«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սուտն ու ճիշտը արցախյան հարցում. մի անվերջ ժամավաճառության քրոնիկոն

20/04/2021

Հայաստանում քննարկվում է, թե ասե՞լ է արդյոք առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը նորանշանակ վարչապետ Փաշինյանին «հողերը տալու» մասին՝ դեռևս 2018-ին, թե՞ չի ասել: Այդ թեման առաջացավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, որ նա արեց խորհրդարանում:
Ասե՞լ է Տեր-Պետրոսյանը, թե՞ չի ասել: Բայց մի՞թե դա կարևոր է՝ այն դեպքում, երբ Տեր-Պետրոսյանը կարգավորման իր պատկերացումների մասին հայտարարել է բաց տեքստով, ընդ որում՝ ոչ միայն նախագահի պաշտոնից հեռանալիս, այլ նաև 2017 թվականի խորհրդարանի ընտրությանը մասնակցելիս: Այդպիսով, ասել է նա ինչ-որ բան այդ կապակցությամբ Փաշինյանին, թե չի ասել՝ չունի որևէ էական նշանակություն: Եվ ընդհանրապես, Հայաստանում արցախյան հարցի վերաբերյալ հանրային ուշադրությունն ու դիսկուրսը պահվել ու գեներացվել են այդօրինակ ոչ էական ինտրիգների մակարդակում՝ այդպիսով ստեղծելով իրական քաղաքական բովանդակային, հայեցակարգային վակուում:
Այդպիսով, Հայաստանում առաջին պատերազմի հաղթանակից հետո ոչ միայն չի ձևավորվել Արցախի հարցի կարգավորման տարբերակների և մոտեցումների վերաբերյալ բովանդակային բանավեճ և քննարկում, հայեցակարգային մրցակցություն, այլ անգամ չեն ձևավորվել համազգային կարմիր գծեր, որոնք պետք է ենթադրեին նվազագույն կոնսենսուս արցախյան կարգավորման այս կամ այն տարբերակի շուրջ: Անգամ Արցախի կարգավիճակի հարցում մեզանում ձևավորված չեն եղել որոշակի կարմիր գծեր:
Այդ ամենի փոխարեն՝ արցախյան հարցում պետականորեն վարվել է տարածք հանձնելու վերաբերյալ բանակցության քաղաքականություն, դրանով անուղղակի ամրապնդվել Ադրբեջանի իրավունքը այդ տարածքների նկատմամբ, իսկ ներսում հանրային կյանքը պարփակվել զանազան ինտրիգների շուրջ, երբ տարբեր կարգի և ժամանակի ընդդիմություններ իշխանություններին մեղադրել են «Արցախը ծախելու» համար, իսկ իշխանություններն էլ ցույց են տվել ստատուս-քվոն և ասել, թե տեսեք՝ «մենք Արցախ չենք ծախում»: Իսկ ներսում եռացել է հրաբուխը, որի ժայթքումը զսպելը Հայաստանի համար դառնում էր ավելի ու ավելի բարդ:
Հիմա մենք շարունակում ենք մնալ պարզունակ ինտրիգների դաշտում՝ այն դեպքում, երբ ոչ պակաս հրատապությամբ դրված է Արցախի հարցի հետագա ճակատագրի առումով քաղաքական բովանդակություն պարունակող մոտեցումների, դրանց առավելագույն առարկայության, ուղենիշների, առաջնահերթությունների և այդ ամենի համար քաղաքական պատասխանատվության խնդիրը: Քաղաքական միավորները կա՛մ ասելիք ունեն հանրությանը այդ ամենի առնչությամբ, կա՛մ նրանք հանրությանը փորձում են զբաղեցնել՝ այս ժամանակ սա այսպես ասաց, նա այնպես ասաց, սա ճիշտ ասաց, նա սուտ խոսեց և այդ կարգի այլ ժամավաճառությամբ:
1in.am