«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ԵԱՏՄ-ում ակնկալվում է անդամ երկրների տնտեսական աճ

02/02/2021

Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների և ծառայությունների սպառողական գները շարունակում են աճել: Անդամ երկրների համեմատ, սակայն, Հայաստանում, ինչպես նաև Ռուսաստանում, գները գրեթե անփոփոխ են: Հայաստանի համար սա լավագույն ցուցանիշ է՝ ասում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովում:

Իրինա Կանգրո, ԵՏՀ վիճակագրության վարչության տնօրենի տեղակալ - Ընդհանուր առմամբ, 2020 թվականին գները ԵԱՏՄ-ում աճել են 5,4 տոկոսով: Սա նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ բարձր ցուցանիշ է, 2019-ին աճը կազմել է 3 տոկոսից քիչ ավելի: Սպառողական գների աճով առաջատարների շարքում անցյալ տարի Ղրղզստանը, Ղազախստանն ու Բելառուսն էին: Հայաստանում, այլ երկրների համեմատ, սպառողական գներն աճել են նվազագույն տեմպերով:

Համեմատելով նախորդ տարվա դեկտեմբերը 2019-ի հետ՝ սպառողական գների աճը հիմնականում տեղի է ունեցել պարենային ապրանքների նկատմամբ դրանց զգալի ավելացման հաշվին: Նման միտումը բնորոշ է ԵԱՏՄ անդամ բոլոր պետություններին, բացի Բելառուսից։ ԵԱՏՄ-ում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 4,9%, վճարովի ծառայությունների գները՝ 3,1%։ Այնուամենայնիվ, միջազգային շուկայում պարենային ապրանքների գնաճը և Հայաստանում դրամի արժեզրկումն էական ազդեցություն են ունեցել երկրում գնաճի ձևավորման վրա:

Իրինա Կանգրո - Միաժամանակ, Հայաստանի համար էլ 103,7 գնաճը նախորդ տարիների համեմատ բարձր ցուցանիշ է: Առավելապես աճել են պարենային ապրանքների գները, առաջատարներից են արևածաղկի ձեթը, ձավարեղենը, շաքարը: Իսկ ձկնեղենի ու մսեղենի գները, հակառակը, նվազել են: Ոչ պարենային ապրանքների գները նույնպես աճել են, բայց պարենայինի համեմատ դրանք քիչ են:

Արևածաղկի ձեթի գրեթե 96%-ը Հայաստան ներկրվել է հիմնականում Ռուսաստանից։ 2020-ին Ռուսաստանում Քովիդի պատճառով պաշարների համալրումը, բերքատվության նվազումը, արևածաղկի արտահանման պահանջարկի կտրուկ աճն ու ռուբլու արժեզրկումը հանգեցրել են շուրջ 26 տոկոս գնաճի: ԵԱՏՄ-ի երկրները, համավարակի սահմանափակումներով պայմանավորված, ճգնաժամից դուրս են եկել նվազագույն կորուստներով, ինչին որոշակիորեն նպաստել են կառավարությունների ընդունած ձեռնարկատիրության ֆինանսական աջակցության ծրագրերը՝ նշում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովում:

Միության բոլոր երկրներում, բացառությամբ Բելառուսի, նկատվել է շրջանառության անկում: Հայաստանը մանրածախ առևտրի շրջանառության նվազման ցուցանիշով երկրորդն է: ԵԱՏՄ-ում այս տարի սպասում են անդամ երկրների տնտեսական աճ, սակայն հստակ կանխատեսումներ անել չեն պատրաստվում:

Հեղինակ`Մերի Եգորյան