«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախում համավարակով պայմանավորված կարանտինը կերկարաձգվի

20/12/2021

Արցախի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ է մշակվում, ըստ որի՝  երկրում գործող կարանտինը դեկտեմբերի 24-ից կերկարաձգվի, տեղեկացրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

«Տեղեկացնեմ, որ ԱՀ կառավարության որոշման նախագիծ է մշակվում՝ դեկտեմբերի 24-ից երկարաձգելու գործող կարանտինը, սակայն որոշ էական պայմանների մեղմացմամբ՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման դեպքերի նշանակալի նվազումը և սահմանափակումների բացասական ազդեցությունը հասարակության կենսագործունեության տարբեր ոլորտների վրա:

Մասնավորապես, նախատեսվում է վերացնել հավաքների ու միջոցառումների համար գործող քանակական սահմանափակումը, ուսումնական հաստատություններում դասերը կանցկացվեն սովորական ռեժիմով ու լրիվ կազմով: Բացի դրանից, քննարկվում են տարբերակներ չպատվաստվածների համար կիրառվող թեստավորման պահանջում պարբերականության ու թեստի գնի իջեցում իրականացնելու վերաբերյալ: Երբ վերջնական որոշումը հաստատվի առաջիկա օրերին, նոր պայմանները կհրապարակվեն»,- նշված է Պետական նախարարի գրառման մեջ:

Արտակ Բեգլարյանը մեկտեղ ընդգծել է, որ ուժի մեջ են մնում անհատական պաշտպանության միջոցների կիրառման պահանջը և պատվաստման հորդորը:

«Ինքս բավարարված չեմ այդ երկուսի իրականացման մակարդակով, և խստիվ հորդորում եմ մեր քաղաքացիներին ուշադիր լինել սեփական ու շրջապատի մարդկանց առողջության ու կյանքի հանդեպ՝ պահպանելով անվտանգության կանոնները և պատվաստվելով: Խնդրում եմ նաև հանրային բարձր անհանդուրժողականություն ցուցաբերել Ձեր շրջապատում անվտանգության կանոնների չպահպանման դեպքերի հանդեպ, քանի որ դրանց հետևանքը կարող է մարդկային կյանք արժենալ, այդ թվում՝ Ձերը կամ Ձեր հարազատինը:

Ցավակցություններս այս ընթացքում կորուստներ ունեցած ընտանիքներին»,- նշել է նա: