«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եկեղեցին առաջնորդվում է ազգի և Հայրենիքի շահերով. Գարեգին Երկրորդ

27/12/2020

Այսօր Սուրբ Գայանե վանքում մատուցված տարեվերջյան պատարագի ավարտին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է լրագրողների հարցերին։ Հարցուպատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ.

 

Հարց. Վեհափառ Տեր, ի՞նչ խոսք ունեք ժողովրդին ուղղելու։

 

Վեհափառ Հայրապետ. Փառք և գոհություն ենք բարձրացնում առ Աստված, որ մեր ժողովրդի զավակները տարվա վերջին կիրակին այցելել են եկեղեցի` մեր ժողովրդի ու Հայրենիքի համար իրենց աղոթքը բարձրացնելու։

 

Անշուշտ, ժողովրդի շատ զավակներ այսօր եկել են այստեղ իրենց զորակցությունը հայտնելու մեր Եկեղեցուն` համացանցում Եկեղեցու հասցեին հնչած բռնության ու սպառնալիքի կոչերին ի պատասխան։ Մենք գնահատում ենք մեր զավակների նախանձախնդրությունը, սերը եւ նվիրումը հանդեպ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին։

 

Հարց. Եկեղեցին փորձո՞ւմ է միջամտել քաղաքականությանը։

 

Վեհափառ Հայրապետ. Եկեղեցին առաջնորդվում է մեր ազգի, մեր Հայրենիքի շահերով։ Եվ համազգային հնչեղություն ունեցող հարցերի առնչությամբ արտահայտում է իր վերաբերմունքը։ Եվ որևիցե կերպ դա չպետք է ունենա այլ մեկնաբանություններ։ Ինչպես մեր քաղաքացիները, առավելապես մեր Եկեղեցին իր կարծիքը ազատ է արտահայտելու։

 

Հարց. Դա աստվածահաճո՞ է։

 

Վեհափառ Հայրապետ. Եթե արտահայտած տեսակետը ի պաշտպանություն մեր ազգային շահերի է, ի պաշտպանություն մեր ժողովրդի է` դա աստվածահաճո է։

 

Հարց. Հարձակումները Եկեղեցու վրա ուղղորդվա՞ծ են։

 

Վեհափառ Հայրապետ. Չեմ կարող նման հաստատում կատարել, որովհետեւ չգիտենք, թե ովքեր են և ինչ ծավալի հարձակումներ են (ծրագրել)….

 

Հարց. Երկուսուկես տարի նման արշավներ եղե՞լ են։

 

Վեհափառ Հայրապետ. Ես չպետք է ցանկանամ մեկնաբանել այդ թեման։ Որոշ անձեր, որոնք ունեին կարծիք, տեսակետ, վերաբերմունք Հայոց Հայրապետի ու Հայ Եկեղեցու վերին իշխանության վերաբերյալ, արտահայտել են իրենց տեսակետը և այդ իրավիճակում կատարել են այն, ինչ իրենք համարել են, որ պետք է թույլ տան իրենց` իրենց նպատակին հասնելու համար։

1Lurer.am