«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

2008թ. օգոստոսի «Հնգօրյա պատերազմը»՝ վրաց-ռուսական պատերազմը և նրա հետևանքները

01/02/2022

2008 թ. օգոստոսի 8-ին սկսվեց վրաց-օսական, նույն ինքը՝ վրաց-ռուսական պատերազմը, որ հայտնի է նաև որպես «օգոստոսյան պատերազմ»։ Այն տևեց 5 օր և ավարտվեց վրացական կողմի ռազմական պարտությամբ, ՌԴ և մի քանի այլ երկրների կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչմամբ, ինչպես նաև այդ հանրապետություններում ռուսական ռազմական ներկայության ամրապնդմամբ։

     Պատերազմը սկսվեց օգոստոսի 7-ի՝ լույս 8-ի գիշերը, երբ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրամանով հրետակոծման ենթարկվեց Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալը, ինչից հետո վրացական զորքերն անցան ցամաքային գրոհի։ Հրետակոծման ենթարկվեցին նաև Հարավային Օսիայի տարածքում տեղակայված ՌԴ խաղաղապահների զորանոցները։ Օգոստոսի 8-ի կեսօրին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրաման արձակեց սկսել ռազմական գործողություններ՝ «խաղաղության հարկադրում» ձևակերպմամբ։ Ռուսական ուժերը գրոհում էին ոչ միայն Հարավային Օսիայի տարածքից, այլև մեկ ճակատ էլ բացեցին Աբխազիայի տարածքից, ինչպես նաև ռազմական նավա­տորմը մոտեցրին Վրաստանի ափերին։ Մի քանի օրում ռուսական զորքը մտավ Փոթի, Գորի, Սենակի և Զուգդիդի՝ մոտենալով մայրաքաղաք Թբիլիսիին։

     Չկարողանալով կասեցնել հակառակորդի առաջխաղացումը՝ վրացական բանակը, կորուստներ կրելով, նահանջում էր։ Այս ամենի հետևանքով պաշտոնական Թբիլիսին ստիպված էր մտածել հրադադարի մասին։ Ռազմական գործողությունները շարունակվեցին մինչ օգոստոսի 12-ը, ինչից հետո Վրաստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի և Ռուսաստանի նախագահների և ներկայացուցիչների միջև կնքվեց հակամարտության խաղաղ կարգավորման նախագիծը։ Պատերազմի արդյունքում մեկնարկեց մինչ այդ չճանաչված Աբխազիայի և Հարավային Օսիայի միջազգային ճանաչման գործընթացը։ Առաջինը Աբխազիան և Հարավային Օսիան որպես անկախ պետություն ճանաչեց Ռուսաստանը, որին հետևեցին նաև այլ պետություններ։ Սեպտեմբերի 2-ին Վրաստանը հայտարարեց Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ նրան մեղադրելով իր տարածքների բռնազավթման համար։

      2008թ. օգոստոսի «Հնգօրյա պատերազմը» փոխեց Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության ձևաչափը և արտաքին դերակատարների ներգրավվածության աստիճանը: Մասնավորապես, Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչմամբ և այդ երկրներն անվերապահորեն իր ազղեցության ոլորտում ներգրավելով Ռուսաստանի համար Հարավային Կովկասի քաղաքական և աշխարհագրական սահմանները նեղացվեցին բացառապես Հայաստանով և Ադրբեջանով` շարունակվող և չկարգավորված Ղարաբաղյան հակամարտությամբ հանդերձ: Իր հերթին, վրաց-ռուսական պատերազմից հետո Վրաստանը Ռուսաստանի համար վերածվեց մի ինչ-որ փակ տարածքի, որտեղ Վրաստանի ներքին քաղաքական և տնտեսական կյանքի վրա ազդելու Մոսկվայի հնարավորությունները հասցվեցին նվազագույնի: Ռուսաստանի համար քաղա­քական-աշխարհագրական և տեղեկատվական իմաստով Վրաստանն այժմ գտնվում էր <<ինչ-որ տեղ Վաշինգտոնի, Բրյուսելի և Մոսկվայի արանքում>>, ուստի, «Հնգօրյա պատերազմից» հետո Ռուսաստանի և Վրաստանի փոխհարաբերությունները փաստորեն արդեն երկկողմանի չեն (հատկապես եթե հաշվի առնենք երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների բացակայությունը): 2008թ. օգոստոսից հետո Մոսկվայի և Թբիլիսիի փոխհարաբերությունների ողջ համատեքստը ներառվեց Միացյալ Նահանգների, ինչպես նաև եվրոպական երկրների ու կառույցների հետ Ռուսաստանի հարաբերությունների ավելի լայն ձևաչափ, որտեղ Վրաստանը թեև զգայուն, բայց ընդամենը փոքր աղյուս էր «Արևելք» (Ռուսաստան) - «Արևմուտք» (ԱՄՆ և Եվրոպա) բարդ քաղաքական շինվածքում:

     2008 թ. հնգօրյա ռուս-վրացական պատերազմի արդյունքում անկախ հռչակվեցին Աբխազիան և Հարավային Օսիան, որոնց անկախությունը ՀՀ-ն չի ճանաչել: Այդ պատերազմը հայ-վրացական հարաբերություններում կարևոր է դարձնում նաև ռուսական գործոնի դերը: ՀՀ համար ռուս-վրացական շարունակվող հակամարտությունը, տնտեսական վնասներից զատ, նշանակում էր նաև քաղաքական խուսանավումների դաշտի նեղացում թե՛ երկկողմ (Վրաստան, ՌԴ), թե՛ բազմակողմ (ԱՊՀ, ՀԱՊԿ) և թե՛ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

      Հայ-վրացական հարաբերություններում վերջին շրջանում իր արտա­հայտությունն էր գտել 2008 թ. օգոստոսյան իրադարձությունների ևս մեկ բացասական հետևանք. պատերազմում պարտված և հոգեբանական բարդույթներ վաստակած վրաց հասարակությունը, ինչպես նաև երկրի ղեկավարությունը, ավելորդ կասկածամտությամբ էր մոտենում Ջավախքի հետ կապված` ՀՀ կողմից արծարծվող հարցերին: Ինչևէ, «Հնգօրյա պատերազմի» հետևանքները և´ ուղղակի, և´ փոխաբերական իմաստներով Ռուսաստանին զգալիորեն հեռացրին Հայաստանից:

Հեղինակ՝  պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյան