«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր ելույթով ստի ու մանիպուլյացիայի մրցավազքում գերազանցեց ինքն իրեն. Հայկ Գրիգորյան

10/04/2024

«Ազգային առաջընթաց» կուսակցության նախագահ Հայկ Գրիգորյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին:

Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, նշել է. «Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր ելույթով ստի ու մանիպուլյացիայի մրցավազքում գերազանցեց ինքն իրեն։

Իր ամեն հաջորդ ելույթով նա թերևս նոր ինքնառեքորդ է սահմանում։

Նախորդ ելույթում, առաջին անգամ անդրադառնալով Տավուշի հատվածից սահմանազատումը սկսելու հարցին, Փաշինյանը բառացի ասեց․ «Երբ մենք բարձրացնում ենք Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական գյուղերի 31 արոտավայրերի վերադարձնելու հարցը, նրանք էլ բարձրացնում են այդ չորս գյուղերի հարցը․․․»

Փաստացի, Փաշինյանը Տավուշի սահմանագծի չորս վիճելի գյուղերի Ադրբեջանին փոխանցելու մտայինությունը արդարացնում էր հայկական 31 արոտավայրերի վերադարձի հանգամանքով։

Իսկ ինչ է ասել Փաշինյանը այսօր այս առնչությամբ․ «Երբ մենք վերադարձնում ենք այդ չորս գյուղերը, կա՞ արդյոք երաշխիք, որ Ադրբեջանը կվերադարձնի մեզ իր վերահսկողության տակ մնացած հայկական տարածքները։ Ոչ, նման երաշխիք չկա․․․»

Փաստացի ստացվում է, որ Փաշինյանը նախորդ անգամ ստել է` ասելով, թե իբր չորս գյուղերի Ադրբեջանին վերադարձնելու հարցը ծագել է հայկական կողմի 31 տարածքները վերադարձնելու առաջարկից հետո։

Փաշինյանի այսօրվա ելույթից պարզ է դառնում, որ այդ հարցը օրակարգ եկել է վերջերս բարձրաձայնած Բաքվի պահանջից հետո, որը Փաշինյանը որոշել է միակողմանի և անվերապահորեն կատարել` առանց նույնիսկ փորձելու հայկական տարածքների վերադարձի հարցը բանակցել։

Այսօրվա ելույթի ստի ու կեղծիքի առյուծի չափաբաժինը Արցախի հարցին էր վերաբերվում։ Իրեն բնորոշ գավառական շուստրիությամբ Փաշինյանը փորձում էր մանիպուլացներ սևով սպիտակի վրա գրված, տասնամյակներ քննարկված տեքստերի բովանդակությունը։

Մասնավորապես, Մինսկի խմբի կողմից, որպես արցախյան հակամարտության լուծում առաջարկված ժողովրդի ազատ կամաարտահայտման հանրաքվեն, որով պետք է որոշվեր Արցախի վերջնական իրավական կարգավիճակը, Փաշինյանը ներկայացրեց ոչ ավել ոչ պակաս ադրբեջանական փաստաբանի տեսանկյունից` փորձելով ԱԺ ամբիոնից հայ ժողովրդին ու միջազգային հանրությանը համոզել, որ «կարգավիճակի վերաբերյալ ազատ կամաարտահայտում» նշանակում է ինքնավարություն Ադրբեջանի կազմում, մի բան, որ մինչև Նիկոլ Փաշինյանը նույնիսկ Բաքվի իշխանությունների մտքով չէր անցել։

Այն փաստարկին, որ նման բան համանախագահների և ոչ մի առաջարկի մեջ նշված չէ, ընդհակառակը, գրված է, որ Արցախի կարգավիճակի մասին հանրաքվեի օրակարգը սահմանափակված չէ որևէ բովանդակությամբ, Փաշինյանը իրեն բնորոշ փահլեվանական վարքով հայտարարեց, որ դիվանագիտական լեզվից թարգմանած դա նշանակում է, որ «Արցախը պետք է ինքնորոշվի Ադրբեջանի կազմում», կարծես ամբողջ հայության կամ միջազգային հանրության շրջանում Նիկոլից բացի դիվանագիտական լեզուն հասկացող չկար։

Կամ մեկը լինի էդ տրամաբանությունից զուրկ շուստրիին հարցնի՝ բա որ ամեն ինչ էդքան Ադրբեջանի շահերից էր բխում, էդ ինչի էր Բաքուն երեսուն տարի շարունակ Մինսկի խմբի բոլոր առաջարկներն ու փաստաթղթերը մերժում, բա եթե էդ առաջարկներն ու փաստաթղթերը Արցախը Ադրբեջանի կազմում պահելու մասին էին, բա հայր ու որդի ալիևները չորս ձեռքով դրանք կընդունեին էլ ուր էին երեսուն տարի ձգում, հետո պատերազմում։

Սա ստի ու կեղծիքի այսօրվա չափաբաժնի մի փոքր հատվածն էր միայն։

Բայց ինչպես ասել է Լինքոլնը՝ կարելի է հիմարացնել ժողովրդի մի մասին մշտապես, կարելի է հիմարացնել ամբողջ ժողովրդին մի որոշ ժամանակ, սակայն անհնար է հիմարացնել ամբողջ ժողովրդին մշտապես»։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Հայաստանի տարածքում երբեք Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար անունով գյուղեր չեն եղել»: