«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄԷ-ն կաշխատի OPEC+-ի հետ՝ էներգետիկ շուկայի կայունությունն ապահովելու համար

28/03/2022

Արաբական Միացյալ Էմիրությունները կաշխատի OPEC+-ի հետ՝ էներգետիկ շուկայի կայունությունն ապահովելու համար, հայտարարել է ԱՄԷ էներգետիկայի նախարար Սուհեյլ ալ Մազրուին, հայտնում է Reuters-ը։

Նա հավելել է, որ ԱՄԷ-ն փորձում է հնարավոր ամեն ինչ անել եւ իր հզորությունը հասցնել 5 մլն բարելի, սակայն դա չի նշանակում, որ երկիրը նախատեսում է դուրս գալ ՕՊԵԿ+-ից կամ միակողմանիորեն ինչ-որ բան անել։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը, իր օրական 10 մլն բարել նավթով, ՕՊԵԿ+ համաշխարհային էներգետիկ դաշինքի կարեւոր անդամ է։ «Եվ եթե քաղաքականությունը մի կողմ թողնենք, այս ծավալն այսօր է պետք»,- ասել է Սուհեյլ ալ Մազրուին: «Մենք չենք տեսնում, որ ինչ-որ մեկը կարող է փոխարինել Ռուսաստանին»,- նշել է նա, հայտնում է AP-ն։

«Մնալով միասին, մնալով կենտրոնացած եւ թույլ չտալով, որ քաղաքականությունը ազդի ՕՊԵԿ+-ի վրա… մենք կարծում ենք, որ այն ամենը, ինչ մենք անում ենք որպես երկրներ, երբ խոսքը վերաբերում է արտադրությանը եւ այս աշխատանքին, միշտ պետք է դուրս մնա քաղաքականությունից»,- ասել է ալ Մազրուին:

Ալ Մազրուին նաեւ օգտագործել է Դուբայում Ատլանտյան խորհրդի գլոբալ էներգետիկ համաժողովում իր ելույթը, որպեսզի պնդի նավթի ու գազի ավելի շատ ներդրումները, չնայած, որ նրա երկիրը փորձում է նվազեցնել արտանետումները ԱՄԷ-ի սահմաններում:

Հստակ քննադատելով ՆԱՏՕ-ի քաղաքականությունը՝ նախարարն ասել է, որ ուկրաինական ճգնաժամը իրավիճակի կարգավորման համար պահանջում է դիվանագիտություն, այլ ոչ թե «զենքի մատակարարում, քանի որ հիմնական զոհերը մարդիկ են»։

«Մենք ապրում ենք ամերիկյան բլուրների վրա՝ հետեւելով, թե ինչպես են գներն աճում ու ընկնում»,- խոստովանել է ալ Մազրուին: «Ներկայումս մեզ որոշակիորեն պետք են բոլոր առկա ռեսուրսները»,- ասել է նա՝ քննադատելով նավթի ու գազի մեջ ներդրումները մերժելու ջանքերը:

Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության գործադիր տնօրեն Սուլթան Ահմեդ ալ Ջաբերը ավելի վաղ ասել էր, որ էներգետիկ շուկաներում մոտ ապագայում խստացում կլինի՝ նախորդ տարվա համեմատ նավթի պահանջարկը կաճի գրեթե 3 մլն բարելով:

Գների անկայունությունը հիմնական կառուցվածքային խնդրի հետեւանքն է, սակայն ակնկալվում է, որ մինչեւ այս տարվա չորրորդ եռամսյակը պահանջարկը կհասնի մինչհամավարակային մակարդակին, ասել է նա: