«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Խաղաղության դարաշրջանի անհնարինությունը․ Վահան Վարդանյան

04/09/2023

Հայաստանում երևի շատերն են սպասում տարածաշրջանում այսպես կոչված «խաղաղության դարաշրջանի» հաստատմանը։ Բայց դա տեղի չի ունենա մի շարք պատճառներով։ Առհասարակ Հայաստանի շուրջը կատարվող իրադարձությունների էությունը հասկանալու համար պետք է իրավիճակը վերլուծել ոչ միայն տեղական, այլև տարածաշրջանային ու համաշխարհային իրադարձությունների համատեքստում։

Խաղաղության անհնարինության պատճառներից առաջինը Ադրբեջանի գործոնն է։ Հայաստանի իշխանությունները սխալ պատկերացում ունեն Ադրբեջան կոչվող պետության մասին, ըստ այդմ չեն հասկանում՝ ինչո՞ւ է Ադրբեջանը ամեն կերպ խոչընդոտում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։

Սա արհեստական (սինթետիկ) պետություն է, որը ձեւավորվել է մոտ հարյուր տարի առաջ` մեծապես Թուրքիայի աջակցությամբ, որպեսզի վերջինս կողմից որպես գործիք օգտագործվի տարածաշրջանում սեփական շահերը սպասարկելու համար։ Ադրբեջանի գոյության առաջին տարիներից սկսած երկրում ակտիվորեն զարգանում էին հակահայկական տրամադրությունները, քանի որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով մեծապես խոչընդոտում էր Թուրքիայի շահերին։ Այդ տրամադրությունները էլ ավելի զարգացան ԽՍՀՄ փլուզումից հետո։

Ադրբեջանի գործող վարչակարգը անկախության երեսուն տարիների ընթացքում իր իշխանությունը կառուցել է հայերի նկատմամբ ատելություն սերմանելու ճանապարհով։ Ադրբեջանը թշնամաբար է տրամադրված որովհետև այդ երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը մանկապարտեզի տարիքից դաստիարակվում է հայերի նկատմամբ թշնամանքով։ Այդ դաստիարակությամբ շարքային ադրբեջանցիները գալիս են պետական պաշտոնների ու որոշում պետության քաղաքականությունը։

Ադրբեջանի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետության ոչնչացումն ու հայերի վտարումն է տարածաշրջանից։ Սրանով նրանք լուծում են իրենց ավագ դաշնակցի` Թուրքիայի աշխարհաքաղաքական խնդիրները։ Այս ամենով պայմանավորված՝ պետք չէ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հարցում տեսիլքներ ունենալ։

Խաղաղության անհնարինության երկրորդ պատճառը տարածաշրջանային զարգացումներն են։ Արցախյան երկրորդ պատերազմից հետո, երբ Արցախի մեծ մասի նկատմամբ վերահսկողությունը կորցրեցինք, տարածաշրջանում միանգամից ակտիվացավ ռազմավարական նշանակության ճանապարհների գործարկման խնդիրը։ Ինչպես գիտենք, տարածաշրջանով անցնելու են երկու կարևոր ճանապարհներ` Արևելք-Արևմուտք ճանապարհը` որի գլխավոր շահառուները Թուրքիան, Մեծ Բրիտանիան և Իսրայելն են և Հյուսիս-Հարավ ճանապարհը, որի գլխավոր շահառուները Իրանն ու Հնդկաստանն են։ Այս երկու ճանապարհների համատեղ օգտագործման հնարավորությունը գրեթե զրոյական է, քանի որ երկու կողմերի շահառուները, բացի սեփական տնտեսական խնդիրները լուծելուց, նպատակ ունեն նաև հակազդել հակառակորդ խմբավորման զարգացմանը։

Այսպես, Իրանի Իսլամական Հանրապետությունը խիստ զգայուն ու ագրեսիվ է արձագանքում Սյունիքի տարածքով թուրքական ճանապարհի անցկացումը, քանի որ դրանով վտանգի տակ են դրվում իր հյուսիսային լոգիստիկ ուղիները։ Հնդկաստանը ձգտում է դեպի Եվրոպա տնտեսական մատակարարումների համար Սուեզի ջրանցքին էժան այլընտրանք գտնել։ Դրանով պայմանավորված՝ հնդկական կառավարությունը մեծ սիրով զինում է Հայաստանին։

Թուրքիան ամեն գնով փորձում է բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» քանի որ դրանով Կասպից ծովի նավահանգիստներում ու Միջին Ասիայում ազդեցության տարածումն ավելի հեշտ ու արդյունավետ կլինի։ Իսրայելը ձգտում է իր գլխավոր հակառակորդ Իրանի դեմ հյուսիսում հենակետ ստեղծել ու տնտեսապես թուլացնել վերջինիս։

Մինչ ուկրաինական պատերազմի սկիզբը Ռուսաստանը փորձում էր վերահսկողություն ունենալ երկու ճանապարհների նկատմամբ` ամբողջական վերահսկողություն սահմանելով Հայաստանի նկատմամբ և ճանապարհների հատման հանգույցում (Սյունիք) նշանակելով իր հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին։ Բայց ներկա պահին ռեսուրսների մեծ մասը ուկրաինական ճակատում կենտրոնացնելու պատճառով Ռուսաստանը Անդրկովկասում մեծ ակտիվություն չունի։

Խաղաղության անհնարինության երրորդ պատճառն ավելի գլոբալ մակարդակում է ընկած։ Գաղտնիք չէ, որ այսօր գերտերությունների միջև աշխարհի մի քանի կետերում հակամարտություններ են ընթանում։ Եթե 2022 թ. հակամարտությունը սահմանափակվում էր Ուկրաինայով, ապա հիմա ակտիվացել է նաև աֆրիկյան ճակատը, ստեղծված հակամարտություններ կան Բալկանյան թերակղզում, Մերձավոր Արևելքում, դեռևս չի սկսվել Թայվանի համար պայքարը։

Նման իրավիճակում գերտերությունները սկսում են հին սովորության համաձայն ակտիվանալ հակառակորդի ազդեցության գոտիներում, հակահարված տալու և սեփական ազդեցության գոտիների համար զիջումներ կորզելու համար։ Այս ֆոնին Ֆրանսիայի ակտիվացումը արցախյան հարցում տեղի է ունենում աֆրիկյան Սահել տարածաշրջանում ռուսական գործունեության հետևանքով իր դիրքերի թուլացման պատճառով։ ԱՄՆ գործունեությունը ևս պայմանավորված է Ռուսաստանի ազդեցության գոտում ռուսների գործոնը թուլացնելու նպատակով։ Գերտերությունների նման քաղաքականությունը հաճախ ուղեկցվում է ռազմական բախումներով։

Տվյալ վերլուծությամբ կարող ենք ասել որ տարածաշրջանում գոնե կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում խաղաղության հաստատումը հնարավոր չէ։ Նշված բոլոր կետերը առանձին խորացված վերլուծության կարիք ունեն։

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող՝ Վահան Վարդանյան։