«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հանքարդյունահանող ընկերությունները Ալիեւի որեւէ հայտարարություն չեն ցանկանում մեկնաբանել

26/07/2021

Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, որով նա սպառնացել է դատի տալ, օտարերկրյա ընկերություններին, եթե նրանք փոխհատուցում չտան արդյունահանած ոսկու եւ այլ հանքանյութերի դիմաց, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունից հայտնեցին՝ մեր ընկերությունը չի ցանկանում մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը: Մեր հարցին՝ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության պատասխանատուներն արդյոք ուսումնասիրե՞լ են, Ադրբեջանը կարո՞ղ է իրավական ճանապարհով նման պահանջ ներկայացնել, ընկերությունից կրկին պատասխանեցին, որ ցանկություն չունեն Ալիեւի որեւէ հայտարարություն մեկնաբանել:

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը շահագործում է Սոթքի հանքավայրը, որի մի հատվածը, արցախյան վերջին պատերազմից հետո անցել է Ադրբեջանի տիրապետության տակ: Սոթքի հանքավայրը ներկայումս բաժանված է երկու մասի. Մի մասը Գեղարքունիքի մարզի տարածքում է, մյուս մասը՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված Քարվաճառի: Իլհամ Ալիեւի խոսքը, մասնավորապես վերաբերել է Արցախի Կովսականում եւ Քարվաճառում գտնվող հանքերին: Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել նաեւ Կովսականի «Գոլդ Սթար» ընկերության կողմից շահագործվող ոսկու հանքը: Այս ընկերության պատասխանատուների հետ չհաջողվեց կապ հաստատել: Ալիեւի հայտարարությունը չմեկնաբանեցին նաեւ «Վալլեքս» խմբի ընկերություններից, որի մեջ մտնող «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն շահագործում է Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող Կաշենի հանքավայրը:
Այս հանքի աշխատանքներն էլ երկար ժամանակով դադարեցվել էին թուրք-ադրբեջանական ուժերի կողմից արցախա-ադրբեջանական սահմանին սանձազերծած պատերազմի հետեւանքով։ Թեեւ Կաշենի հանքն ու հարստացուցիչ ֆաբրիկան մնացել էին Արցախի տարածքում, բայց Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել հանքավայրի պոմպակայանը, առանց որի հանքը շահագործել չէին կարող, ինչի հետեւանքով էլ «Բեյզ Մեթըլս» ընկերությունն ու Արցախի բյուջեն մեծ վնասներ կրեցին: