«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Պետական դրամաշնորհներ՝ վերամշակող ընկերություններին

27/12/2020

Տավուշի մարզում սահմանամերձ Բերդավանի գինեգործական ընկերությունը ոչ միայն գինիների արտադրությունը կընդլայնի, այլև պահածոյացումը:

Արշակ Ավագյան- Գինեգործական ընկերության ղեկավար- Արտադրություն ունենք արդեն, մոտավորապես մի երեք հարյուր անգամ ավելացրել ենք արտադրության ծավալները:

Սովորաբար վերամշակող ընկերությունները հաջորդ գյուղատնտեսական տարվան պատրաստվում եմ ձմռանը: Արտադրության ավելացմանը նպաստել է և՛ իր, և՛ վերամշակողներին պետական աջակցությամբ հատկացվող փողը: Թվում է, թե ձմռան ամիսներին գյուղատնտեսական աշխատանքը կանգ է առնում, սակայն սխալ կարծիք է, ասում է վերամշակողը: Որպեսզի գարնանը բարձր որակի գյուղարտադրանք մթերես, ձմռանը պետք է գյուղացուն երաշխիքներ տաս, ասում է վերամշակող ընկերության ղեկավարը:

Արշակ Ավագյան- Արդեն մենք նախատեսում ենք թունաքիմիկատների տրամադրում, կանխավճարների տրամադրում, արդեն ընդգծում ենք մեր պլանները:

Ոչ միայն Բերդավանի, այլ ևս 26 ագրովերամշակման ընկերություն կստանա հերթական աջակցությունը: Ընկերություններն արդեն կնքել են յուրաքանչյուրի համար 25 միլիոնի դրամի գրանտի պայմանագիր: Փողը կծախսեն նորագույն տեխնոլագիաներ և սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:

Արման Խոջոյան- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ- Էկոնոմիկայի նախարարությունը ևս մեկ քայլ է ձեռնարկել 27 ընկերությունների համար՝ ընդհանուր 1.2 միլիարդ դրամ բյուջեյով, որի, իհարկե, 600 միլիոնը որպես դրամաշնորհ կտրամադրի:

Պարտադիր պայման է, որ նոր սարքավորումներով արտադրողները պետք է արտադրեն ԻՍՕ 9000 բարձր չափորոշիչին համապատասխան արտադրանք: Որպեսզի գումարներն անտեղի չծախսվեն, նախարարության մասնագետները ընկերություններում մշտադիտարկում են անցկացնում: Նախարարի տեղակալն արդյունքները թվերով է ներկայացնում:

Արման Խոջոյան- Քանի որ այս ծրագրի շրջանակում տրամադրված դրամաշնորհը ծառայում է վերամշակող սարքավորումների ձեռքբերմանը և սննդի անվտանգության համակարգերի ներդրմանը, ապա ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում արտադրական ծավալներն ավելացել են 4 միլիարդ դրամով:

Ծրագրից արդեն օգտվել է ավելի քան 40 ընկերություն, որոնց արտադրանքի մի մասն արդեն արտահանվում է:

Հեղինակ`Վահե Կոստանդյան, 1Lurer.am