Արցախի ղեկավարության առաջ դրվել է պահանջ. կա՛մ ամբողջությամբ ինտեգրվել, կա՛մ թողնել ու հեռանալ. Կարեն Հովհաննիսյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը
– Պարո՛ն Հովհաննիսյան, ինչո՞ւ հայաթափվեց Արցախը:
– Որովհետև Արցախը պատրաստ չէր ինտեգրվելու Ադրբեջանի կազմում, իսկ հիմնական ու գլխավոր պայմանը դա էր: Տեղեկություններ ունեմ, որ Արցախի ղեկավարության առաջ դրվել էր պահանջ՝ կա՛մ ամբողջությամբ ինտեգրվել, կա՛մ ամբողջությամբ թողնել ու հեռանալ Արցախից:
– Այդ պահանջը միայն Ադրբեջանի՞ կողմից է եղել, թե՞ նաև Ռուսաստանի:
– Ռուսական կողմի մասով որևէ տեղեկություն չունեմ, բայց տրամաբանությունը հուշում է, որ եթե Ռուսաստանը մինչ օրս դատարկված Արցախում է պահում իր խաղաղապահ ուժերին, ապա չէր կարող նման պահանջ դնել, բայց ռուսական շահերով չէ, որ Արցախն առաջնորդվում էր, դրված էր ժողովրդի ֆիզիկական գոյության հարցը:
– Ստացվում է, որ 2020 թվականի պատերազմից հետո մենք ոչինչ չե՞նք արել, որ այդ «կա՛մ-կա՛մ»-ից զատ այլընտրանք ունենայինք:
– Այստեղ կան շատ նուրբ պահեր: Վերջերս Հանրայինին տված հարցազրույցի ժամանակ ՀՀ վարչապետն ասաց, որ միջազգային հանրությունը խոսել է նշաձողի իջեցման մասին, ինչն ինքը քննարկել է Արցախի ղեկավարության, մասնավորապես, նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Խորհրդարանը բազմիցս դեմ է արտահայտվել նշաձող իջեցնելուն, որովհետև նշաձող իջեցնելու տակ ի՛նչ էր նկատի առնվում, մեզ համար այդպես էլ պարզ չդարձավ: Կոնկրետ Նիկոլ Փաշինյանը նշաձող իջեցնելու փակագծերը չի բացել ու չի պարզաբանել:
– Դե ասում էր՝ նշաձողն իջեցնենք, որ միջազգային սատարում լինի կարգավիճակի մասով:
– Եթե միջազգային սատարում պետք է լիներ, ապա այդ միջազգային սատարումը պետք է առճակատվեր նաև ռուսական շահի հետ, իսկ այդ դեպքում արցախահայությունը, մենակ մնալով երկու բևեռների միջև, հաստատ ճզմվելու էր, հնարավոր է նաև Հայաստանը խնդիրներ ունենար: Հասարակությունն այդպես էլ չլսեց, թե կոնկրետ ի՛նչ է ենթադրում նշաձող իջեցնելը:
– Պարո՛ն Հովհաննիսյան, թե՛ արցախյան, թե՛ հայաստանյան որոշ շրջանակներ Սամվել Շահրամանյանին ու խորհրդարանի այն պատգամավորներին, որոնք նախագահի պաշտոնում ընտրեցն նրան, համարում են Արցախի հայաթափման հիմնական մեղավորները, դավաճան անվանում: Ինչո՞ւ Շահրամանյանի պաշտոնավարումն այս հանգրվանին բերեց Արցախը, ընդունո՞ւմ եք մեղադրանքները:
– 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում ով չի ալարում՝ մեկը մյուսին դավաճան է համարում՝ անտեսելով իրականությունը: Խնդիրներ կային Արցախում, բոլորս գիտենք, որ Ադրբեջանն օր օրի ավելի ագրեսիվ ձևով էր ներկայացնում զինված ուժերը լուծարելու, պետական ինստիտուտները կազմալուծելու վերաբերյալ իր պահանջները ու անընդհատ քայլեր էր անում, որ իր նպատակին հասներ:
Միջազգային հանրության միայն կոչերի, ռուս խաղաղապահների լուռ համաձայնության հետևանքով արցախահայությունը մնացել էր միայնակ, ու գործող նախագահն այլևս ի վիճակի չէր կատարելու իր վրա վերցրած պարտականությունները, քանի որ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում կան տարբեր բևեռների սպասարկող ուժեր, ինչի հետևանքով հասել էինք մի ճգնաժամի, երբ ինձ համար բացարձակապես անհասկանալի ու անընդունելի պայմաններում Արայիկ Հարությունյանը հրաժարական ներկայացրեց:
Սա հարցի մի կողմն էր, երկրորդը՝ հասկանալով, որ մենք անվտանգային խնդիրներ ունենք, ժամանակին քաղաքական ուժերը նախաձեռնեցին Սահմանադրության որոշ դրույթների փոփոխություններ, որը ենթադրում էր խորհրդարանի կողմից ֆորսմաժորային իրավիճակում նոր նախագահի ընտրություն: Փոփոխությունները ընդունվեցին, բոլորին է հայտնի քվեարկության արդյունքը:
Կրկնում եմ՝ աշխարհաքաղաքական երկու բևեռների առճակատման հետևանքով ու միայն Հայաստանի ֆինանսական աջակցությամբ ու ԱԳՆ-ի որոշակի աշխատանքներով, չի կարելի ասել, թե ոչինչ չի արվել, բայց, մեծ հաշվով, Արցախը մնացել էր միայնակ:
Այս ամենին գումարվում էր Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, ու այս ամենից ու Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո ստիպված եղանք գնալ նախագահի ընտրությանը՝ սահմանադրորեն ընդունված կարգով: Ամբողջ պատմությունը սա է, իսկ ինչո՞ւ Սամվել Շահրամանյանը ու ոչ թե մեկ ուրիշը, արդեն քաղաքական ուժերի նախաձեռնությունն է եղել: Թե սրա մեջ ո՛ր մասն է դավաճանություն, դա թողնում եմ այդ մարդկանց խղճին ու պատմության դատին, բայց կան փաստեր, որ այս պահին նպատակահարմար չէ բարձրաձայնել, որոշ ժամանակ հետո դրանց մասին ևս կխոսեմ:
– Ձեր խոսքից ստացվում է, որ այն թեզերը, ըստ որոնց՝ եթե Արայիկ Հարությունյանը հրաժարական չներկայացներ, կամ նոր նախագահ ընտրվեր Սամվել Բաբայանը, մենք չէինք ունենա Արցախի հայաթափում, կե՞ղծ են:
– Ոչ թե կեղծ են, այլ ինչ-ինչ ուժերի կողմից շրջանառվող մանիպուլյացիոն թեզեր են, մեծ հաշվով, բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ անշեղորեն գնում էր իր նպատակի հետևից, իսկ արևմտյան կոչերն ու ռուսական կողմի՝ իր պարտավորությունները չկատարելը օր օրի վատթարացնում էին վիճակն Արցախում: Ոչ ոք գործնական ոչինչ չարեց իննամսյա շրջափակման ժամանակ:
– Պարո՛ն Հովհաննիսյան, Արցախի խորհրդարանը համակերպվե՞լ է Արցախի Հանրապետությունը լուծարելու փաստաթղթի հետ, թե՞ այն չեղարկելու ուղղությամբ քայլեր արվում են:
– Այդ մասին կարելի է խոսել մի փոքր ուշ, ինչ-ինչ նկատառումներից ելնելով չեմ ուզում շատ բաներ ասել, բայց Արցախի նախագահն իրավական առումով չի կարող լուծարել Արցախի Հանրապետությունը, որը ձևավորվել է համընդհանուր հանրաքվեի արդյունքում:
– Ձեր խոսքից կարո՞ղ եմ եզրակացնել, որ գոնե կուլիսներում ինչ-որ աշխատանք կատարվում է:
– Կրկնում եմ, որ որոշակի նկատառումներից ելնելով չեմ ուզում խոսել այդ մասին: Ի վերջո տեղի է ունեցել էթնիկ զտում, ու դրա հետևանքով իրենց պատմական հայրենիքից զրկված ժողովուրդը չի կարող ուղղակի անհետանալ. արցախահայությունը, ինչպես ցանկացած ազգ, ունի ինքնորոշման իրավունք:
– Արցախի նախկին նախագահների ու բարձրաստիճան այլ գերեվարված պաշտոնյաների հարցով ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում:
– Եթե որևէ մեկը մտածում է, թե Ադրբեջանը ժողովրդավարության էտալոն է ու առաջնորդվում է միայն միջազգայնորեն ընդունված հումանիտար նորմերով ու արդար դատաքննությամբ, ուրեմն այդ մարդն ամենանաիվ մարդն է աշխարհում:
Թե ինչ կարող է լինել ադրբեջանական ապօրինի գերության մեջ հայտնված անձանց հետ, ոչինչ չենք կարող ասել, այդ մասով մեծ անելիք ունեն Հայաստանի Հանրապետությունն ու միջազգային հանրությունը, իսկ մնացած բոլոր դեպքերում ականատես ենք լինելու Ադրբեջանի կողմից կազմակերպված մեծ շոուի:
MediaLab.am