«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԻՍՐԱՅԵԼ ՕՐՈՒ ՀԱՅԵՑԱԿԵՏՆ  ԸՍՏ «ՊՖԱԼՑՅԱՆ ԾՐԱԳՐԻ» ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

14/08/2020

ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

«Զորավար  Սեպուհ» պատմաքաղաքական  վերլուծական կենտրոնը համաձայն իր որդեգրած նպատակի գլխավոր լուրերը մատուցելուն զուգընթաց իր կայքի էջերում պարբերաբար ներկայացնելու է պատմագիտական վերլուծություններ՝ միանգամայն նոր հայեցակարգերով, որոնք չեն ունելու արհեստական ոչ մի բան և չեն բխելու որևէ քաղաքական ուժի շահերից: Այլ հարց է, որ որոշ քաղաքական ուժեր հնարավոր է  կիսեն մեր որդեգրած դավանանքը:  Պատմագիտական վերլուծությունները ըստ հնարավորինս մատուցվելու են անաչառ, իրադարձությունների զարգացման և ավարտի հիմքում դնելով մեր ժողովրդի համար դրանց արդյունավետությունը: Նման հոդվածների հրապարակման անհրաժեշտությունը պայմանավորում ենք  դրանց ունենալիք նպաստով հայ արդի քաղաքական մտքի նորովի զարգացմանը: Սույն հոդվածում  քննության են ենթարկվում Իսրայել Օրու Հայաստանի ազատագրման ձգտումները՝ նրա գործունեության առաջին շրջանում, երբ նա հայերի ազատագրության հույսը կապում էր Եվրոպական տերությունների հետ: Փաստերի համադրական քնննությամբ այնտեղ փորձ է արված ապացուցելու, որ Իսրայել Օրու «Պֆալցյան ծրագիրը» ամբողջությամբ հետևանք էր քաղաքական ռոմանտիզմի, երբ նա ցանկալին շփոթում էր իրականի հետ: Այնտեղ համկողմանիորեն վեր են հանված նրա ծրագրի ձախողման պատճառները, ինչպես նաև Իսրայել Օրու քաղաքական հայեցակետը Հայասատանի ազատագրման վերաբերյալ: Վերլուծությունը ներկայացնում ենք մաս – մաս՝ հաշվի առնելով նրա ծավալը:

ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԻՍՐԱՅԵԼ ՕՐՈՒ ՀԱՅԵՑԱԿԵՏՆ  ԸՍՏ «ՊՖԱԼՑՅԱՆ ԾՐԱԳՐԻ»

 

Իսրայել Օրու կյանքի ու գործունեության մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել և թվում է թե այդ առումներով գիտական նոր ասելիք չի մնացել: Բայց կարծում ենք, որ այնքան էլ այդպես չէ, որովհետև կարևորագույն խնդիր է մնում արդյունավետության տեսանկյունից նրա քաղաքական նպատակադրումների վեր հանելը, դրանցում ռոմատիզմի ու իրականի տարանջատումը և մատնանշումն այն նորի, որն առկա էր նրա քաղաքական մտածողության մեջ: Հենց սկզբից ցանկանում ենք շեշտել, որ այնքան էլ ճիշտ չէ Օրուն ներկայացնել որպես հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ինչպես արվել է հաճախ, այլ` նրան պետք է համարել հայ քաղաքական մտքի ներկայացուցիչ, քանի որ նրա գործունեության շրջանում ոչ մի ազատագրական շարժում էլ չի եղել: Նա չի հանդիսացել ո'չ ազատագրական շարժման առաջնորդ և ո'չ էլ կազմակերպիչ, այլ` հայ քաղաքական-դիվանագիտական մտքի կրող, որը ծրագիր է մշակել Հայաստանի ազատագրության համար և այդ ծրագիրը պատմական քննություն չի բռնել:
Իսրայել Օրու քաղաքական գործունեությունն սկսվել է նախ Եվրոպայում, ուր նա անցել էր Հ. Ջուղայեցու մահից հետո (1680թ.): Վերջինիս պատվիրակության անդամներից Սիսիանի Մելիք Իսրայելը, որը սերում էր Պռոշյան իշխանական տոհմից, Հայաստան վերադառնալուց առաջ որդուն այնտեղ էր ուղարկել՝ կրթություն ստանալու նպատակով: Սակայն, դեպքերի բերումով  Օրին ոչ թե կրթություն է ստանում, այլ՝ դեգերում է նախ՝ Վենետիկում (1680-83թթ.), ապա՝ Ֆրանսիայում: Նա մասնակցում է XVII դարի 90-ական թթ. տեղի ունեցած անգլո-ֆրանսիական պատերազմին՝ ֆրանսիացիների կողմից, որի ընթացքում գերվում է անգլիացիներից (1695թ.), բայց պատերազմի ավարտին ազատ է արձակվում: Ապա ծառայելով ֆրանսիական բանակում՝ նա ձեռք է բերում ռազմական գիտելիքներ, ստանում է սպայի աստիճան:
Պատերազմի ավարտից հետո (1695թ.) նա անցնում է Հռենոսյան Պֆալց, որի կենտրոն Դյուսեդորֆ քաղաքում ծառայության է մտնում կուրֆյուրստ Հովհան Վիլհելմի մոտ, նշանակվելով  Հայդելբերգ և Մանհայմ  քաղաքի մատակարարման կոմիսար: Ահա այստեղ է, որ նա սկսում է ձեռնամուխ լինել Հայաստանի ազատագրության իր ծրագրերի իրականացման: Որո՞նք էին այդ ծրագրերի առաջ գալու քաղաքական նախադրյալները:
Դեռևս Օրու Եվրոպա մուտք գործելու օրերին Թուրքիան պատերազմի մեջ էր Ավստրիայի և Եվրոպական այլ տերությունների հետ: Օսմանյան բանակը մեծ վեզիր Կարա Մուստաֆա Քյոփրյուլյուի (1676-1683) շնորհիվ կարողանում է բարձրացնել իր մարտունակությունը և ճնշել խռովությունները Փոքր Ասիայում և Սիրիայում (Ասիայի և Աֆրիկայի երկրների միջին դարերի պատմություն, Երևան, 1973, էջ 33): Այնուհետև այն հասավ մինչև Վիեննա «և պաշարման ենթարկեց Հաբսբուրգների այդ ոստանը» (Լեո, Երկերի ժողովածու, երրորդ հատոր, Երևան, 1973, էջ 33): Սակայն, Լեհաստանի թագավոր Յան Սոբեսկին Վիեննայի պարիսպների տակ ջախջախիչ պարտության մատնեց թուրքերին: Չի սխալվում Լեոն, գրելով, որ «Այդ պարտությունն ահագին տպավորություն թողեց: Եվրոպայում երեք պետությունների դաշնակցությունը (Ավստրիա, Լեհաստան և Վենետիկ) պաշտպանական դիրքից դուրս գալով՝ դիմեց հարձակողական գործողությունների» (Նույն տեղում):
Դաշնության միանալու առաջարկ եղավ նաև Ռուսաստանին, ուր Ավստրիան մի դեսպանություն առաքեց Բրյումբերգի գլխավորությամբ: Վերջինս Մոսկվայում արտասանած իր ճառում մասնավորապես նշում է, որ «Ամբողջ Հունաստանը և Ասիան սպասում են Ձեզ … Սառցակույտն արդեն ճեղքվել է: Առյուծն արդեն պատրաստվում է արծիվների կերակուր դառնալ…: Ամբողջ Հունաստանը և Ասիան սպասում են ձեզ …» (Նույն տեղում, էջ 33):
Եվ ահա Ռուսաստանը նույնպես միանում է դաշնությանը, որը հայտնի է որպես «Սրբազան լիգա»: Քաղաքական և ռազմական իրադարձությունների այս ընթացքը հույսեր արթնացրեց թուրքահպատակ քրիստոնյաների մոտ, որոնց նաև իրենց կողմը գրավելու հույսով խոստումներ էին տալիս հիշյալ տերությունները:
«Սրբազան լիգայում» պակաս դերակատարություն չուներ և Հովհան Վիլհելմը, որի հետ բանակցություններից էլ սկսում է իր քաղաքական գործունեությունն Իսրայել Օրին` հանուն հայ ժողովրդի ազատագրության: Պֆալցը ևս մասնակցում էր ընդդեմ Թուրքիայի մղված պատերազմին:
Իսրայել Օրին Հովհան Վիլհելմին տեղեկություններ է հաղորդում Հայաստանի մասին, մանրամասներ հաղորդում Հ. Ջուղայեցու գումարած      Էջմիածնի      ժողովի            և նրա  ձախողված առաքելության մասին՝ ջանք ու եռանդ չխնայելով ձեռք բերելու համար նրա շահագրգռությունը հայության ազատագրության գործում: Օրին կուրֆյուրստին «ներշնչում է այն միտքը, որ իրենց ազատագրության համար Իրանի և Թուրքիայի դեմ պայքարող Հայաստանն ու Վրաստանը բնական պատվար ու դաշնակից են Թուրքիայի դեմ պատերազմող եվրոպական պետություններին և ռազմական  ոչ      մեծ օժանդակությամբ    դժվար  չի լինի կորզել Հայաստանը` իր օրհասն պարող Իրանի ճանկերից և կուրֆյուրստին բազմեցնել հայոց գահին: Օրին կարողացավ հավաստել, թե իր ազատությունը երազող հայ ժողովուրդը պատրաստ է նետվելու կաթողիկ եկեղեցու գիրկը»: (Հայ ժողովրդի պատմություն, ՀԽՍՀ ԳԱ ևատ, հIV, էջ 120)
Հատկապես մեր ընդգծած պարբերությունից հետևյալ եզրակացություններին ես հանգում.
Առաջին. Փաստորեն Օրին ծրագրել է Արևելյան և ոչ թե Արևմտյան Հայաստանի ազատագրությունը, որը նշանակում էր վերոհիշյալ տերությունների պատերազմ Իրանի հետ: Իսկ այս պետություններին արդյո՞ք դա ձեռնտու էր: Կարծում ենք, որ ոչ:
Երկրորդ. Իսրայել Օրին նույնպես իր նախորդների նման կաթոլիկ եկեղեցուն միանալու երաշխիք էր տալիս, որի հիմքերը  նրան ոչ ոք չէր տվել՝ ո'չ հայոց կաթողիկոսը և ո'չ էլ հայ ժողովուրդը, որը նրա մասին չէր էլ լսել:
«Գերմանական սրբազան կայսրության» երկրները Ավստրիայի գլխավորությամբ ամենևին էլ հակված չէին կարող լինել Իրանի դեմ պատերազմ սկսելուն, բայց նրանց ձեռնտու էր Թուրքիայի թիկունքում անկախ պետականությունների ստեղծումը: Այս առումով նրանք ավելի շատ ցանկանում էին տեսնել հայ և վրաց ժողովուրդների ապստամբությունը, քան թե ցանկանում էին իրենք պատերազմ սկսել` որպես ազատարարներ: Թերևս սրանով պետք է բացատրել այն հանգամանքը, որ Վիլհելմը Օրիին առաքում է Հայաստան` ճշտելու տեղի և Վրաստանի ղեկավար ուժերի տրամադրությունները: Հովհան Վիլհելմի վրաց Գեորգի XI թագավորին, Էջմիածնի և Գանձասարի կաթողիկոսներին, վրաց իշխաններին և հայ մելիքներին Օրու տեղեկության վրա գրած նամակները վկայում են այն մասին, որ նա այնքան էլ տեղյակ չի եղել Անդրկվկասում տեղի ունեցած իրադարձություններից: Ինչպես նկատել է Աշ. Հովհաննիսյանը`«Գրությունները ուղղված էին այնպիսի հասցեներով, որոնք անկարող էին դարձնում հանձնումը: Աղվանից կամ Գանձասարի Փիլիպոս կթողիկոսը, որին, մելիքների ասելով ուղղված էր գրություններից մեկը, անգոյ դեմք է: Օրիի ժամանակ այդ անունով կաթողիկոս չէր եղել ու չկար ոչ Գանձասարում, ոչ այլուր: Ինչ վերաբերվում է Էջմիածնի Եղիազար կաթողիկոսին, որին ուղղված էր կուրֆյուրստի նամակը գրվելու պահին նրա մահից անցած էր արդեն յոթ տարի: Հայրենիքից կտրված Օրին անտեղյակ էր մնացել այդ փաստին և չէր լսել տակավին նրա հաջորդի` Նահապետ կաթողիկոսի անունը: Ոչ միայն պատմական, այլև կենդանի մարդ էր վրաց «մեծ իշխան» Գուրգեն խանը, որին հասցեագրված էր կուրֆյուրստի երրորդ նամակը: Սակայն, արդեն 1696 թվականին, վրաց ապստամբությունը ճնշվելուց հետո, նա հնազանդվել էր իրանշահին, ընդունել մահմեդականություն և մեկնել Սպահան, ուր մայրաքաղաքի զորահրամանատարի պաշտոն էր վարում, հավատարիմ ծառայությամբ կտրելով ամեն մի կապ խռովալից իր անցյալի հետ» (Հովհաննիսյան Աշ., Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, հ. 11, էջ 283):
Աշ. Հովհաննիսյանի ընդհանրացումն հետևյալն է` «Օրիի քաղաքական տարեցույցը ըստ ամենայնի ետ էր մնացել Հայաստանի և Անդրկովկասի կենդանի իրականությունից» ( Նույն տեղում, էջ 283-284):
Զերծ մնալով փաստաբանի դերի հավակնությունից ցանկանում ենք շեշտել, որ Օրին չի գործել Անդրկովկասյան իրավիճակի ռեալ վերլուծության արդյունքում, որը նշանակում է, որ լուրջ հաշվեկշռի չի ենթարկել հայ և վրաց ժողովուրդների ապստամբության հնարավորությունը:
Օրինակ, Գեորգի XI-ին գրած նամակում Հովհան Վիլհելմը խնդրում է հավաստել Օրիի հաղորդածն այն մասին, թե արդյոք «Մեծ Հայաստանում» քրիստոնյաները «անօրենների համեմատ կազմում են մեծամասնություն և վերջիններս չունեն այդ երկրում ամուր ռազմակայաններ, քրիստոնյաներից չի պակասում ռազմական ոգին  ու հարկավոր է միայն Եվրոպայի կողմից մի փոքր օգնություն, որպեսզի նրանք ի վիճակի լինեն թոթափելու ստրկությունը: Նա Գեորգիից խնդրում է իրեն տրամադրել ավելի մանրամասն տեղեկանք, որպեսզի ինքը իր խնամի և արյունակից գերմանական կայսրի հետ կարողանա անել ինչ հնարավոր է՝ բարի այդ գործեն ընդառաջ գնալու համար» (Эзов Г. А., Сношения Петра Великого с армянским народом, С.-Петербург, 1898, N 11, տես էջ 44-56):
Օրին նամակներն առած` 1899թ. սկզբներին գալիս է Հայաստան:
Զերծ մնալով այն մանրամասներից, մենք պարզապես կվերլուծենք այն քաղաքական մոտեցումները, որոնք ունեցել են Օրին և հայ մելիքները և որոնք դրսևորվել են նրա Պֆալցյան ծրագրում:
Օրին Հայաստան է հասնում գարնանը: Նա նախ  այցելում է Էջմիածին, ուր ապրիլի 4-ին հանդիպում է ունենում կաթողիկոս Նահապետ Եդեսացու (1691-1705) հետ, որը նրան անբարյացակամ վերաբերմունք է ցույց տալիս: Պատճառն ըստ Լևոյի, որը իր տեսակետը հիմնավորում է մելիքների վկայություններով, այն էր, որ նա նվիրված էր պարսիկներին (Լեո, Երկերի ժողովածու, երրորդ հատոր, էջ 27):
Գրեթե նույն կարծիքին է նաև Աշ. Հովհաննիսյանը, որը գրում է`«Նա (Օրին – Ա. Ն..) հասկացավ, որ եթե հայերի ազատագրումը պիտի գլուխ բերեր ազգի կաթոլիկացման գնով` ապարդյուն կլինի խոսք բացել այդ մասին Էջմիածնում, ուր կաթոլիկասիրության կասկածն անգամ բավական էր իշխող կաթողիկոսին գահընկեց անելու համար: Մյուս կողմից, նա պիտի գլխի ընկած լիներ նաև, որ հայերի դավանափոխության մասին Նահապետը չէր կարող խոսք բացել Պֆացի կուրֆյուրստի հանձնակատարի հետ թեկուզ հենց իրանական կառավարության երկյուղից, որի կողմից նա վերահաստատված էր իր աթոռի վրա» (Հովհաննիսյան Աշ., նշվ, աշխ. Հ II, էջ 311):
Համոզվելով, որ Էջմիածնում անելիք չունի` Օրին մեկնում է Սիսիան, որի Անգեղակոթ գյուղում, տեղի Մելիք Սաֆրազի ապարանքում, ապրիլի 9-ին գումարվում է Անգեղակոթի հայտնի ժողովը: Քննարկման առարկան կուրֆյուրստի մելիքներին ուղղված գրությունն էր: Իսկ ի՞նչ երաշխիքներ էր ուզում կուրֆյուրստը հայ մելիքներից:
Առաջին` հպատակություն Հռոմի պապին, այսինք` կաթոլիկության ընդունում, որի վերաբերյալ մելիքները հավաստիացումներ են տալիս նրան ուղղված իրենց գրության մեջ:
Երկրորդ. Գրությունն ուղղված է Հովհան Վիլհելմին, որով նրանք վերջինիս առաջարկում էին Հայաստանի թագը և թախանձագին խնդրում էին` արագացնել գերմանական զորքերի մուտքը Հայաստան (Լեո, նշվ. աշխ., էջ 42):
Երրորդ. Մելիքները վրացիների ապստամբության խնդիրը թողնում են առկախ, այն պարզ պատճառով, որ Գեորգի XI-ը, որին ուղղված էր կուրֆյուրստի նամակը, հեռացել էր քաղաքական գործերից: Նրան գրում են, որ վրացիների հետ բանակցությունների խնդրի հետաձգման պատճառների մասին Օրին անձամբ կզեկուցի նրան:
Նրանք հավաստիացնում էին, որ իրենք շուտով բանակցությունների մեջ կմտնեն վրացիների հետ և նրանց է մասնակից կդարձնեն իրենց գործին (Նույն տեղում):
Անգեղակոթի ժողովը մի գրություն էր ուղղում Պետրոս I ցարին, այն պարզ պատճառով, որ առանց նրա թույլտվությն անհնար կլիներ զորք մտցնել Հայաստան (Նույն տեղում):
Ժողովից առաջ Սյունիքի մի քանի Մելիքներ Օրիի հետ միասին այցելում են Գանձասարը, որտեղի Փիլիպոս կաթողիկոսը ու եկեղեցականները դեմ են արտահայտվում կաթոլիկության առաջարկին: (Эзов, նշվ. ժողովածուն, վավերաթուղթ N 6 և 7):
Օրին ստանալով անհրաժեշտ գրությունները, Մինաս վարդապետի ընկերակցությամբ ճանապարհ է ընկնում դեպի Եվրոպա: Հասնելով Դյուսելդորֆ (1689թ. սեպտեմբեր) Օրին մշակում է Հայաստանի ազատագրության իր առաջին ծրագիրը, որն հայտնի է «Պֆալցյան ծրրագիր» անունով:
Հայ քաղաքական մտքի ընդհանրապես և Իսրայել Օրու քաղաքական մտքի մասնավորապես, ուղղվածությունների վերաբերյալ լիարժեք պատկերացում կազմելու համար հարկ ենք համարում վերլուծել այն կարևոր վավերաթղթերը, որոնք առկա են, որպեսզի զատորոշենք իրականը ռոմանտիզմից այն ուղու մեջ, որով ընթանում էին Օրին և իր համախոհները:

(Շարունակելի)