«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՐՑԱԽԻ ՆՇԱՁՈՂԻ ԻՋԵՑՄԱՆ ԿԱՄ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ԻԶՈՒՐ ԵՆՔ ԴԵՊՔԵՐԻՑ ԱՌԱՋ ՎԱԶՈՒՄ. ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

19/04/2022

Վերջին օրերի հայաստանյան ներքաղաքական կյանքի գլխավոր օրակարգը Արցախի նշաձողի իջեցման մասին վարչապետի անցյալ  շաբաթվա  արտահայտությունն էր, որը տարաբնույթ ենթադրությունների և վերլուծությունների տեղիք տվեց։ Նույնիսկ Արցախում դա համարեցին <<հանձնում>>, որի դեմ օրենսդիր մարմնում որոշում ընդունեցին։ Մենք այն կարծիքին ենք, որ նշաձողի մասին աղմկելը և Փաշինյանի այդ արտահայտույթյունից ենթադրություններ կատարելը, մանավանդ  այն  շեշտադրումով, որ Արցախը ճանաչելու է Ադրբեջանի մաս, չափազանցված  է  և գլխավորապես մեկ դրդապատճառով՝  նրան իշխանությունից հեռացնելու, որը  շատերի համար դարձել  է գերխնդիր,  որին ստորադասվում է նաև ռազմավարական և մարտավարական հայեցակարգի մատուցումն այն մասին, թե ստեղծված իրավիճակում կամ հնարավոր իշխանափոխությունից հետո  ո՞րն է նրանց հարցի լուծման բանալին։ Բայց հարցը փաստորեն այսպես է դրվում՝ թող նա հեռանա՝ հետո։ Այս ամենից մեր ժողվուրդը չի շահում, ներքին ճակատն ավելի է սրվում և դառնում ավելի վտանգավոր, քան արտաքինը։ Թող ոչ մեկը հայրենասեր չխաղա և  իրավիճակը չսրի, որովհետև շատ պարզ և հասկանալի է, թե  նրանք ինչ  են ուզում, նույնիսկ հիմարի համար։  Զգայացունց կոչերով հանդես գալ  ցանկացած ոք կարող է։ Ընդ որում սկզբում  նշաձողի մասին շեշտելով, վերլուծաբանները չէին  շեշտում, թե դա ի՞նչ է նշանակում  և ո՞րն է այդ նշաձողը և միայն վերջին օրերին են ոմանք նշում, թե նկատի ունեն Արցախի անկախությունը։ Բայց այստեղ կարևոր են հետևյալ հարցերի ճիշտ պատասխանների որոնումները․

1․ Միջազգային հանրությունն արդյո՞ք երբևէ դրել  է Արցախի անկախության  ճանաչման  հարց։

2․ Արցախը հանդիսանալով  դե ֆակտո անկախ,  առաջին նախագահի հրաժարականից հետո, երբ դադարել  է լինել բանակցող կողմ՝ իր կողմից հանդուրժելի նախագահների կողմից բանակցությունների ընթացքում դիտարկվե՞լ  է որպես մի քաղաքական միավոր, որի անկախությունը պետք է միջազգային հանրությունը ճանաչի։ Երեք նախագահների բանակցությունները փափեթային և փուլային տարբերակներով ինչի՞ շուրջն են տեղի ունեցել և ինչու՞ են դրանք ձախողվել։

3․ Այսօր ի՞նչ նշաձողի վրա է Արցախը, որը  ցածրացնելուն է, ըստ նրանց  գնում վարչապետը։

Եթե այս հարցերի պատասխանները հստակորեն և ճիշտ տանք, ապա արդյունքում կստանաք այն հարցի պատասխանը, թե որտեղից ու՞ր կարող է իջնել Արցախը։

Եվ այսպես,

1․ Միջազգային հանրությունն, սկսած առաջին նախագահի ժամանակներից, որը վարում էր Ադրբեջանի հետ բանակցություններ գլխավորապես փուլային տարբերակով և որին մասնակից էր Արցախը, դրվել  է հարցը փոխզիջմամբ  լուծելու խնդիր, որն այն օրերի համար ամենիրատեսական էր, բայց խնդրի շահարկմամբ իշխանության գալու ցանկությունը բերեց առաջին նախագահի հրաժարականին, որը լուրջ հաշվեկշռի ենթարկելով  հիմնահարցի լուծման բոլոր կողմերը, առաջարկում էր տալ  գրավյալ  տարածքները, քանի որ դրանց հայկական լինելուն դեմ էր միջազգային հանրությունը, բայց քանի որ մեր դիրքերը դեռ ուժեղ էին, խաղաղությունը կարող էր հնարավոր լինել։ Դրվում  էր Արցախի կարգավիճակի որոշման հարցը։ Կրկնում ենք, կարգավիճակի և ոչ թե անկախության։ Սա շեշտում ենք այն պատճառով, որ Արցախի անկախության ճանաչման հարց երբևէ չի դրվել։

2․ Այս իրատեսական քաղաքականությունը ձախողվեց, որովհետև նրա հաջորդները դուրս թողեցին Արցախը բանակցող կողմից, իսկ իրենք շարունակեցին բանակցությունները և ավելին՝ Արցախի դե ֆակտո անկախության նշաձողն իջեցնելու ճանպարհով, որովհետև Ընդհանուր պետության ստեղծման գաղափարը, ենթադրում էր Արցախի ներառում Ադրբեջանի կազմում, իսկ Քի Վեստյան բանակցությունները՝ Արցախի Մեղրու հետ փոխանակում։ Նշաձողն իջեցնելն էլ ինչպե՞ս է լինում։ Երրորդ նախագահի օրոք ասպարեզ եկած Մադրիդյան սկզբունքները, ապա Կազանյան փաստաթուղթը ենթադրում էին արդյո՞ք Արցախի անկախության ճանաչում։ Բնականաբար՝ ոչ, որովհետև բանակցություններն ընթանում էին փուլային տարբերակով, զիջելու էին յոթ շրջանները,իսկ Արցախի անկախության հարց չկար օրակարգում, այլ  ապագա կարգավիճակի, որի բոլոր դետալները դեռ պարզ չէին։ Ինքը՝ երրորդ նախագահն է հայտարարել, որ եթե մնար վարչապետ՝ ստորագրելու էր Կազանյան փաստաթուղթը։ Համաձայն շրջանառվող լուրերի՝ դրան դեմ են դարձյալ  եղել Արցախում։ Փաստորեն ի՞նչ է ստացվում՝ բոլոր բանակցողներն էլ գնացել են նշաձողն իջեցնելու ճանպարհով, բայց եթե առաջին նախագահի ժամանակ այդ նշաձողի իջեցումը ենթադրում էր փոխզիջում, որի դիմաց ամենայն հավանականությամբ կստանայինք խաղաղությունը, ապա երկրորդ և երրորդ նախագահի բանակացությունների ընթացքում, որոնք նույնպես ընդհանուր առմամբ ենթադրում էին փոխզիջում, դա հնարավոր չեղավ, որովհետև Ադրբեջանը շատ լավ տեսնում էր, որ մենք թուլանում ենք հընթացս իր ուժեղացման և ձգձգում էր բանակցությունները։ Այդ ձգձգումը բերեց երկրորդ պատերազմին։

3․ 2018թ․ իշխանափոխությունից հետո փորձ արվեց հեղափոխությունը որպես բրենդ ծախել Արևմուտքին, որը շատ լավ գիտեր նման  բրենդների արժեքը։ Այն սխալ համոզմունքը, որ աշխարհը չի թողնի պատերազմ, երկրորդական պլան մղեց բանակցությունները, Փաշինյանը չշարունակեց այնտեղից, որտեղ կանգ էր առել  Սերժ Սարգսյանը,ավելին գրեթե  չբանակցեց, ավելի գոբալ  մարտահրավերների առաջ կանգնած Ռուսաստանը հանդուրժեց Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա, որում մեր հրամանատարության պահանջված բարձունքում չլինելու արդյունքում մենք պարտվեցինք։ Մեր պարտությունը կտրուկ իջեցրեց Արցախի նշաձողը։ Այն ինչ կարելի էր ժամանակին տալ՝ առանց զոհերի, տվեցինք բազում զոհերի գնով։ Ադրբեջանին կանգնեցնել  չկարողացան ոչ  ԱՄՆ –ը, ոչ Ֆրանսիան, այլ՝ միայն Ռուսատանը, որը չէր կարող տեղյակ չլինել այս պատերազմի սկսվելու մասին։

Ամփոփենք․ այն ինչ տեղի ունեցավ 2020թ․ աշնանը, պետք է  դիտարկել  տրամաբանական կապի մեջ և ոչ թե սեփական ճշտությունը կամ  դիմացինի սխալը ապացուցելու անվերջանալի ջանքերի։ 1998թ․ մինչև 2020թ․ տեղի ունեցածը ցածրացրել է Արցախի  նշաձողը, պոռոտախոսությունը՝ Բաքվում թեյ  խմելու, Սևրի պայմանագրի,  նոր տարածքներ զավթելու և այլնի մասին, հանգեցրին մեր հերթական դժբախտությանը։ Հիմա ՀՀ –ն գնում է մի խաղաղության, որի այլընտրանքը, եթե չլինի Ռուսաստանը՝ կլինի նոր պատերազմը։ Ի՞նչ են առաջարկում բոլոր նրանք, ովքեր գտնում են, որ ծախվում է Արցախը։ Ինչպես բազմիցս նշել ենք՝ ոչ մի առաջարկ չկա։ Արևմտամետներն ասում են՝ Ռուսաստանը կկործանվի և Արևմուտքը մեզ կփրկի։ Ռուս- ուկրաինական հակամարտության ֆոնին նույն Արևմուտքը սիրաշահում է մեզ՝ ցանկանալով դառնել տարածաշրջանի խաղաղության ճարտարապետը, փողեր է տալիս, բայց ոչ Արցախի նշաձողը բարձրացնելու համար, որովհետև նրա համար Արցախը Ադրբեջանի մաս է։ Ռուսամետները գտնում են, որ փրկությունը ռուսներին ապավինելու մեջ է։ Ապավինել բառից միշտ խորշել ենք, բայց այս իրավիճակում Ռուսաստանին հակադրվելը մեզ համար կործանարար կլինի։ Ճշմարտությունը պահանջում է շեշտել, որ Արցախի խորհրդարանը դատապարտելով Փաշինյանի արտահայտությունը,  Արայիկ Հ արությունյանի կողմից այն մշուշապատ խոսքերն հնչեցրեց, թե ուղղահայաց կփորձենք Ռուսաստանի հետ աշխատել, այսինք՝  թերևս  նրա հովանավորությամբ կարգավիճակ   ստանալու քայլերի գնալ։ Մենք այդպես ենք ենթադրում։ Ստացվում ՝է՝ նրանք դեմ լինելով նշաձողի իջեցմանը՝ կհրաժարվեն անկախությունից, եթե Ռուսաստանի պրոտեկտորատ լինեն, այլ խոսքով՝  կզոհեն  անկախությունը, որ փաստացի չկա, քանի որ Արցախը հիմա գտնվում է մի իրավիճակում, որ ոչինչ չի կարող անել  առանց Ռուսաստանի ցանկության և դրանով իջեցնելով նշաձողը՝ փաստորեն դրանում մեղադրում է վարչապետին։ Ստացվում է՝ հակադրվելով նրան, անում է նույնը։ Ուրեմն, եթե խոսք է գնում նշաձողի իջեցման մասին, այն արել  են բոլորը, որովհետև ժամանակին չտալով մասը, այսօր կանգնած ենք ամբողջը կորցնելու վտանգի առջև։ Զիջելով այն, ինչ առաջարկում էր առաջին նախագահը և դրանից հետո անընդհատ զարգացնելով մեր բանակը, մենք այսօր կարող էին բարձր նշաձողի վրա պահել Արցախը և Հայաստանը։ Եվ հիմա մենք ձեռքներս մուրացկանի պես պահած՝ չէինք  աղերսի փրկություն օտարից։ Իսկ ինչ վերաբերվում է նրան, թե ի՞նչ կարգավիճակ կունենա Արցախը, դա ոչ Երևանում է որոշվում, ոչ Արևմուտքում։ Դա որոշվում է Մոսկվայում։ Մեզ համար հիմա ամենակարևորը  ներքին ճակատի փակումն է։ Մնացածը անմտության ժանրից է։ Եթե ոչինչ չեն առաջարկում աթոռ ցանկացողները՝ ո՞նց են քանդելու գորդյան կծիկը, երբ այն կտրելու սուրն այլևս  չունեն։ Ուրեմն առանց ծանր ու թերև անելու դեպքերից առաջ չվազենք։

Վերջնական եզրակացություն։ Արցախն արդեն դե ֆակտո անկախ չի։ Ազգերի ինքնորոշման իրավունքի հիմքով տեղի հայ  ժողովրդի համար  անվտանգության ճիշտ երաշխիքներին հասնելը կարևոր հաղթանակ կլինի։

Աշոտ Ներսիսյան
<<Զորավար Սեպուհ>> պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ, պատմական գիտութունների դոկոտոր, պրոֆեսոր