«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինչո՞ւ Վրաստանը որոշեց հիմա բացել սահմանները Հայաստանի հետ

26/05/2021

Երեկ հայտնի դարձավ, որ Վրաստանի ցամաքային սահմանները կբացվեն հունիսի 1-ից։ ArmDaily.am-ի հետ զրույցում «Ջավախք» հիմնադրամի տնօրեն Արմեն Ավետիսյանը ասաց, որ կամ պետք է պատվաստված լինել, կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունենալ։
«Եթե դու ունես երկու անգամյա պատվաստվածի կանաչ անձնագիր, որևէ խնդիր չկա։ Եթե չկա պատվաստման համապատասխան փաստաթուղթը, ապա անհրաժեշտ է 72 ժամվա բացասական ՊՇՌ թեստ»,- ասաց Ավետիսյանը։
Նա նշեց, որ նման որոշումը հիմա ընդունելը կապված է տուրիստական շրջանի բացման հետ։
«Վրաստանի կառավարությունը բացահայտ ասել է, որ դա պայմանավորված է տուրիստական սեզոնի բացման հետ։ Գաղտնիք չի, որ Վրաստանի բյուջեի առյուծի բաժինը ընկնում է տուրիստական սեզոնին։ Երկիրը նախորդ տարի մեծ կորուստներ կրեց այդ առումով, այդ պատճառով բացում է սահմանները։ Այլընտրանք չունի»,- ասաց Ավետիսյանը։
Նա ասաց, որ Վրաստանում, Ջավախքում նույնպես հայերը սպասում են սահմանների բացմանը։
«Միանշանակ սպասում էին, որովհետև այնտեղի քաղաքացի հանդիսացող հայերը Հայաստան գալու համար պիտի պարտադիր երկու պատճառ նշեին՝ կամ արտագնա աշխատանքը՝ Հայաստանի միջոցով Ռուսաստան գնալը, որովհետև Վրաստան և Ռուսաստան դիվանագիտական հարաբերություն չկա, և մյուսն էլ բուժման նպատակով։ Այսինքն այլ նպատակով Վրաստանից չէին կարող Հայաստան մուտք գործել։ Իսկ այս սահմանափակումը հանելուց հետո բոլորը հանգիստ նույն նախապայմանով կարող են գալ Հայաստան։ Կարող ենք ասել, որ փափագով սպասում էին այս որոշմանը, որովհետև բոլորն էլ այստեղ բարեկամներ ունեն, հարազատներ ունեն, գործեր ունեն։ Ջավախք-Հայաստան կապը միշտ շատ սերտ է եղել, ու այս կորոնավիրուսի ընթացքում այդ կապը մի քիչ թուլացավ, բայց հիմա կարծում եմ ամեն ինչ լավ կլինի»,- ասաց Ավետիսյանը։
Խոսելով այն մտահոգությունների մասին, որ ցամաքային սահմանի բացվելուց հետո արտագաղթի ծավալները կարող են մեծանալ, Ավետիսյանը նկատեց, որ եթե կորոնավիրուսային իրավիճակը բոլոր պետությունները հաղթահարեն և սահմանները բացվեն, Հայաստանից մեծ արտահոսք կլինի։
«Քանի այս ազգակործան իշխանությունները կան, այստեղի բնակչությունը օրվա հացի համար արտագաղթելու է։ Այո, արտագաղթը լինելու է, դա անխուսափելի է»,- ասաց Ավետիսյանը։