«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառավարության ընդունած նախագիծը կարող է անդրադառնալ նաև ուսուցիչների աշխատավարձերի վրա

13/03/2021

Կառավարությունը մարտի 11-ի նիստին՝ չզեկուցվող հարցերի շարքում, որոշում է ընդունել մի շարք օրենքներում, այդ թվում՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում, փոփոխություններ կատարելու մասին։ Ուժը կորցրած է ճանաչվել նաև «Կրթության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը։
Հոդվածում մասնավորապես ասվում է․
«Պետությունը յուրաքանչյուր նոր ուսումնական տարում երաշխավորում է կրթության կարիքների համար միջոցների հատկացումը` նրա առաջանցիկությունն ապահովող չափաքանակով: Պետական բյուջեի ընթացիկ ծախսերում կրթության ֆինանսավորման տոկոսային հարաբերությունը չպետք է ցածր լինի նախորդ բյուջետային տարվա համապատասխան ցուցանիշից»:
Այսօր՝ մարտի 13-ին, թեմային նվիրված ասուլիսի ժամանակ նախագծում առկա վտանգների մասին է խոսել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Ես համարում եմ, որ սա նաև վտանգներ է ստեղծելու կրթական համակարգի համար։ Հասկանում եք, կրթական համակարգը շատ սպեցիֆիկ է պետական բյուջեից վարձատրվող աշխատողների մեծ քանակով․ ուսուցիչներ և այլն։ Եվ այդ ֆինանսավորման շեմերը հանելու պայմաններում սա կարող է իր զարգացման էֆեկտով նաև ուսուցիչների աշխատավարձերի վրա ազդել, որը կրթության իրավունքի վրա է ազդելու և աշխատանքային իրավունքների վրա»,-նշեց ՄԻՊ-ը։
Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Սիմոնյանն այս մասին գրում է․«Կառավարությունը նպատակադրվել է հարվածել նաև ուսուցիչներին ու կրթությանը։ Վերացվում է կրթության ֆինանսավորման օրենսդրական երաշխիքը»։