«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բաքուն փորձում է այդ «անհանգստությունները» վաճառել ու դիվիդենտներ շահել դրա դիմաց Մոսկվայում ու միգուցե Թեհրանում. Տաթևիկ Հայրապետյան

05/04/2024

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, այսօր՝ ապրիլի 5-ին, նախատեսված բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ տեղի է ունեցել հեռախոսազանգ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, որի ընթացքում քննարկվել են այդ հանդիպմանն առնչվող հարցեր։ Ի՞նչ է սա, ըստ էության, Ադրբեջանը, որը չի մասնակցում այդ հանդիպմանը, այնպես է արել, որ մինչև հանդիպումն իրեն տեղյա՞կ պահեն, թե կողմերն ինչ են պատրաստվում քննարկել։

– Որովհետև Ադրբեջանը մեծ աղմուկ է բարձրացնում ու արհեստական օրակարգեր է ձևավորում, ընդ որում՝ դա անում է և՛ ագրեսիվ դիվանագիտական մեթոդներով, և՛ տեղեկատվական ու ռազմական շանտաժի միջոցով, հարկադրելով իր հետ հաշվի նստել։ Նա փորձում է ստեղծել այնպիսի իրավիճակ, թե իբրև ԵՄ-ն ու ԱՄՆ-ն աջակցում են Հայաստանին՝ Ադրբեջանի դեմ գործողությունների հարցում: Սա ամբողջությամբ կեղծ մի օրակարգ է, որը Բաքուն ձևավորել է ու ագրեսիվ նետել դաշտ, ու դա էլ հարկադրում է տարբեր գործընկերների հաշվի նստել Բաքվի հետ, փորձել նրան ներկայացնել իրավիճակը, այսինքն՝ հաշվի առնել Բաքվի ցանկությունները, մոտեցումներն ու արհեստականորեն ձևավորված «անհանգստությունները»։ 

Հենց այդ պատճառով էլ, կարծում եմ, զանգը տեղի ունեցավ, որովհետև անցած շաբաթ-կիրակի շատ ագրեսիվ տեղեկատվական գրոհ սկսվեց, տպավորություն էր, որ Ադրբեջանն ուր որ է կգնա հարձակման, ու դրա հիմքում դրված էր այս հանդիպումը։ Ու կարծում եմ, որ այդ զանգը ինչ-որ կանխարգելիչ նպատակ ուներ, որպեսզի Բաքվին հասկացնեն, որ այդ գործողությունները վտանգավոր հետևանքների կարող են հանգեցնել։ 

Չգիտեմ, իհարկե, թե որքանով է կոշտ եղել այդ խոսակցությունը, մամուլի հաղորդագրությունից դժվար է նման եզրակացություն անել, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանն այնքան հեռուն է գնացել, որ պահանջել է ընդհուպ չեղարկել այդ հանդիպումը, իսկ դա միջամտություն է ոչ միայն Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը, այլ նաև ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հարաբերություններին ու գործընկերությանը Հայաստանի հետ։ 

– Այսինքն՝ Ադրբեջանի անհանգստությունն արդարացված չէ՞, ու իրենք ուղղակի կեղծ ֆո՞ն են ապահովում դրա համար։

– Թե՛ Բրյուսելից, թե՛ ԱՄՆ-ից եկող հայտարարությունները փաստում են, որ հանդիպման գլխավոր իմաստն ու նպատակը տնտեսության դիվերսիֆիկացումն է, ու որևէ անվտանգային բաղադրիչի մասին խոսք չկա։ 

Հայկական տիրույթում է այդ մեծ ակնկալիքները արհեստականորեն ձևավորվել իշխանությանը հարող ինչ-որ շրջանակների կողմից, բայց պետք է նայել իրականության աչքերին, պետք է հասկանալ, թե նույն Թուրքիան, Ադրբեջանը ի՛նչ նշանակություն ունեն եվրոպական ու ամերիկյան գործընկերների համար ու գերակնկալիքներ որևէ կողմից չունենալ։ Ուղղակի պետք հասկանալ, թե ո՛ր կողմի հետ ո՛ր հարցում ունես շահերի համընկնում ու փորձել աշխատել այդ հարցերի շուրջ։ 

Իսկ Բաքվի նետած օրակարգը շատ արհեստական է, ու, կարծում եմ, որ դա Բաքուն փորձում է վաճառել գերազանցապես Մոսկվային, ինչ-որ տեղ նաև՝ Թեհրանին, թե իբրև Հայաստանը տարբեր խաղացողներ է բերում տարածաշրջան: Բայց եթե նայենք գետնի վրա առկա փաստերին, ապա հենց նույն Ադրբեջանն է Պակիստանի հետ վերջին երկու-երեք ամսվա ընթացքում բազմաթիվ զորավարժություններ անցկացրել, նույն Ադրբեջանը Իսրայելից հսկայական գնումներ է անում ու նաև իսրայելական ներկայություն է ապահովում Իրանի քթի տակ, փաստացի Իրանի սահմանների երկայնքով։ 

Եթե նայենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը, վերջերս Բաքվում էր Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ հանձնակատարի տեղակալը, որոնք երկուսն էլ եղել են Բաքվում, Թբիլիսիում ու Երևանում, բայց Բաքվի նրանց հանդիպումները շատ այլ բնույթ են կրում ու ակնհայտ հակաիրանական ուղղվածություն ունեն, ինչը նաև երևում է մամուլի հաղորդագրություններում ու հրապարակումներում։ 

Ուստի այս իրավիճակում, ես կարծում եմ, որ հենց Ադրբեջանն է տարածաշրջանային լուրջ լարվածություն ստեղծում՝ «Արևմտյան Ադրբեջանի» թեզը շրջանառության մեջ դնելով ու Հայաստանի ամբողջ տարածքի նկատմամբ հավակնություններ ներկայացնելով, ցույց է տալիս, որ որևէ միտում չունի խաղաղություն կառուցելու, չհամաձայնելով որևէ քարտեզով սահմանազատում ու սահմանագծում անցկացնել, մերժելով բոլոր նախկին պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եվրոպական մայրաքաղաքներում կամ ԱՄՆ-ում, ցույց է տալիս, որ ինքը չունի խաղաղության գնալու ոչ մի ցանկություն։ 

Բայց քանի որ հայկական կողմը չունի սեփական շահերը սպասարկելու օրակարգ, Ադրբեջանն էլ այդ ամբողջ վակուումը լցնում է արհեստական օրակարգերով ու հարկադրում բոլոր կողմերին հաշվի նստել իր հետ։ 

– Այսինքն՝ Բաքուն շատ լավ հասկանում է, որ վաղվա հանդիպումը, ըստ էության, ոչինչ չի տալու Հայաստանին, ուղղակի ինքը հօգուտ իրեն ինչ-որ «անհանգստություննե՞ր» է առաջ մղում։

– Միանշանակ այո՛, ու նա փորձում է այդ «անհանգստությունները» վաճառել ու դիվիդենտներ շահել դրա դիմաց Մոսկվայում ու միգուցե Թեհրանում։ Այստեղ խնդիրն այն է, որ Բաքուն շատ լավ հասկանում է արևմտյան քաղաքականությունը, որ դա նաև որոշակիորեն ազդվում է հանրային կարծիքից, հանրային տրամադրությունից, ու, ստեղծելով այդ գոյություն չունեցող օրակարգերը, ինքը հարկադրել է արևմտյան գործընկերներին շատ ավելի զգուշավոր լինել Հայաստանի հետ կապված իրենց հայտարարություններում, գործողություններում, որպեսզի «չբարկացնեն» Բաքվին։ Այս խորամանկ խաղն է նա առաջ տանում։ 

– Ապրիլի 5-ի հանդիպումից հետո ի՞նչ էական արդյունքներ սպասենք, տիկի՛ն Հայրապետյան։

– Իրականում շատ ուռճացված են սպասելիքներն այս հանդիպումից, միաժամանակ, շատ լավ իմանալով Փաշինյանին ու նրա վարած արտաքին քաղաքականությունը ու, առհասարակ, անբովանդակ բանակցություններ վարելու բացառիկ ունակությունները՝ ես որևէ ակնկալիք չեմ կարող ունենալ, թեև, կարծում եմ, որ, ընդհանուր առմամբ, խաղաղության կառուցման համար տարածաշրջանում իրապես կարևոր է բալանսների վերականգնումն ու ճիշտ քաղաքականություն իրականացնելը, որն այս իշխանությունը շատ հեռու է կատարելուց։