«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երբ կամփոփվեն ընդունելության քննությունների արդյունքները

23/06/2021

Ուրբաթ օրը դեռ մեկ միասնական քննություն կա, որից հետո կլինի հայտագրման երկրորդ փուլ, բանակից զորացրվածների, արտերկրի, Սփյուռքի դիմորդների համար, հարգելի պատճառով քննությունը դադարեցրածների համար առաջին փուլում։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։ 
Նա տեղեկացրեց, որ երկու փուլի քննություններից հետո նոր կլինի մրցույթ և կպարզվի, թե ովքեր են տեղեր զբաղեցրել։
«Դա իհարկե առաջին հայտով։ Թափուր տեղերի դեպքում էլ մրցույթի երկրորդ փուլ կլինի և արդեն 6 մասնագիտություն կհայտագրեն և կդիմեն արդեն հերթով՝ ըստ մասնագիտությունների։ Այսինքն դրական միավորներ ստացածները, ովքեր առաջին հայտով չեն ընդունվել, արդեն կարող են հավակնել այդ 6 մասնագիտություններին, որոնք նշել են ընդունելության ժամանակ»,- ասաց Գրիգորյանը։
Մինչ երկրորդ փուլը՝ բուհերը պետք է ներկայացնեն իրենց չլրացված տեղերի ցանկը, որ ըստ դրա մրցույթը չհաղթահարած դիմորդները կողմնորոշվեն ու հասկանան, թե ուր են դիմելու։
«Մենք դեռ ունենք առաջին փուլի միասնական քննության վերջին օրը՝ ուրբաթ օրը՝ ամսի 25-ին։ Այդ օրը պետք է հանձնեն Քիմիա և Ռուսերեն առարկաաների քննությունները։
Քննության հաջորդ օրվանից՝ հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը հայտագրման երկրորդ փուլը կլինի բանակից զորացրվածներից, արտերկրից դիմորդների և հարգելի պատճառով բացակայած դիմորդների համար։ Հուլիսի 2-8-ը երկրորդ փուլի քննությունները կանցկացվեն»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ քննությունների երկու փուլերի արդյունքով է միայն մրցույթ կազմակերպվում։
Նա ասաց, որ այս տարի դիմորդները հայտագրվելիս մեկ մասնագիտություն են բոլորը նշել։
«Իրենց ստացած դրական միավորով առավելագույնը մասնակցելու են մի մասնագիտության մրցույթին, ավտոմատ սկզբում անվճար, եթե չեն ընդունվում, ապա վճարովի, այլևս չեն նշում, թե քանիսն են վճարովի, քանիսը՝ անվճար։
Մի մասնագիտություն են նշել։ Եթե այդ մի մասնագիտությամբ չեն ընդունվում, արդեն լրացուցիչ տեղերի դեպքում, կարող են մասնակցել մրցույթի»,- պարզաբանեց խոսնակը։
Նա նաև տեղեկացրեց, որ մյուս շաբաթ ԳԹԿ ղեկավարը ամփոփիչ ասուլիսով հանդես կգա և կներկայացնի ընդունելության քննությունների ամփոփիչ տվյալները։