Այս հակամարտությանը երրորդ երկրների յուրաքանչյուր տիպի միջամտություն կարող է ունենալ ծայրահեղ բացասական հետևանքներ․ Դմիտրի Պեսկով
Լեռնային Ղարաբաղի հակամարտության որևէ կողմին ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ հայտարարությունները սադրիչ բնույթ են կրում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովն ընդգծել է, որ Կրեմլում նմանօրինակ հայտարարություններն այս պահին շատ վնասակար են համարում․ «Մենք կարծում ենք, որ այս հակամարտությանը երրորդ երկրների յուրաքանչյուր տիպի միջամտություն կարող է ունենալ ծայրահեղ բացասական հետևանքներ»։
Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳՆ-ի այն հայտարարությանն, ըստ որի ՌԴ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ահաբեկիչների ներգրավման վերաբերյալ լուրերով , Պեսկովն ասել է, որ չի մեկնաբանի․ «Ես զերծ կմնամ այդ առումով որևէ հստակեցնող հայտարարություններից։ ԱԳՆ-ի հայտարարությունը բավականին ոչ երկիմաստ է»։