«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Տեղեկատվական դաշտը փակ է, նույնիսկ խաղաղապահների միջոցով այդ մեսիջները չենք ստանում». Արցախի թեմի առաջնորդը՝ Դադիվանք այցի մասին

30/12/2021

2021 թվականի մայիս ամսից Ադրբեջանն առանց որևէ հստակ բացատրության հայկական կողմին արգելել է Դադիվանք ուխտավորներ ուղարկել, թեև նոյեմբերի 25-ին Արցախի Քարվաճառի շրջանը հանձնելուց հետո, Ադրբեջանի հետ համաձայնություն էր ձեռք բերվել, որ Դադիվանքում մնալու են հայ հոգևորականները, և յուրաքանչյուր կիրակի հայ ուխտավորները հնարավորություն կունենան այցելել եկեղեցի՝ մասնակցելու պատարագներին։ Մի քանի ամիս պատարագներին մասնակցելուց հետո, ուխտավորներին զրկեցին այդ հնարավորությունից։

168.am-ի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն անդրադառնալով այս խնդրին՝ ասաց, որ այս պահին էլ հայ ուխտավորները հնարավորություն չունեն Դադիվանք այցելելու, սակայն ներքուստ լավատես են, որ մի օր կրկին կայցելեն։

«Մենք ուզում ենք, որ այդ լավատեսությունը դառնա համատարած։ Ըստ մեր մտածումների, եթե մենք աղոթող ժողովուրդ ենք, աղոթող միաբանություն ենք, մեր աղոթքները պետք է հղենք առ Աստված, որպեսզի Դադիվանքի ճանապարհը բացվի, և մեր ուխտավորներն այցելեն Դադիվանք։ Սրանով է պայմանավորված մեր լավատեսությունը, հակառակ պարագայում, եթե քաղաքական գործընթացներին նայենք, անշո՛ւշտ, պետք է հիասթափություն ապրենք։ Բայց մենք լավատեսության ոգին ունենք, և մեր մտածումները միայն այդ ուղղությամբ են»,- շեշտեց Արցախի թեմի առաջնորդը։

Գերաշնորհ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի խոսքով՝ թեև հայ ուխտավորները չեն կարողանում գնալ Դադիվանք, սակայն եկեղեցում հայ հոգևորականները շարունակում են շուրջօրյա աղոթք անել անել, ու նրանց հետ կապը մշտապես պահպանվում է։

«Այնտեղ ամենայն պատասխանատվությամբ իրենց առաքելությունն են կատարում նաև ռուս խաղաղապահները։ Ուստի մենք աղոթում ենք, որպեսզի մեր եկեղեցիների բոլոր ճանապարհները բացվեն, որպեսզի մեր ժողովուրդը կարողանա իր ուխտն ի կատար ածի։

Որքանով ես տեղյակ եմ, ադրբեջանական կողմից այս առումով դեռևս որևէ հստակ արձագանք չկա։ Այդ տեղեկատվական դաշտը փակ է, նույնիսկ խաղաղապահների միջոցով այդ մեսիջները չենք ստանում։ Ամեն դեպքում իրենք այդ դռները փակ են պահում, թե որքան ժամանակ փակ կպահեն՝ չեմ կարող ասել։ Հույս ունենանք, կկարողանանք մեր ուխտավորների մուտքը ապահովել դեպի Դադիվանք»,- եզրափակեց Գերաշնորհ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։