«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Ի՞նչ է սպասվում հայ-թուրքական հարաբերություններում թռիչքները վերսկսվելուց հետո»,-Ալ Ջազիրայի արձագանքը

02/02/2022

    Ալ Ջազիրան հայտնում է, որ Ստամբուլի և Երևանի միջև թռիչքների վերագործարկումը համարվում է առանցքային քայլ պաշտոնական հարաբերությունները վերականգնելու շարունակական դիվանագիտական ջանքերում:

    Թուրքիայի խոշորագույն Ստամբուլ քաղաքի և Հայաստանի մայրաքաղաք Երևանի միջև ուղիղ չվերթերը նախատեսվում է վերսկսել չորեքշաբթի օրը՝ ավելի քան երկու տարի դադարեցված լինելուց հետո:

    Վերլուծաբաններն հայտնում են, որ օդային հաղորդակցությունների վերականգնումը հիմնականում կարևոր քայլ է երկու հարևանների միջև մոտ 30 տարի հետո պաշտոնական կապերը վերականգնելու համար:

     Նախորդ տարի Հայաստանը և Թուրքիան պատվիրակներ նշանակեցին մերձեցմանն ուղղված երկխոսություն սկսելու համար։ Երկու պատվիրակները հունվարին մեկնեցին Մոսկվա բանակցությունների համար, ինչը վկայում էր այն մասին, որ երկու երկրներն էլ կառուցողական ջանքեր են գործադրում հարաբերությունների վերականգնման ուղղությամբ:

    Չնայած Թուրքիան առաջին երկրներից մեկն էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո, հարաբերությունները խզվեցին և երկու հարևանների միջև սահմանը փակվեց 1993 թվականին՝ որպես Ադրբեջանին աջակցության նշան Ղարաբաղյան առաջին պատերազմում:

    2020 թվականի Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակից և հայկական ուժերի դուրսբերումից հետո հայ-թուրքական մերձեցման հնարավորությունն առաջին անգամ օրակարգ վերադարձավ այն բանից հետո, երբ 2009 թվականին դիվանագիտական ջանքերը կոնկրետ արդյունք չտվեցին:

     Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ են տարածել, որոնք ցույց են տալիս նրանց պատրաստակամությունը վերականգնել հարաբերությունները, և նույնիսկ Ադրբեջանը հայտարարեց իր աջակցությունը:

     «Այս անգամ Ադրբեջանը չի խոչընդոտում կարգավորման գործընթացին, բայց նրանք նաև որոշակի ակնկալիքներ ունեն», - ասում է Ստամբուլում գործող Հանրային քաղաքականության և ժողովրդավարության հետազոտությունների կենտրոնի գլխավոր տնօրեն Այբարս Գորգուլուն:

     «Առաջինը, նրանք ցանկանում են տեղեկացված լինել  Թուրքիայի յուրաքանչյուր քայլի մասին։ Անկարան նաև շատ ուշադիր է բոլոր մակարդակներում նրանց հետ թափանցիկ լինելու հարցում։ Հայաստանն էլ այս անգամ ավելի պատրաստակամ է թվում։ Փաշինյանը հաղթեց ընտրություններում, չնայած ռազմական պարտությանը»,- հավելել է Գորգուլուն՝ նկատի ունենալով 2021 թվականի հունիսին արտահերթ ընտրություններում վարչապետի հաղթանակը։

     Չնայած ցամաքային սահմանը փակ է շուրջ 30 տարի, Ստամբուլի և Երևանի միջև ուղիղ չվերթները շարունակվել են՝ դադարեցվելով միայն 2019 թվականի վերջին։

     Երեքշաբթի օրը թուրքական Pegasus Airlines ավիաընկերության կայքում հրապարակվել է չորեքշաբթի երեկոյան Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանից Երևան մեկնող միակողմանի չվերթի մասին 1113 լիրայով (83 դոլար):

    Բացի Pegasus-ից, մոլդովական FlyOne ավիաընկերությունը նույնպես նախատեսում է ուղիղ չվերթներ առաջարկել երկու քաղաքների միջև:

      «Այս թռիչքների ավարտի միակ պատճառը ոչ միայն քաղաքական էր, այլ այն, որ թուրքական ավիափոխադրող Atlas Jet-ը կանգնած էր սնանկության առաջ: Այսպիսով, վերսկսված թռիչքները կարևոր են, բայց միայն որպես առաջին քայլ և ներկայացնում են զուտ վերադարձ նախկին ստատուս քվոյին», - ասում է Երևանում գտնվող Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (RSC) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

      Այդուհանդերձ, վերլուծաբաններն ասում են, որ երկու երկրներն էլ կարող են հսկայական օգուտ քաղել հարաբերությունների կարգավորումից և ցամաքային սահմանների վերաբացումից:

     «Թուրքիայի համար Հայաստանի հետ փակ սահմանի բացումը նոր ռազմավարական հնարավորություն կստեղծի երկրի աղքատ արևելյան շրջաններում տնտեսական ակտիվությունը խթանելու համար», - ասաց Կիրակոսյանը։

     «Աճող տնտեսական ճգնաժամը նաև պարտադրում է բացել սահմանները և գտնել նոր շուկաներ», - ավելացրեց նա:

     «Բացի այդ, Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների նման շրջադարձը հազվագյուտ հաջողություն է թուրքական արտաքին քաղաքականության մեջ և դրական տեղաշարժ է ամիսներ տևած քաղաքական անկայունությունից հետո»:

     Թուրքիայի հեռավոր հյուսիսարևելյան շրջանն իսկապես տնտեսապես տուժել է փակ սահմանի հետևանքով, և տարածքի բնակիչները մեծ ոգևորություն են հայտնել հարաբերությունների ակտիվացման շուրջ:

     Մինչդեռ Հայաստանի համար վերլուծաբանները նշում են երկու հիմնական գործոն, որոնք կունենան դրական ազդեցություն.

     «Առաջին գործոնը Հայաստանի համար մեկուսացումը հաղթահարելու հրամայականն է, որտեղ փակ սահմաններն ու աշխարհագրական սահմանափակումները լուրջ վտանգ են ներկայացնում COVID-19-ից տուժած Հայաստանի տնտեսության վերականգնման անհրաժեշտության և հետհամաճարակային շրջանում մատակարարման նոր շղթաների անհրաժեշտության համար»,- պարզաբանեց Կիրակոսյանը։

      «Հայաստանի կողմից Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման երկրորդ շարժիչ ուժը հիմնված է Թուրքիայի և Ադրբեջանի միջև շահերի հիմքում ընկած տարաձայնությունների վրա ազդելու հնարավորության վրա: Այս համատեքստում «նորմալիզացիան» քաղաքականություն է, որն ի վիճակի է տարանջատել Թուրքիայի քաղաքականությունը Ադրբեջանից, ընդ որում Հայաստանը յուրաքանչյուր երկրի հետ հարաբերությունների ուղղությամբ առանձին քաղաքականություն է վարում»:

https://www.aljazeera.com/news/2022/2/1/with-flights-set-to-resume-what-next-turkish-armenian-ties

Թարգմանությունը՝ Աննա Ղազարյան