«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՐՑԱԽԻ ԱՊԱԳԱ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ. ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

13/04/2022

Արցախի ապագա կարգավիճակի  հարցը մեր խորին համոզմամբ դեռևս պարզ  չէ ոչ մի կողմի համար, ոչ արտաքին , ոչ ներքին՝ թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր ուժերի։ Փորձենք բացատրել, թե ինչու՞։

1․ Ադրբեջանի նախագահը, որը բազմիցս հայտարարում է, որ Ղարաբաղի խնդիրը լուծել է և այս առումով Մինսկի խումբն այլևս անելիք չունի, չափազանցնում է և ընկնում է պատրանքների գիրկը կամ էլ անում է ներքին լսարանի համար։ Նա չի սխալվում, որ Մինսկի խումբն  անելիք չունի, բայց դա անում է՝ ճիշտ հասկանալով Ռուսաստանի մոտեցումները, որի մասին գրել  ենք և համաձայն որոնց՝  իրոք Մինսկի խումբն այլևս պատմության գիրկն է։ Սա այն հասկանալի պատճառով, որ այս խնդրի լուծումը նրա տիրույթում է։ Իսկ Ալիևի հայտարարություններին չարժե ականջ կախել, որովհետև, եթե ինքը լուծել է Ղարաբաղի հարցը, ապա՝ այդ դեպքում  ի՞նչ են այնտեղ անում ռուս խաղապահները և ի՞նչ է նշանակում  Արցախի հանրապետության դե ֆակտո գոյությունը։ Ոմանք միգուցե պնդեն, թե  նա Ռուսաստանի հետ ունի գաղտնի պայմանավորվածություն, որ Արցախն ամբողջովին իրեն կնվիրաբերի, բայց այդ առումով շտապում են։ Քանի դեռ շարունակվում է Ուկրաինայի հետ պատերազմն,  այդ մասին խոսելն ավելորդ է կամ եթե իրոք Ռուսաստանը նման ցանկություն ուներ, ապա Ադրբեջանին կկանգնեցներ միայն ամբողջ Արցախը գրավելուց հետո։ Այդ դեպքում նաև ազատված կլիներ հետագա բանակցությունների գլխացավանքից։ Ուրեմն Արցախի հայկական պահելը նրան դեռևս անհրաժեշտ է։ Այնպես, որ Ալիևը սեթևեթում է։

2․ ՀՀ իշխանությունները  նույնպես հաստատ չգիտեն, թե ի՞նչ կարգավիճակ կստանա Արցախը։ Համենայն դեպս նրանք դրել են խնդիր Ադրբեջանի հետ դեմարկացիայի և դելիմիտացիայի, որից տարանջատում են Արցախը։ Դա, անշուշտ, չի նշանակում, որ նրանք թաքուն համաձայնություն են տվել  Արցախն Ադրբեջանի մաս կազմելուն։ Այդ հարցում  նրանք առաջնորդվում են ինքնորոշման իրավունքի հիմքով, որին Ադրբեջանը չի կարող համաձայնվել, բայց որը  կշահարկի Արևմուտքը Ռուսասատանին հակադրվելու առիթով, բայց որը հաստատ դեմ  չի լինի, եթե Արցախն  ստանա  կարգավիճակ, օրինակ, Ադրբեջանի կազմում, միայն թե վերջինս նպաստի ռուսների դեմ երկրորդ ճակատ բացելուն։ Նրան հետաքրքրում է Ռուսատանի հետ քաղաքական ապագան, որի հետագա ընթացքը կորոշի, թե ինչ դիրքորոշում պետք է որդեգրի։ Մի խոսքով, նրա համար էլ ամեն ինչ անորոշ է։

3․ Ռուսաստանի դիրքորոշման մասին բազմիցս գրել  ենք։ Կրկնենք միայն, որ ներկա իրավիճակում  նա այդ հարցը չի լուծելու, որովհետև ունի կարևորագույն խնդիրներ և դեմարկացիայից և դելիմիտացիայց հետո  էլ  դժվար թե հստակ կարգավիճակ տա Արցախին։ Բայց անպայման կխուսափի հայ – ադրբեջանական նոր ընդհարումներից և կպահի փխրուն խաղաղությունը։

4․ Ինչ վերաբերվում է Թուրքիային, ապա վերջինս նույնպես այս պարագայում  հազիվ թե կողմ լինի Արցախի՝ Ադրբեջանին մաս կազմելուն, քաջ հասկանալով, որ դա, մեղմ ասած,  Ռուսաստանի համար ոչ ականջահաճո դիրքորոշում է։ Նա նույնպես գնում է մի գործընթացով, որ նախատեսում է մեր հետ սահմանների բացում, բայց մեր խորին համոզմամբ առայժմ չի պնդի Արցախի Ադրբեջանի մաս կազմելու օգտին։ Դա բացահայտ կարող է անել, եթե քանդվի Ռուսաստանը, որը չենք կարծում, որ հնարավոր է։ Թուրքիան կձգտի որպես Մինսկի խմբի անդամ երկիր ակտիվ մասնակցություն ունենալ հարցի լուծմանը, բայց ոչ հիմա։ Ոմանք կարող են դավադրական տեսություններ հորինել, որ դարձյալ  կա ռուս – թուրքական գաղտնի պայմանավորվածություն։ Բայց դա միգուցե կար 2020թ․ պատերազմի օրերին, բայց հիմա ոչ մեկը չի կարող հիմնավոր և առկա ապացույցներով  պնդել, թե  կա։

Ինչ վերաբերվում է ընդդիմադիրներին, որոնք դնում են իշխանության հարց և դրան հասնելու ճանապարհին արդեն կատարում են քայլեր, որոնց մեջ երկար փնտրելուց հետո էլ  դժվար է գտնել տրամաբանություն, ապա նրանց այսօր, ինչպես արդեն երկրորդ տարին է շեշտում ենք , իշխանություն տվող  չկա և եթե դա ստանան էլ, միևնույնն է, չեն կարող շեղվել  այն գծից,որը նախատեսել  են մեծ խաղացողները և առաջին հերթին ռուսները։ Մնում  է մտածել, որ կամ զգացմունքով են առաջնորդվում կամ խաղում են մի խաղ, որի բեմագրությունը ուրիշ տեղ է  գրվել։ Երրորդ պատճառի մասին չենք ուզում գրել։

Ա․ Ներսիսյան,

<<Զորավար Սեպուհ>> պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ