«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ամերիկահայերից շատերը վիճարկում են «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցած գումարները․ անվստահություն կա․ Ամերիկահայ լրագրող

25/12/2020

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ինչպես Հայաստանում, այնպես էլ Լոս Անջելեսում հանրահավաքներ ու երթեր են կազմակերպվում վարչապետի հրաժարականի պահանջով։

Հայաստանի հյուպատոսության շենքի մոտ ամենօրյա հավաքներ են անցկացվում։ Վերջին օրերին մեծ հավաքներ են տեղի ունեցել Գլենդելում, Բրբանքում:

Լոս Անջելեսում բնակվող հայազգի լրագրող Արթուր Սահակյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Լոս Անջելեսում ժողովրդի կողմից պասիվություն կա, բայց դա չի նշանակում, որ եթե մեծամասնությունը դուրս չի գալիս, ուրեմն կողմ է Նիկոլ Փաշինյանին․ «Ո՛չ, պարզապես համընդհանուր ապատիայի վիճակ է։ Մարդիկ պարզապես հիասթափված են և չեն ուզում դուրս գալ։ Հույս էլ չունեն, որ ինչ-որ բան հնարավոր կլինի փոխել։ Շատերն էլ մոլորության մեջ են։ Մանիպուլյացիաների ենթարկելով՝ 2․5 տարի կարողացել են մարդկանց մոլորեցնել, լվալ նրանց գլուխները, բայց չնայած դրան մեծամասնությունը կողմ է, որ Նիկոլ

Փաշինյանը պետք է րոպե առաջ գնա»,-ասաց Արթուր Սահակյանը՝ նշելով, որ այդ մարդիկ, պարզապես, ցույցեր անելու հետ մեծ հույսեր չեն կապում։

Արթուր Սահակյանը նկատեց՝ Հայաստանում տպավորություն է, թե Լոս Անջելեսի հայերը Նիկոլ Փաշինյանի աջակիցներն են։ Նրա խոսքով այդպիսի բան չկա և չի էլ եղել․ «Գերակշռող մեծամասնությունը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է և պետք է հեռանա։ Եթե փողոց դուրս չեն գալիս, չի նշանակում, որ պաշտպանում են նրան։ Համոզված եմ՝ երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, այդ ժամանակ մարդիկ դուրս կգան փողոց»,-ասաց Արթուր Սահակյանը։

Վերջինս, լինելով հեղափոխության կողմնակից, նշում է, որ հեղափոխությունից մեկ-երկու ամիս հետո հասկացել էր՝ այն շոու էր, և նպատակն էլ ամենևին ավելի լավ Հայաստան սարքելը չէր, այլ իշխանության գալն էր․ «Այդ հեղափոխություն կոչվածի ամբողջ իմաստն այն էր, ինչ մենք տեսանք նոյեմբերի 9-ին և շարունակում ենք տեսնել։ Հիմա էլ արդեն Սյունիքին են անցել և համոզված եմ, որ դրանով չի ավարտվելու։ Նա իր սև գործն անում է և դա զուգահռվում է նաև պառակտիչ գործունեությամբ։ 2․5 տարի պառակտել է, հիմա էլ է շարունակում պառակտել։ Եկեղեցու դեմ է հանում, գյուղերն է իրար մեջ կիսում։ Նա շատ լավ կարողանում է պառակտիչ գործունեությունը ծավալել և այդ պառակտված հասարակության ֆոնի վրա հեշտությամբ կարողանում է հողեր հանձնել»,-նշեց Արթուր Սահակյանը։

Անդրադառնալով պատերազմի օրերին ամերիկահայության կողմից ուղարկված օգնությանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցած դրամական միջոցներին, Արթուր Սահակյանը նշեց, որ համոզված չեն՝ ուղարկված օգնությունը հասել է հասցեատերերին։ Արթուր Սահակյանը նկատեց՝ չնայած տարիների ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը վատ համբավ էր ձեռք բերել, պատերազմի օրերին բոլորը փոխանցումներ էին կատարում հիմնադրամին․ «Այդ կապիտուլյացիոն խայտառակ պայմանագրից հետո պարզվեց, որ գումարի մեծ մասը՝ 104 մլն դոլար փոխանցվել է կառավարության բյուջե։ Արդեն պարզ է, որ դա փողերի լվացման լավ միջոց է։ Հիմա նորից տոտալ անվստահություն կա հիմնադրամի նկատմամբ։ Ավելին ասեմ շարժում կա, որ այդ փողերը հնարավորության դեպքում հետ բերվեն և ուղիղ օգնություն ցուցաբերեն այն մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն։

Հայաստանից իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ նախաձեռնություն ենք սկսել, և մեր հայրենակիցներից շատերը լիազորագրեր են տալիս Մարինա Պողոսյանին։ Շատ մարդիկ հետաքրքրված են, անընդհատ զանգում ու հարցնում են։ Շատերը եթե կրեդիտ քարտից են մուծել այդ գումարները, բողոքարկում են։ Բանկերին են դիմում, վիճարկում այդ փոխանցոմները և հետ ստանում։ Շատերն այդպես են արել և կարողացել են հետ ստանալ։ Հետաքննություն է գնում, բայց գումարը հետ են վերադարձնում։ Հիմա նաև պետք է բացատրեն, թե ինչն է խնդիրը, որ փոխանցումը վիճարկում են»,-ասաց Արթուր Սահակյանը՝ ընդգծելով, որ կատարյալ անվստահություն կա Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության նկատմամբ։

Աղբյուր` Փաստինֆո