«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը լավ գործիք է Հայաստանում բարեփոխումների իրականացման համար. ՀՀ ԱԳ նախարարը՝ էստոնացի գործընկերոջը

17/03/2021

Մարտի 17-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցն  Էստոնիայի ԱԳ նախարար Էվա-Մարիա Լիիմեթսի հետ։ Նախարար Այվազյանը շնորհավորել է իր էստոնացի գործընկերոջն արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով իր կարևոր առաքելությունում:

Նախարարներ Այվազյանն ու Լիիմեթսին քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր։ Վերահաստատվել է երկկողմ պատրաստակամությունը նոր լիցք հաղորդելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությանը։ Այս առնչությանբ առանձնահատուկ ընդգծվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական շփումների և խորհրդակցությունների անցկացման կարևորությունը։ 

Նախարարներ Այվազյանը և Լիիմեթսը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության հարցերի շուրջ։ Այդ առումով զրուցակիցները կարևորել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը և արդյունավետ կիրարկումը: Նախարար Այվազյանն ընդգծել է, որ ՀԳԸՀ-ն լավ գործիք է Հայաստանում ժողովրդավարական, մարդու իրավունքների և օրենքի գերակայությանն ուղղված բարեփոխումների իրականացման համար։

 

Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարները հանգամանալից անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: