«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էրդողան -Պուտին հանդիպման հետքերով. Արայիկ Մկրտումյան

07/09/2023

Սեպտեմբերի 4-ին Սոչիում կայացած հանդիպման ավարտին Պուտինը հայտարարեց, որ ամեն ինչ շատ լավ է, ինքն ու Էրդողանը լրիվ հասկացել են իրար: Ի թվս այլ հարցերի՝ Պուտինն ասաց, որ Ռուսաստանն ու Թուրքիան կշարունակեն իրենց համագործակցությունը, Ռուսաստանը կշարունակի իր օգնությունը տրամադրել Թուրքիային: Առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում այն, որ ռուսները կշարունակեն աջակցել Թուրքիային ատոմակայանի կառուցման հարցով: Դրա արդյունքը կլինի այն, որ Թուրքիան կունենա չորս էներգոբլոկով աշխատող և միջազգային մակարդակի ստանդարտներին համապատասխանող ատոմակայան: Թուրքիան կհամալրի ատոմային մաքուր ուրան ունեցող երկրների շարքերը: Ինչպես գիտենք, Ռուսաստանը կարողացավ Ֆրանսիային դուրս մղել Նիգերից, որտեղից Ֆրանսիան ստանում էր իր ատոմակայանների համար անհրաժեշտ ուրանի մոտ 30 տոկոսը: Իսկ միգուցե ռուսները Էրդողանին տալու են ֆրանսիացիներից խլած ուրանը: Սա այնքան էլ անհավանական չէ, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Թուրքիան մեծ ներկայություն ունի Աֆրիկայում, իսկ Ռուսաստանն էլ աֆրիկյան երկրներին «օգնում է» հացահատիկով: Իսկ մաքուր ուրանով ատոմակայանը անհնար չէ ատոմային զենքի վերածելը:

Սոչիի բանակցությունների հիմնական հարցը հացահատիկի համաձայնագիրն էր, որը Ռուսաստանը խզել էր միակողմանիորեն: Որպես դրա պատճառ նշվում է նաև այն, որ Էրդողանը Զելենսկուն էր հանձնել ռուսների կողմից գերևարված ուկրաինական «Ազով» ռազմական խմբավորման հրամանատարներին, որոնց ուղարկել էին Թուրքիա՝ Ուկրաինաին չվերադարձնելու պայմանով: Հացահատկի համաձայնագիրը դեռևս չի վերագործարկվել, իսկ Պուտինն էլ ասաց, որ այն կշարունակվի, երբ Թուրքիան կատարի իր բոլոր հանձնառությունները:

Ի՞նչ հանձնառություններ պիտի կատարի Թուրքիան այդ հացահատիկի դիմաց: Ի վերջո այդ հացահատիկի թեման, խոշոր հաշով արևմտյան հանձնարարական է, որը Թուրքիան պիտի հաջողությամբ կատարի, բայց ռուսներն իրենց գինն ունեն, իսկ Արևմուտքը տրամադրված չէ ռուսներին զիջելու: Թուրքիան հայտնվել է իր երկու «բարեկամների» արանքում և չգիտի, թե ինչ անի: Խոստանա անել այն ինչ Ռուսաստանն է ուզում և առաջացնի Արևմուտքի բարկությունը, թե մերժի Ռուսաստանին, որն իր համար լի է լինելու տհաճ անակնկալներով: Ռուսները ևս մի կողմից ցանկություն չունեն այդ համաձայնագիրը շարունակելու, որովհետև այդկերպ կարող են իրենց սեփական հացահատիկը վաճառել, մյուս կողմից էլ իրենց «բարեկամ» թուրքերը, որոնք ամեն կերպ ցանկանում են վերագործարկել այդ համաձայնագիրը: Ընդ որում երկուսն էլ շտապում են, որովհետև ուկրաինացիներն արդեն ցամաքային ուղիներով են փորձում լուծել այդ հարցը: Դեռևս կան խնդիրներ, օրինակ լեհերը դժգոհ են, որ ուկրաինական էժան հացահատիկը կհարվածի իրենց շուկային, բայց դա համեմատաբար մանր խնդիր է: Մոտակա շաբաթներում ինչ որ բան հավանաբար կփոխվի: Մյուս կողմից էլ բացառված չէ, որ ռուսներն ու թուրքերն ունեն իրենց ստվերային պայմանավորվածությունը, մանավանդ, որ իրար հետ ավելի շատ ընդհանուր շահեր ունեն: Եվ այս ամենի ֆոնին ավելի ու ավելի բարդ է դառնում իրավիճակը Կովկասում՝ մասնավորապես Հայաստանում և Արցախում:

Հայ-ռուսական հարաբերությունները բավական լարված փուլում են գտնվում: Ռուսները մեղադրում են հայերին ցանկացած առիթով, երբ հայերը ոչ ռուսանպաստ հայտարարություններ են անում: Ավելին՝ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Զախարովան հայերին է մեղադրում նոյեմբերի 9-ի համաձայնագրի չաշխատելու մեջ, իսկ Զատուլինը Փաշինյանին դավաճան է անվանում: Օր օրի սրվող այս հարաբերությունները զուգակցվում են Հայաստանում ընդդիմադիր շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կտրուկ աճով: Շատերն այն կարծիքին են, որ «հինգ է պակաս» պատերազմից: Ընդ որում Հայաստանը հետ կանչեց ՀԱՊԿ-ում իր մշտական լիազոր ներկայացուցչին, ինչպես նաև մերժեց սահմանի երկայնքով ՀԱՊԿ զորքեր տեղակայելու՝ գրեթե երեք տարով ուշացած առաջարկը: Ի դեպք հետաքրիր է նաև այն, որ 2022 թ. սեպտեմբերյան մարտերից հետո Հայաստանում գրեթե չկան ՀԱՊԿ-ին դիմելու կոչեր: Հիասթափությունը մեծ է: Հայաստանում շատերը այն վախն ունեն, որ ռուսների հետ հարաբերությունների սրմանը հաջորդելու է ադրբեջանական հարձակումը կամ գոնե ռազմական կարճ, բայց հուժկու գործողությունները:

Արդյո՞ք Ադրբեջանը կգնա երկարատև և լայնածավալ ռազմական գործողությունների: 2023 թ․ ամեն դեպքում տարբերվում է 2020-ից: Հայերն արդեն ինչ-ինչ դասեր քաղել են, ըստ հնդկական մամուլի արտահոսքից Հայաստանում արդեն իսկ կան հնդկական բավական արդյունավետ որոշ զինատեսակներ: Բացի դրանից հայ-ադրբեջանական սահմանում պարեկություն անող եվրադիտորդները մշտադիտարկման արդյուքներն անմիջապես փոխանցում են իրենց կենտրոն: Արդյո՞ք Ադրբեջանը պատժամիջոցների տակ հայտնվելու ռիսկի կդիմի և կգնա ռազմական ճանապարհով: Ոչինչ բացառված չէ: Ադրբեջանը հավանաբար կգնա այդ ռիսկին միայն այն դեպքում, եթե նա վստահ լինի իր հաջողության մեջ այնպես, ինչպես 2020 թ.: Եթե այն ժամանակ Բաքվի նպատակը ռազմական հաղթանակն էր, ապա հիմա՝ միջանցքը: Հայաստանով միջանցք նրանց կարող են խոստանալ միայն ռուսները և միջանցքը այն թեման է, որին կտրուկ դեմ է արտահայտվում ՀՀ-ը: Չմոռանանք նաև, որ տարածաշրջանում կա նաև Իրանը, որին ամենաքիչն է պետք Զանգեզուրյան միջանցքը: Ի՞նչ կուզեն իրարից ռուսներն ու պարսիկները այս հաշվով:

Ադրբեջանը գուցե և գնա ռազմական բախումների: Թերևս դա լինի մեկ շաբաթ, կամ տասը օր, երկու շաբաթ տևող ուժեղ հարձակում, յուրատեսակ «բլից կրիգ», որի ընթացքում նրանք կարողանան շատ արագ լուծել միջանցքի հարցերը, քանի դեռ աշխարհը կհասցնի արձագանքել ու ինչ որ միջոցառումներ իրականացնել: Բայց դա շատ ռիսկային է և տապալվելու դեպքում Ադրբեջանը կկորցնի ավելի շատ, քան ձեռք է բերել մինչև հիմա: Եվ այդ հաշվով կա արդեն ստուգված և շատ ավելի «ձեռնտու» տարբերակ՝ ռուսներին լոյալ իշխանություն Հայաստանում: Ռուսները խիստ լարված հարաբերություններ ունեն ներկայիս իշխանությունների հետ, մինչդեռ շատ ջերմ են նրանց հարաբերությունները Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի թիմերի հետ: Վատագույն դեպքում ռուսական կոպիտ միջամտության հետևանքով Հայաստանում իշխանության եկած ընդդիմադիրները ստիպված կլինեն համաձայնվելու և՛ Աղդամի ճանապարհի, և՛  Զանգեզուրի միջանքի բացման հետ:

Հաշվի առնելով այս ամենը, հարց է առաջանում՝ արդյո՞ք ՀՀ իշխանությունները կանխատեսում են դեպքերի ոչ ցանկալի, բայց թեկուզ և քիչ հավանական տարբերակը: Եթե ոչ, ապա տրամաբանական չէ նրանց, այսպես ասած «դուխով» պահվածքը ռուսների հանդեպ, որոնց հետ կատակելը վտանգավոր է: Եվ եթե այո, ապա ի՞նչ երաշխիքներ են տվել նրանց արևմտյան երկրները արտաքին և ներքին հարցերի առումով: Արդյո՞ք ՀՀ իշխանությունները բավականաչափ երաշխիքներ ունեն, որ արտաքին առումով ադրբեջանցիները չեն ունենա այն քաղաքական առավելությունները, որ ունեին 2020 թ., իսկ ներքին առումով գոնե տեղեկատվական մակարդակում բավարար զինված կլինեն ներքաղաքական խմորումներ թույլ չտալու համար:

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող՝ Արայիկ Մկրտումյան