«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ցեղասպանության խնդրի արծարծումը որևէ կերպ չի նպաստում պետության ուժեղացմանը

24/04/2022

Այս տարի ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 107–րդ տարելիցը։ 

Ինչպես արդեն շատերին է հայտնի, բանակցություններ են տարվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմաբան, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը Radar Armenia-ի հետ զրույցում նշեց՝ Հայոց ցեղասպանության խնդիրը պետք է սառեցնել, քանի որ այս պահին այդ հարցի հետապնդումը մեր երկրի շահերից չի բխում. «Հայոց ցեղասպանության խնդրի միջազգային հետապնդումը, հայ դատի գրասենյակների կողմից պահանջատիրական հիմքով Թուրքիայի դեմ հրապարակավ հանդես գալը, դատապարտումը, պետություններին դիմելը՝ բոլորը զրո արժեք ունեն, մանավանդ՝ հիմա, ներկա իրավիճակում, դա մեր շահերից չի բխում»։

Պատմաբանը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ասաց՝ դա տեղին, բայց ուշացած գործընթաց է. «Ամեն ժողովուրդ, ամեն պետություն իր հարևան պետությունների հետ, ի վերջո, պետք է ունենա լավ հարաբերություններ։ Հենց այդ հարաբերությունների կարգավորման գործընթացի տեսանկյունից՝ մեզ ամենևին ձեռնտու չէ գնալ զգացմունքային կամ ռոմանտիկ ճանապարհով և այս օրերին՝ Ցեղասպանության օրվա նախաշեմին, նորից այդ հարցը դարձնել միջազգային ատյանի քննարկման առարկա. դա ոչ մի բան չի տալու»։

Ներսիսյանը այն համոզման է, որ Հայոց ցեղասպանության խնդրի արծարծումը որևէ կերպ չի նպաստում պետության ուժեղացմանը. «Ես նույնպես ցեղասպանության զոհի թոռ եմ, բայց ցեղասպանության ճանաչումը, խնդրի արծարծումը որևէ բանով չի նպաստելու պետության ուժեղացմանը։ 1985թ.-ից այդ գործընթացը գնում է, ի՞նչ ենք դրանից շահել։ Պետությունները ցեղասպանությունը մտցնում են իրենց օրակարգ՝ Թուրքիայի հետ հարաբերություններով պայմանավորված և մեր ցավը շահարկելով»։

Պատմաբանը տրամաբանական համարեց այն, որ Թուրքիան Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման առումով նախապայման համարում է Հայոց ցեղասպանության խնդրից հրաժարումը և հիշեցրեց, որ դեռ այժմ էլ, նախկին իշխանությունների ժամանակ էլ ասվում էր՝ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ մտնել բարիդրացիական հարաբերությունների ձևավորման գործընթացի մեջ՝ առանց որևէ նախապայմանի։

Ըստ պատմաբանի՝ այս առումով հասարակությանը նախապատրաստելը ամենաբարդ խնդիրներից մեկն է. «Մեր ժողովուրդը տասնյակ տարիներ այդ զգացմունքով է գնացել, Թուրքիայի կողմից ցեղասպանվելու խնդիրը ցավով են ընդունել, դա բնական և օրինաչափ է։ Ժողովրդին ուղղակի պետք է ասել իրողությունը»։

Անուշ Մկրտչյան