«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը

11/02/2021

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը։
– Պարոն Ավետիսյան, իշխանությունները որոշեցին չեղարկել արտահերթ ընտրությունները՝ հիմնավորելով, թե հասարակության լայն շերտերում նման պահանջ չկա։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս որոշման մասին։

– Դեռ մինչ այս իրադարձությունները, մինչ պատերազմը, երբ արդեն կար ճգնաժամը, ասում էինք, որ անհրաժեշտ է անցումային ժամանակավոր կառավարություն ձևավորել։ Առաջինը մենք ենք այդ մասին խոսել, հետո որոշները վերցրին մեր գաղափարն ու աղավաղված տեսքով ներկայացրին։ Մենք մեր տեսակետը պահպանում ենք՝ անհրաժեշտ է ժամանակավոր, անցումային կառավարում իրականացնել, նախապատրաստել, պայմաններ ու նախադրյալներ ստեղծել ընտրությունների համար։ Հայաստանում մինչ օրս ընտրություն չի եղել։ Մեր ասածը ենթադրում է նոր Սահմանադրության ընդունում, հակաճգնաժամային լուծումներ բոլոր ոլորտներում և առաջին հերթին պաշտպանության բնագավառում։ Ընտրություններ պետք է լինեն առանց դաշտում առկա սև-սպիտակ բաժանումների, Փաշինյան-Քոչարյան գզվռտոցի, որն օտարն է մեր գլխին սարքում, որ մեր հիմնական առաքելությունից շեղվենք ու քայքայիչ գործողություններով զբաղվենք։

– Ձեր կարծիքով՝ հասարակությունն այժմ Քոչարյան-Փաշինյան երկընտրանքի առա՞ջ է։

– Չեմ պնդում, որ ամբողջ հասարակությունն այդ երկընտրանքի առաջ է, բայց դա է մատուցվում ժողովրդին։ Ընդ որում, պարտադրվում է զանգվածաբար, իսկ դա Կրեմլի խաղն է։ Փորձում են մի կողմից քաոսը խորացնել, մյուս կողմից՝ հեռու պահել իրական օրակարգից։

– Ի՚՞նչ դիտարկումներ ունեք Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու, Ռուսաստանի կազմի մեջ մտնելու նախաձեռնությունների, քարոզի մասին։

– Դա հակապետական, հակազգային, նաև հակաիրավական գործունեություն է։ Այն պետք է կանխվի և չեզոքացվի, բայց փոխարենը պետական ակադեմիական թատրոնի դահլիճն են տրամադրում։ Բայց եթե մենք դիմեինք, հաստատ քաղաքական նպատակներից ելնելով մեզ չէին տրամադրելու։ Գիտեք, որ դա կառավարությունն է տրամադրում։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Կրեմլի այդ խաղն է խաղում, ամեն ինչով սպասարկում Հայաստանի գաղութացման գծին ու մասնակցում երկակի խաղին։ Այդպիսով փորձում է կեղծ պայքարի տպավորություններ ստեղծել։ Ամեն ինչ Կրեմլն է խաղարկում, երկու կողմն ընդամենը խամաճիկներ են։

– Կարծում եք՝ հասարակության մոտ այդ տրամադրությունների քարոզն ինչ-որ ազդեցություն կունենա՞՝ հատկապես պատերազմից հետո։

– Ընդհակառակը։ Հասարակության գիտակից, քաղաքականապես ակտիվ հատվածն ամբողջությամբ գիտակցել է Կրեմլի կործանարար քաղաքականությունը մեր նկատմամբ, ռուս-թուրքական գործարքի հետևանքները։ Ռուսաստանն իր դարավոր հակահայկական քաղաքականությունն է վարում, իսկ մեր ժողովրդի քաղաքականացված մասը դա հասկացավ։ Ժամանակի ընթացքում այդ պատկերացումները զուլալվելու են, հատկապես Կրեմլի թուլանալու, բուն Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումների շնորհիվ։ Դա մեր օգտին է, և մենք տեսնում ենք, որ կա դրական գործընթաց ու պետք է պատրաստ լինենք ապագաղութացվելու։