«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՍԻՐԵԼԻ՛ ԲԱՅԴԵՆ ՎԵՐՋԱՊԵՍ ԱՐՏԱԲԵՐԻՐ ԱՅԴ ԲԱՌԸ․ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

23/04/2021

Այս տարի ցեղասպանության օրը ԱՄՆ նախագահի կողմից մոգական բառի արտաբերմանը հայ ժողովուրդը սպասում է մի աննախադեպ հույսով, որը պայմանավորված է աշնանային պատերազմում մեր պարտությամբ և այստեղից էլ՝ գոնե այս առումով թուրքերից վրեժխնդիր լինելու անափ ցանկությամբ։ Իրոք դա մի փոքր կամոքի հայոց վերքերը, քանի որ շատերը արդեն կարող են Էրդողանի վրա չարախնդալ, թե տեսնում ես՝ մի կարծիր, թե ամեն ինչ քո ուզածով է լինելու։ Հոգեբանական առումով Բայդենից դրական սպասումը լրիվ հիմնավորվում է, բայց այստեղ կարևորն այն է, թե այն ի՞նչ է մեզ տալու քաղաքական առումով։ Անվարան կարելի է պնդել, որ ոչ մի դրական բան։ Ֆիզիկապես պարտված լինելով՝ տանելու ենք հերթական բարոյական հաղթանակը։ Իսկ ինչու՞ բարոյական հետևյալ պատճառներով՝ այդ բառի արտաբերումը չի ունենալու մեզ համար լուրջ քաղաքական հետևանքներ, ԱՄՆ – ը դրանից հետո ճնշում չի գործագրի Թուրքիայի վրա և վերջինիս միջոցով էլ Ադրբեջանի, որ մեզ վերադարձնեն կորցրած տարածքները։ Ոմանք այն կարծիքին են, որ դրան կհետևեն այլ ճանաչումներ, ապա՝ պահանջ Թուրքիային փոխհատուցելու մեր մեկ դար առաջ կրած ողբերգական և ցավալի կորուստների դիմաց։ Ցավոք, նման հաճելի երազներ շատերին են այցելում։ Մենք մնում ենք այն կարծիքին, որ դարձյալ և մոտիկ անցյալում կրած ցավալի կորուստներից հետո էլ, որոնց առաջ աչք էր փակում միջազգային հանրությունը և նույն ԱՄՆ – ն, օդեղեն ամրոցներ ենք նորից ու նորից կառուցում։ Բայդենը կարող է արտասանել սպասվելիք բառը, բայց արդյո՞ք հայոց հանդեպ կատարված ճշմարիտ գնահատականը տալու անհրաժեշտությունից ելնելով, գնահատական, որը տվել է Ռեյգանը, և որն ունի ոչ թե իրավական, այլ քաղաքական նշանակություն։ Ամենևին ոչ։ Բայդենն ու իր վարչակարգը ունեն բոլորովին այլ խնդիր՝ պատժել Թուրքերին՝ Մերձավոր Արևելքում վարած քաղաքականության համար, Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերությունների ամրապնդման համար, ՆԱՏՕ – ից փաստացի անկախ քաղաքականության որդեգրման համար։ Բայդենին պետք է ցույց տալ, որ Թուրքիայի համար հեշտ չի իր թիկունքում գործելը, որ առանց նրա հետ ռազմաքաղաքական համագործակցության էլ վատ չեն իր գործերը, բայց խորքում նա ցանկանում է բարելավել նրա հետ իր հարաբերությունները։ Բայց սա շրջանցենք։ Ի՞նչ է մեզ տալու նրա կողմից ցեղասպանություն բառի արտաբերումը։ Դրական ոչինչ։ Ավելի են սրվելու թուրք – հայկական և հայ – ադրբեջանական հարաբերությունները, ոչ մի առումով ոչ մի հատուցում չի լինելու։ Բառի հնարավոր արտաբերմանը կհաջորդի համահայկական ոգևորությունը, իսկ Թուրքիա — ԱՄՆ հարաբերությունների քաղաքական ապագայի հարթեցումը հետագայում մոռացման կմատնի Բայդենի խոսքը ևս։ Նրանք նորից իրենցը կանեն, իսկ մենք կշարունակենք մեզ սնել հույսերով և առասպելներով։ Արդյունքում կմնա մեր ցավի վերստին շահարկումը։ Անցյալ տարի էլ ենք գրել։ Անցյալը պետք է հիշել, քանի որ նրա հետ կապի խզումը կբերի պատմական հիշողության կորստի,  անցյալի հետ կապի խզումը, նշանակում է պատմական դասերի ճիշտ ընկալման բացառում, որի հետևանքը ողբերգական է: Այս տրամաբանության մեջ, կարծում ենք, որ, վերջապես, մեր համար կարևոր պետք է դառնա հետևյալ սկզբունքը՝ հիշե՛նք մեր մեծ ողբերգությունը, հիշե՛նք մեր մեռյալներին, բայց այդ հիշողության արժեքը չիջեցնենք այն աստիճան, որ քաղաքական մեծ խաղացողներից պահանջենք մեր ցավի ամոքումը: Հիշենք և սերտենք հետևյալ դասերը՝ ցեղասպանության միջազգային ճանաչումը չի ամոքելու մեր վերքերը, ԱՄՆ նախագահի կողմից մոգական բառի արտաբերումը չի բերի կորուստների հատուցման, ցեղասպանության միջազգայնորեն դատապարտումը երբեք չի կանխարգելի այլ ցեղասպանությունները, չկանխեց արցախյան պատերազմը: Մեր ցավը մենք հիշենք, կատարենք անհրաժեշտ եզրակացությունները և մենք փորձենք այն ամոքել մեր ուժի և հնարավորության սահմաններում: Այս դեպքում մեզ իսկապես կհարգեն: Երբ ողորմաղերսը մեկ անգամ ձեռք է մեկնում, տալիս են իր ակնկալածը կամ դրանից ավել կամ պակաս, հաջորդ անգամները կամ չեն տալիս կամ արհամարհում են: Ի վերջո հասկանանք, որ մեր համար գերխնդիր է այս փոքրիկ, օրապակաս պետության ուժեղացումը: Առանց այդ անելու ամեն ինչ մնալու է սեթևեթանք, ազգասեր երևալու ձգտում, պատեհապաշտություն: Մեր ցավի ամոքողը մենք ենք՝ մեր հնարավորությունների չափով: Եթե սա հասկանանք՝ երկնքից մեզ կժպտան մեր նախնիների հոգիները, կամ անհայտ գերեզմանոցներում հանգիստ կննջեն մեր եղեռնազարկ նախնիները: Մնացածը անօգուտ է, ավելին՝ կորստաբեր: Այս է բնության անողոք օրենքը՝ պետք է քեզանից մի բան ներկայացնես, որ մի նպատակի հասնես: Մնացյալ տեսությունները մտքի անիմաստ վարժանքներ են կամ էլ պարտադրված ինչ - ինչ ուժերի կողմից: Ցավոք դեռևս թերահավատ ենք այս ամենի ըմբռնողունակության ընդհանրության հասնելու տեսանկյունից:

Մնում է ավելացնել հետևյալը՝ Սիրելի Ջո, խնդրում ենք, արտաբերիր այդ բառը։ Միգուցե դրանից հետո հանգիստ զբաղվել սկսենք պետականաշինությամբ։