«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ի՞նչ հանգամանքներում տեղի ունեցավ Հայաստանի առաջին հանրապետության անկախության ձևավորումը․ Արմեն Վիրաբյան

29/05/2022


Generalnews.am-ի հյուրն է ՀՀ կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչության պետի տեղակալ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Վիրաբյանը։

- Հայոց նորագույն պատմությունը սկզբնավորվել է 104 տարի առաջ, երբ մայիսյան հերոսամարտերի արդյունքում՝ 1918 թ․ մայիսի 28-ին,  հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը։ Ինչպե՞ս, պատմական ի՞նչ հանգամանքներում տեղի ունեցավ բաղձալի անկախության ձևավորումը, պարզենք մեր զրուցակցի հետ։

- Պետականության հարուստ ավանդույթներ ունեցող հայ ժողովուրդը դարեր շարունակ ստիպված է եղել արյան և մաքառումի գնով կերտել իր անկախությունը, և մայիսյան հրաշքը առաջին հերթին մեր հետագա լինելության հարցը լուծեց։ Ի՞նչ իրավիճակ էր պետականության վերակերտման նախօրեին` Հայոց Ցեղասպանության արդյունքում կորսված Արևմտյան Հայաստան, ջարդերից մազապուրծ եղած հազարավոր գաղթականների ներկայություն, պարենային և առաջին անհրաժեշտության պարագաների բացակայություն, աշխարհաքաղաքական բարդ և գերլարված իրավիճակ (ընթացող աշխարհամարտ, կայսրությունների փլուզում և այլն) արտաքին աշխարհի հետ կապի բացակայություն։ Սրան զուգահեռ թուրքերը նպատակ էին դրել վերջնականապես լուծելու հայկական հարցը՝ հայ ժողովրդի նոր ցեղասպանության գործադրմամբ։ Սրանով թուրքերը փորձելու էին առարկայացնել համաթուրանականության գաղափարը, որը ենթադրում էր բովանդակ Հայաստանի թուրքացում։ Այս ծանր պայմաններում մեր ժողովրդի պատմական ճակատագրի տնօրինումն իրենց ձեռքը վերցրեցին այնպիսի հզոր պետական այրեր, որոնց նախընթաց ժամանակահատվածի ռազմաքաղաքական փորձառությունը, անսահման հայրենասիրությունը, հայրենիքի շահերին սեփական անձերի ստորադասումը, օրհասական պահերին ազգը համախմբելու կարողությունը շրջեցին պատմության անիվը։ Արամ Մանուկյանը, Դրոն, Գարեգին Նժդեհը, Մովսես Սիլիկյանը, Թովմաս Նազարբեկյանը և այլք մեր բզկտված ժողովրդին կամք և վճառականություն տվեցին՝ առաջնորդելով դեպի փառապանծ հաղթանակներ։          

- Շատերի մոտ տարածված է այն կարծիքը, որ Անդրկովկասյան սեյմի լուծարմամբ, երբ անկախացավ Վրաստանը, ապա ձևավորվեց Ադրբեջանը նախկին Իրանական Ատրպատականի տարածքում, այսպես, թե այնպես իրադարձությունները Հայաստանին տարան անկախության ուղիով։ Ո՞րն է Ձեր մոտեցումը այս հարցում, ի վերջո, ո՞րն է անկախության ձևավորման օբյեկտիվ հենքը։

- Համաձայն չեմ այդ տեսակետի հետ։ Եթե Վրաստանի և Ադրբեջանի պարագայում պետականությունների հռչակումը ըստ էության կարող էր լինել Անդրկովկասյան սեյմի լուծարման տրամաբանական հաջորդումը, ապա Հայաստանի դեպքում փաստերի համադրումը այլ բանի մասին է խոսում։ Փորձենք պատասխանել ընդամենը մեկ հարցի՝ արդյո՞ք հնարավոր կլիներ հայոց պետականության կերտումը, եթե չլինեին մայիսյան փառահեղ հաղթանակները. կարծում եմ՝ պատասխանը միանշանակ բացասական է։ Ավելին՝ պայքարի բացակայությունը և անկախության՝ միայն փաստաթղթային արձանագրումը շատ կարճ ժամանակամիջոցում հանգեցնելու էր անդառնալի հետևանքների, և մենք կիսելու էինք հայրենիք չունեցող ժողովուրդների ճակատագիրը։  

- Կուզեի խոսեիք ՀՅԴ՝ որպես առաջին հանրապետությունում գերիշխող քաղաքական ուժի դերակատարման մասին։ Ինչու՞ հենց ՀՅԴ-ն ստանձնեց հայոց պետականությունն առաջնորդելու անչափ կարևոր և պատասխանատու գործը և 1918-1920 թթ. դարձավ Հայաստանի առաջին Հանրապետության իշխող քաղաքական ուժը։ 

- Իմ կարծիքով Դաշնակցությունն այդ իրավունքը վաստակել էր իր անցած փառահեղ ճանապարհով։ Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ պատմական այդ բարդ ժամանակաշրջանում հայոց իրականության մեջ ՀՅԴ-ից ավելի կազմակերպված և քաղաքականապես հասուն այլ ուժ ուղղակի չկար։ Ստեղծվելով 1890 թ.՝ հայ ժողովրդի համար բախտորոշ ժամանակաշրջանում, Դաշնակցության հիմնադիր այրերը շատ ճիշտ գաղափարախոսությամբ շաղախեցին նորաստեղծ կառույցը՝ ազգային ընկերվարություն՝ որպես ծրագրային վերջնանպատակ սահմանելով Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի կերտումը։ Դրանով ՀՅԴ-ն հայտ ներկայացրեց և´ գերության մեջ գտնվող մեր հայրենիքի ազատագրման, և´ ստեղծվելիք պետության կառավարումը ստանձնելու համար։ Դաշնակցությունը դարձավ XIX դարավերջի և XX դարասկզբի ազատագրական պայքարի առաջամարտիկը և թշնամու ահն ու սարսափը։ Բավական է թվարկել մի քանի իրադարձություններ՝ հասկանալու համար Դաշնակցության դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում՝ 1896 թ.՝ օտոմանյան բանկի գրավում, 1901 թ.՝ Առաքելոց վանքի կռիվ, 1904 թ.՝ Սասունի ապստամբության ղեկավարում, 1905-1907 թթ.՝ հայ-թաթարական բախումների ժամանակ ժողովրդի ինքնապաշտպանության և պատժիչ գործողությունների կազմակերպում, Մեծ Եղեռնի ժամանակ շատ տեղերում ինքնապաշտպանության կազմակերպում։ Եվ, վերջապես, թեև 1918 թ. մայիսյան հերոսամարտերը համազգային բնույթ ունեին, բայց և այնպես կազմակերպական աշխատանքները դարձյալ ղեկավարում էր ՀՅԴ-ն։       

- Անդրադառնանք նաև 1-ի հանրապետության միջազգային ճանաչմանը. ինչպե՞ս ստացվեց, որ մեր անկախությունն առաջիններից մեկը ճանաչեց Թուրքիան՝ կնքելով 1918 թ. հունիսի 4-ի Բաթումի պայմանագիրը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

- 1918 թ. մարտի 3-ին կնքված Բրեստ-Լիտովսկի պայմանագրով բոլշևիկյան Ռուսաստանը դադարեց առաջին աշխարհամարտի պատերազմող կողմ լինելուց՝ դրանով առաջին մեծ հարվածը հասցնելով հենց Հայաստանին: Ակնհայտ էր, որ Անտանտի դաշնակից հայերը միայնակ էին մնացել թուրքական տանդեմի առջև: Սրան գումարվել էր նաև Հայաստանի չափազանց ծանր իրավիճակը՝ թուրքերի դեմ պատերազմը շարունակելու ռազմական անհնարինություն, սով, հիվանդություններ, հազարավոր գաղթականներ: Եվ հենց այս հանգամանքները օգտագործելով՝ Թուրքիան մեզ պարտադրեց Բաթումի պայմանագիրը՝ բավականին ծանր պայմաններով: Մյուս կողմից, սակայն, պետք է գիտակցել, որ հայերը թեկուզ փոքր տարածքում պետականություն կերտեցին: Հայ քաղաքական գործիչները շատ լավ հասկանում էին, որ աշխարհամարտը դեռևս ավարտված չէ, և Անտանտի երկրների հաջողությունները Թուրքիայի հնարավոր պարտության հեռանկար էին ստեղծում: Պետք էր լծվել պետականաշինության գործին, ուղղել մեջքը և պայքարել: 1918 թ. հոկտեմբերի 30-ին Մուդրոսի զինադարադարով առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտության ազդարարումը ցույց տվեց, որ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը չէին սխալվել:  

- Ինչպիս՞ն էին Հայաստանի առաջին Հանրապետության և հարևանների հետ հարաբերությունները։

- Հայաստանի Հանրապետության հարաբերությունները հարևանների հետ, բացառությամբ Իրանի, մեծապես պայմանավորված էր տարածքային-սահմանային խնդիրներով, որոնց կարգավորումը, ըստ հնարավորության, Հայաստանը փորձում էր իրականացնել քաղաքական բանակցությունների միջոցով: Հայ թուրքական հարաբերությունների հիմնական կնճիռը ցեղասպանության և հայրենազրկման իրողությունն էր և ընդգծված թշնամական կեցվածքը: Դա, ըստ էության, բացառում էր թուրքերի հետ պաշտոնական դիվանագիտական կապերի հաստատումը: 
Բավականին լարված էին հարաբերությունները Ադրբեջանի հետ, որոնք պայմանավորված էին չհայտարարված պատերազմական գործողություներով, սահմանային բախումներով, թուրք-թաթարական խռովություններով: Այս ամենի հիմնական պատճառը տարածքային-սահմանային վեճերն էին Արցախի, Սյունիքի, Նախիջևանի և այլ երկրամասերի պատկանելության շուրջ:
Հայաստանի անկախության հռչակումից հետո, չնայած պատմական բարեկամությանը, լարված էին նաև հայ-վրացական հարաբերությունները: Վրացիները հավակնություններ ներկայացրեցին հայկական Ախալքալաքի և Լոռի-Փամբակի տարածքների նկատմամբ: Դրա պատճառը դեռևս ցարիզմի ժամանակներում կատարված մեխանիկական բաժանումն էր: Հայկական երկու գավառներ` Լոռին ու Ախալքալաքը, մտցվել էին Թիֆլիսի նահանգի մեջ: Արդյունքը եղավ 1918 թ. դեկտեմբերի հայ-վրացական կարճատև պատերազմը, որն ավարտվեց հայերի փայլուն հաղթանակով: 1919 թ. հունվարի 17-ին կողմերի միջև կայացվեց համաձայնություն: Լոռին հայտարարվեց «չեզոք գոտի»: Հարաբերականորեն բարելավվեցին հայ-վրացական հարաբերությունները, վերաբացվեցին երկաթուղին, հաղորդակցության մյուս ուղիները: Հայաստանը ստացավ ապրանքների փոխադրման իրավունք և այլն:

- Ի վերջո, որո՞նք էին այն հիմնական պատճառները, որոնք հանգեցրին առաջին հանրապետության  անկմանը։

- Որպես պետականության կորստի հիմնական պատճառներ կարելի է առանձնացնել 1920 թ. թուրք-հայկական պատերազմը՝ իր բոլոր բացասական հետևանքներով, ամեն գնով Հայաստանը խորհրդայնացնելու Ռուսաստանի մոլուցքը, արտաքին քաղաքական մեկուսացումը: Այսպիսի պայմաններում Հայաստանի առաջին Հանրապետության հետագա գոյատևումը թերևս անհնարին էր:  

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը                                                                                                                                                                                                      

Generalnews.am