղաղ բնակչության դեմ։

Հարցազրույցը վարեց պգթ, դոցենտ Մ Գևորգյանը