«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կփոխհատուցվեն Փոթի – Կովկաս նավահանգիստ – Փոթի ուղղությամբ լաստանավով տեղափոխման ծախսերը

24/03/2022

Կառավարությունը հաստատել է «ՀՀ տարածքից արտահանման կամ ՀՀ տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը հաստատելու մասին» որոշումը։ Կփոխհատուցվեն Փոթի – Կովկաս նավահանգիստ – Փոթի ուղղությամբ լաստանավով տեղափոխման ծախսերը։ Այսպիսով կնվազեն Ռուսաստանից Հայաստան միակ գործող ցամաքային ուղու` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով պարբերաբար փակվելու հետևանքով բեռնափոխադրումների ժամանակ առաջացող խնդիրները։

Միջոցառումն իրականացվում է Օպերատորի միջոցով՝ սահմանված լիազոր ու պատասխանատու մարմինների և Օպերատորի միջև կնքված պայմանագրով։

Օպերատորն ապահովում է շաբաթական երկու չվերթ Փոթի – Կովկաս նավահանգիստ – Փոթի ուղղությամբ և սահմանում է չվացուցակ։

Օպերատոր կարող է լինել այն ընկերությունը, որը կնքել է ՀՀ կառավարության կողմից հաստատված օրինակելի ձևին համապատասխան պայմանագիր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ՝ երկաթգծային տրանսպորտով և լաստանավով ՀՀ տարածքից արտահանման կամ ՀՀ տարածք ներմուծման կազմակերպման նպատակով։

Միջոցառման իրականացման պատասխանատու մարմինը էկոնոմիկայի նախարարությունն է, միջոցառումը ֆինանսավորող լիազոր մարմինը՝ ֆինանսների նախարարությունը։